Լրահոս
Օրվա լրահոսը

Դատախազը բողոք է բերել վարորդին առեւանգած մետրոպոլիտենի ոստիկանների գործով

Օգոստոս 08,2013 12:41 Share

Չգիտես ինչու, պաշտոնատար անձանց, ոստիկանների, քննիչների, հրամանատարների դեմ հարուցված քրեական գործերով դատական քննություններն անցնում են արագացված ընթացակարգով: Հանրությունը տեղեկանում է այն ժամանակ, երբ բողոք է բերվում, մի բան, որը կանխատեսելի չպիտի լիներ արագացված ընթացակարգերով դատական քննության ժամանակ:Ահա դրանցից մեկը:

ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության մետրոպոլիտենի պահպանության բաժնի ոստիկան Գոռ Ա Պողոսյանը մեղավոր է ճանաչվել քրեական օրենսգրքի 133-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով նախատեսված հանցանքում և դատապարտվել է 3 տարի ժամկետով ազատազրկման: Քրեական օրենսգրքի 70-րդ հոդվածի կիրառմամբ, ամբաստանյալ Գոռ Պողոսյանի նկատմամբ պատիժը պայմանականորեն չի կիրառվել` սահմանվել է փորձաշրջան 1 տարի 6 ամիս ժամկետով: Կալանավորման այլընտրանքային խափանման միջոց գրավը` 800.000 ՀՀ դրամ թողնվել է անփոփոխ` մինչև դատավճռի օրինական ուժի մեջ մտնելը:

Երկրորդ ամբաստանյալը` ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության ՊՊԾ գնդի 3-րդ գումարտակի 1-ին դասակի ոստիկան Կարապես Մալխասյանը մեղավոր է ճանաչվել քրեական օրենսգրքի 133-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով նախատեսված հանցանքում և դատապարտվել է ազատազրկման 3 տարի ժամկետով:

Քրեական օրենսգրքի 70-րդ հոդվածի կիրառմամբ, Կարապետ Մալխասյանի նկատմամբ պատիժը պայմանականորեն չի կիրառվել, սահմանվել է փորձաշրջան 1 տարի 6 ամիս ժամկետով: Նրա խափանման միջոցը` չհեռանալու մասին ստորագրությունը թողնվել է անփոփոխ` մինչև դատավճռի օրինական ուժի մեջ մտնելը:
Մեր տեղեկություններով, մեղադրանքը պաշտպանող դատախազը` ՀՀ գլխավոր դատախազության ավագ դատախազ Ա.Նադոյանը բողոք է բերել եւ պահանջում է բեկանել Շենգավիթ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավճիռը: Դատախազը համաձայն չէ պատժաչափի հետ:

Տեղեկացնենք, որ ըստ գործի նյութերի, ՀՀ ոստիկանության ՔԳՎ Երևան քաղաքի քննչական վարչության Էրեբունու քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ`այս տարվա փետրվարի 6-ին ` Գառնիկ Թովմասյանին առևանգելու դեպքի առթիվ:
Գործն ուղարկվել է ՀՀ հատուկ քննչական ծառայություն և փետրվարի 14-ին ընդունվել է վարույթ:
Գոռ Պողոսյանը տեղեկանալով, որ հորը` Աղասի Պողոսյանին պատկանող «Չարբախ» տաքսի ծառայության վարորդ Գառնիկ Թովմասյանը նրան ամրակցված «ՎԱԶ 21-07» մակնիշի «02-24» պետհամարանիշի ավտոմեքենայով ենթարկվել է վթարի, կանչել է հիշյալ տաքսի ծառայության` Երևանի Ներքին Չարբախ թաղամասի 5-րդ փողոցի թիվ 1 հասցեում գտնվող գրասենյակ: Պարզվել է, որ ավտոմեքենայի վերանորոգման համար անհրաժեշտ է 80.000 ՀՀ դրամ: Գոռ Պողոսյանն ու նրա ընկերը` Կարապետ Մալխասյանը Գառնիկ Թովմասյանից պահանջել են հատուցել գույքային վնասը: Վերջինս հրաժարվել է` պատճառաբանելով, որ վթարն իր մեղքով չի կատարվել:

Գոռ Պողոսյանն ու Կարապետ Մալխասյանը Գառնիկ Թովմասյանին մոտ հինգ ժամ ապօրինի պահել են գրասենյակի սենյակներից մեկում, դուռը վրան փակել և փաստացի զրկել են ազատ տեղաշարժվելու հնարավորությունից: Դրանով չբավարարվելով, Կարապետ Մալխասյանն ու Գոռ Պողոսյանը վարորդին «Մերսեդես» մակնիշի «32 PS 681» պետհամարանիշի ավտոմեքենայով նրա կամքին հակառակ տեղափոխել և պահել են Կարապետ Մալխասյանի Ներքին Չարբախի 126 հասցեում գտնվող ամառանոցում: Այդ ընթացքում վարորդի առողջության համար ոչ վտանգավոր բռնություն գործադրելով` պահանջել են վերոհիշյալ գումարը:

Ոստիկանները բաց են թողել վարորդին, երբ նա խոստացել է հատուցել վնասը:

Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031