Լրահոս
Օրվա լրահոսը

«Հարսնաքարի» գործով ընթերականների ինքնությունը պարզվել էր. նրանք Գյումրիից էին

Օգոստոս 02,2013 19:30

Ավան եւ Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում դատավոր Դավիթ Հարությունյանի նախագահությամբ շարունակվեց «Հարսնաքար» ռեստորանային համալիրի աշխատակիցների դեմ հարուցված քրեական գործով հերթական դատական նիստը:
Ռազմական բժիշկ Վահե Ավետյանի մահվան, նրա ընկերների դեմ բռնությունների գործով տուժողների ներկայացուցիչ, փաստաբան Տիգրան Եգորյանը ներկայացրել էր մի շարք պահանջներ, այն է` միջնորդություններ, որի հրապարակմամբ էլ եւ կարճ առարկություններով էլ ավարտվեց նիստը:
Այդ միջնորդությունները միանշանակ չէին ընդունվում պաշտպանական կողմի փաստաբանների կողմից:
Մասնավորապես, երբ ներկայացվեց Տիգրան Եգորյանի պահանջը, այն է` Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանից պահանջել, որպեսզի նա կամավոր ներկայացնի իր հեռախոսային վերծանումները, ամբաստանյալ Արման Բաղդասարյանի պաշտպան Միհրան Պողոսյանը դիմեց հարցով. «Ինչո՞ւ, երբ դատարանում ցուցմունք տվեց Ռուբեն Հայրապետյանը, տուժող կողմը նման հարց չբարձրացրեց»:
Դատարանը հրապարակեց փորձաքննության ենթարկված համակարգիչների, դրանց պրոցեսորների հետ կապված եզրակացությունը:Ըստ այդ փորձաքննության եզրակացության. «Տեսաձայնագրություն պարունակող նյութեր` ֆայլեր են հայտնաբերվել», որոնց  կրիչները, սակայն պաշտպանական կողմը չուներ:Ու երբ պաշտպանական կողմն ակնարկեց այդ մասին, մեղադրողն ասաց, թե՝ «Դրանք կապ չունեն քրգործի հետ»:
Տուժողների ներկայացուցիչը միջնորդում էր անցկացնել դեպքի վայրի` «Հարսանաքար» ռեստորանային համալիրի  տեղազննություն:Այս հարցի դեմ էլ առարկելով, ամբաստանյալ Արման Բաղդասարյանի պաշտպանն ասաց. «Եթե դատարանը բավարարի այդ միջնորդությունը, այն պետք է կատարվի իմ պաշտպանյալի մասնակցությամբ»:
Տուժողի ներկայացուցչի մեկ այլ միջնորդություն վերաբերում էր ապացույցները գործի նյութերին կցելուն:Տուժող Արտակ Բայադյանը դատարանում հայտնել էր, թե դեպքի վայրում մնացել են իր կոշիկները, նրա վերնաշապիկը, ինչպես եւ հանգուցյալ Վահե Ավետյանի վերնաշապիկը չկար գործում: Միջնորդություն եղավ նաեւ կենսաբանական փորձաքննություն նշանակելու մասին, որով ըստ միջնորդությունը ներկայացնողի, թե ամբաստանյալների, թե տուժողների հագուստների մանրաթելերի միջոցով կպարզվեր իրար հետ շփման հետ կապված հարցերի պատասխանը:
Դատարանը հայտնեց, որ նախորդ հարցմանը, թե ընթերականներն ովքեր են եղել, ստացվել էր պատասխան, որ երկու ընթերականները` Հովհաննես Բարսեղյանն ու Արկադի Սեմյոնովը Գյումրիից են:
Տուժողի ներկայացուցիչը վկայակոչեց Կենտրոնական ընտրական հանձնաժողովի ցուցակները, համաձայն որի նման անձինք հաշվառված չեն եղել:
Այս հարցում  էլ ռեստորանային համալիրի մատուցող, ամբաստանյալ Դավիթ Ադամյանի պաշտպան Սերգեյ Մկրտչյանը առարկեց, ասելով` «Ընտրացուցակը հիմք չէ, անձը հաշվառված է, թե` ոչ»:
Ինչ վերաբերում էր դեպքի վայրի պահպանությանը, որը միտված էր ապացույցների պաշտպանությանը, դատավորը հարցրեց. «Ոնց եք պատկերացնում, չե՞ք կարծում, որ նախաքննության սահմանները կարող են խախտվել»:
Միջնորդությունները վերաբերում էին ռեստորանի, ՀՖՖ-ի տեսախցիկների առգրավմանը, նոր վկաներ հրավիրելուն, նոր փորձաքննություններ նշանակելուն, ռեստորանային համալիրի  աշխատանքային պայմանագրերի, հաշվապահական փաստաթղթերի տրամադրմանը:
Հաջորդ դատական նիստը նշանակվեց օգոստոսի 9-ին:

 

Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031