ԱԺ «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Էդգար Ղազարյանը համաձայն չէ, որ Նիկոլ Փաշինյանին հաջողվում է մեկուսացնել ընդդիմադիր գործիչներին։
«Չէ՛, դե հաջողելը ո՞րն է։ Իր նպատակը հո միայն սա չէ։ Իր նպատակը Ալիևի Սահմանադրությունն անցկացնելն է, Ալիևի պահանջը կատարելը։ Իր ձախողումների պատճառն է այս ամեն ինչը։ Եթե հաջողեր, Սահմանադրությունն անցկացրած կլիներ, Ալիևն էլ իրենից գոհ՝ միասին ժամանակ կանցկացնեին։ Բայց հենց տապալել է, որ գնում է այս քայլերին։ Սա իր հուսահատության ու պարտվողականության դրսևորումն է»,- այսօր լրագրողների հետ զրույցում ասաց Ղազարյանը։
Անդրադառնալով ընդդիմության անելիքներին՝ Ղազարյանն ասաց, որ կարծում է՝ դեռ նոր քաղաքական ուժեր կմիանան, քանի որ այդ հայտարարությունը վերաբերում է ոչ միայն կուսակցություններին, այլև հասարակական գործիչներին, այլ ուժերին.
Կարդացեք նաև
«Դա կբերի մեր հասարակության լայն կոնսոլիդացիայի, և դա տեղի է ունենում Սամվել Կարապետյանի շուրջ, որովհետև Սամվել Կարապետյանն էլ է տրամադրված այդ կոնսոլիդացիային։ Մենք մեր ողջ հասարակությունով ոտքի կկանգնենք ու կխափանենք Ալիևի շահերը սպասարկող Փաշինյանի գործողությունները»։
Անդրադառնալով Փաշինյանի հեգնանքին, թե ընդդիմությունը շաբաթ օրը ոտքի կանգնի, կիրակի հեղափոխություն կլինի, Ղազարյանն այսպես արձագանքեց. «Նիկոլ Փաշինյանին շատ ուշադրություն մի՛ դարձրեք։ Հատկապես, որ իր ասածները ցնդաբանություն են»։
Անդրադառնալով «Գելափ ինթերնեյշնլ»-ի հարցումների արդյունքներին, որոնց համաձայն՝ առաջիկա կիրակի արտահերթ ընտրություններ անցկացնելու դեպքում հարցվածների մոտ 24 տոկոսը կընտրեր ՔՊ-ին, սակայն ընդդիմությունն էլ բարձր ցուցանիշ չի գրանցել, Ղազարյանն ասաց, որ կարծում է՝ արտահերթ ընտրություններ չեն լինելու։ Նրա խոսքով՝ ամենախելամիտ տարբերակը կլինի, որ Նիկոլ Փաշինյանը հրաժարական տա, իսկ Ազգային ժողովն ընտրի նոր վարչապետ։
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ



















































