Լրահոս
Տատիս բաժակը
Օրվա լրահոսը

Րաֆֆի Հովհաննիսյան. «Ես այդ հարցի պատասխանը չունեմ, մեկ-մեկ մտատանջվում եմ գիշերները» (Տեսանյութ)

Օգոստոս 23,2013 22:39

Եթե դուք բախումների դեմ եք, ենթադրենք, ձեր հրավիրած բոլոր քաղաքական ուժերը լինեն այս հարթակում, առանց բախումների ինչպե՞ս է հնարավոր հասնել իշխանափոխության: Aravot.am-ն այսօր այս հարցն ուղղեց «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանին:

Նա հանրահավաքում կոչ էր արել ոչ իշխանական ուժերին միանալ իրեն այդ հարթակում, եւ խոստացել էր, որ մինչեւ սեպտեմբերի 23-ը Հայաստանում վիճակ է փոխվելու:

Րաֆֆի Հովհաննիսյանը պատասխանեց. «Բոլոր դեպքերում ես եւ իմ ընտանիքը, իմ ընկերները կլինենք առաջին գծում՝ ինչպես ապրիլի 9-ին Արմենուհին, Կարինը, մեր բոլոր գործընկերները մեզ հետ էին եւ զգետնեցին մեզ ոստիկանները: Մենք էինք, որ ընկանք, ընկանք, բայց չծնկեցինք: Եթե բիրտ ուժ է, պարզ է, որ մենք կկանգնենք այդ ուժի դեմ: Բայց ես նաեւ հավատացած եմ, որ նույն իրավապահ ուժերի մոտ, զինվորների, ոստիկանների մոտ կան բարեխիղճ մարդիկ: Իրենք եւս պետք է այն համոզման գան, որ փրկության ճակատը հիմա է: Եթե իրենք ձեռք բարձրացրեցին՝ երիտասարդների, իմ կուսակիցների եւ իմ ընտանիքի հետ կկանգնեմ, այդ ուժի դիմաց: Բայց ես ինքս ձեռք չեմ բարձրացնի»:

Մեր հարցին՝ դա արտագաղթի նոր ալիք չի՞ բարձրացնի, եթե այսպես «տաքանա» ժողովուրդը, ոգեւորվի եւ հերթական հիասթափությունն ապրի՝ Րաֆֆի Հովհաննիսյանը պատասխանեց. «Ես այդ հարցի պատասխանը չունեմ, մեկ-մեկ մտատանջվում եմ գիշերները, թե արդյոք եթե ես թեկնածություն դրած չլինեի 6 ամիս առաջ եւ այդ հուսավառությունը չլիներ, ավելի լա՞վ կլիներ արդյոք: Ես կարծում եմ, որ՝ ոչ: Ամենեւին ինձ հեղինակային իրավունք չեմ վերապահում, դա իմ տեսակը չի, բայց ես կարծում եմ, որ պայքարը, որն ընթանում է 20 տարի ժողովրդավարական, իրավական, ազգային Հայաստանի համար, դրանք հերթափոխով շարունակվում են: Համարում եմ, որ այսօրվա պայքարները՝ ազատամարտիկ, երիտասարդներ, դրանք նաեւ կապ ունեն փետրվարի 18-ի հետ: Հիմա ես եկել եմ իրենց հերթափոխին: Այո, ցավում եմ արտագաղթի համար: Ցավում եմ, որ հուսավառություն կար եւ այդ լուծումը չեղավ 1 օրվա մեջ: Ես գտնում եմ՝ քաղաքացիական զանգվածը չէր հերիքում, եւ ես գործադիր որոշում կայացրի, որ պատրաստ չէին զոհ դառնալ: Բայց եթե քաղաքացիական զանգվածն այս տարի հերիքի, ես կարծում եմ, որ նվազագույն կորուստներով մենք կունենաք նոր վիճակ եւ նոր երկիր: Ի վերջո ճիշտը ընտրություններին մասնակցելն էր: Եթե եղավ ինչ-որ հիասթափություն, անհասկացություն՝ թողնել մեր ժողովուրդն անհույս, վախկոտ, ստվերի մեջ՝ գլուխը կախ, պատի տակ խոսող իրավիճակում՝ սխալ էր:»:

Րաֆֆի Հովհաննիսյանը վստահեցրեց, որ այն ինչ եղավ, միայն իր մեղքը չէ, մեղքն է Սերժ Սարգսյանի, ՀՀԿ-ի, ստեղծված համակարգի, որը պետք է փոխվի. «Եթե գլոբալ ճշմարտության չհասնենք, եթե թողնենք, որ կեղծիքի վրա թագավորեն, ես այդտեղ ընդունում եմ իմ մեղքը, բայց պատրաստ չեմ իմ պարտականությունը վար դնել: Դրա համար կոչ եմ անում՝ նոր եղանակ է: Արցախյան ազատամարտի ժամանակ ես այսպես վիդեոապարատով նկարում էի Ղարաբաղ կոմիտեի անդամներին, հետո եղավ հարթակ, հետո՝ վերեւ: Սա շարունակվող ազգային պայքար է»:

Խոսելով ժողովրդի՝ իր ստեղծած շարժումից հիասթափության մասին՝ նա ասաց. «Ես վստահություն չեմ հայցում: Սա երկարատեւ պայքար է, մի հոգով չի լինում: Հասկանում եմ, որ մարդիկ կան, ովքեր ակնկալիք ունեին, ուզում էին մեկ անգամից ամեն ինչ: Մենք, որպես քաղաքացիական զանգված պատրաստ չէինք անարյուն այդ գործը կատարելու: Ես գործադիր որոշում կայացրի, որ արյուն չթափվի եւ քաղաքացիական այդ զանգվածին, մեր ընտանիքի ռիսկի տակ, կորուսյալ զավակ ունենալու հավանականության տակ չդնեմ: Բայց դա չի նշանակում, որ պայքարը չի շարունակվում»:

Լրագրողների հարցին՝ դուք ժամկետ եք ասել, եթե 1 ամսվա մեջ չստացվի եւ քաղաքական ուժերը չգան, չմիավորվեն, հաջորդ քայլը ո՞րն է լինելու՝ նա պատասխանեց. «Ես ասացի 1 ամիս կամ այս եղանակի ընթացքում: Այս եղանակը պետք է փոխի երկիրը: Կարծում եմ, եթե այսպես շարունակենք, իսկապես մեղավոր կլինեն ոչ միայն ընտրություն կեղծող, գողացող իշխանությունը, իշխող կուսակցությունը, այլ մեղավոր կլինենք բոլորս: Մեր ձեռքի մեջ է դա: Մեր անկյուններից դուրս պիտի գանք: Կարող է իրար չհավանենք, կարող է անցյալում խնդիրներ ունեցած լինենք իրար հետ, կարող է մարտավարության տարբերություններ ունենք, ես նրանց հետ, իրենք՝ ինձ հետ, բայց եթե հաղթահարենք, այդ հաղթանակը տեսանելի է, շոշափելի է, ես պատկերացնում եմ այդ հաղթանակը: Ուզում եմ, որ բոլորը հասկանան, որ փոքր հարակից պայքարները պիտի բերենք հրապարակ»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031