«Խորհրդարանի համար նվաստացուցիչ է, որ պատմական կարևորագույն ընտրությունից խորհրդարանը անմասն է մնացել։ Մենք իրավունք չունենք լռելյայն ընդունել այդ որոշումը։ Այդ ճակատագրական հարցին պետք է հրատապ անդրադառնալ և օրակարգային հարց դարձնել ստեղծված իրավիճակը»,- խորհրդարանի հինգերորդ գումարման չորրորդ նստաշրջանի առաջին նիստի մեկնարկին հայտարարեց «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանը: Ըստ նրա, ԱԺ քառօրյայում ընդգրկված հարցերն ածանցյալ են այն իրավիճակին, որում հայտնվել է Հայաստանը:
«Նախագահի իրավասությունն է՝ որոշում կայացնելու, իսկ ԱԺ-ն կքննարկի, երբ ժամանակը գա։ Մաքսային միություն մտնելու համար դեռ երկար աշխատանքներ պետք է իրականացվեն, պետք է հստակեցվեն ՀՀ շահերը, և միայն դրանից հետո ԱԺ-ն հնարավորություն կունենա քննարկել և հայտնել իր տեսակետը»,- մեկ անգամ էլ Հակոբյանին հակադարձեց ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը՝ հայտարարելով․ «Ես պատրաստ եմ, բայեվոյ գատովնոստ, նոմեր օդին»։
ԱԺ պատգամավոր Ալեքսանդր Արզումանյանը նշեց, որ Մաքսային միություն մտնելու որոշումը մեր ճակատագրի հարցն է, որը վտանգում է ՀՀ սահմանադրության առաջին կետը։ «Սերժ Սարգսյանն ընդամենն իր կարծիքն է հայտնել։ Մենք կուզեինք, որ մեզ էլ համոզեին, դրանից հետո հայ ժողովուրդը մանդատ կտար ՀՀ նախագահին կամ ՀՀ վարչապետին՝ բանակցություններ վարելու Մաքսային միություն մտնելու վերաբերյալ»,- ասաց նա։
«Ո՞ր օրենքի համաձայն՝ ՀՀ նախագահը պետք է համաձայնեցնի իր որոշումներն ԱԺ պատգամավորների հետ, դա ՀՀ նախագահի և ԱԳՆ-ի խնդիրն է»,- արդեն զայրացավ ԱԺ նախագահը։
Կարդացեք նաև
Նիկոլ Փաշինյանը կրկին խոսեց․«Ինչո՞ւ էր Սերժ Սարգսյանը չորս տարի բանակցում Եվրամիության հետ և արդյոք միայն Մոսկվայո՞ւմ նա գլխի ընկավ, որ դա հակասում է ՀՀ շահերին»։ Հովիկ Աբրահամյանն այլևս չպատասխանեց։
ԱԺ նախագահը քննարկման վերջում միայն հայտարարեց․«Իշխանության որևէ ներկայացուցիչ չի ասել, որ Հայաստանը չի ստորագրելու Ասոցացման համաձայնագիրը, հակառակը՝ մենք ասել ենք, որ շարունակելու ենք բանակցությունները ԵՄ-ի հետ՝ հասնելու համաձայնագրի նախաստորագրմանը»։
Ալեքսանդր Արզումանյանը նույնիսկ պատկերավոր համեմատություն արեց` նկատելով, որ համաձայնագիրը ստորագրվում է երկուստեք ու թեեւ եվրոպացի պաշտոնյաներն արդեն քանիցս հայտարարեցին, որ չեն պատրաստվում Հայաստանի հետ ստորագրել ԵՄ Ասոցացման համաձայնագիրը, ՀՀ իշխանավորները շարունակում են պնդել, թե ՀՀ-ի եվրաինտեգրումն ու Մաքսային միությանն անդամակցելը փոխլրացնում են միմյանց. «Դա նույնն է, որ հարսին տվել են ուրիշի, բայց դու ասում ես` մեկ է, ամուսնանալու եմ հետը»:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ
Տեսանյութը՝ a1plusnews-ի


















































