Լրահոս
Օրվա լրահոսը

Սեյրան Օհանյան. «Դեմ ենք պարտադրված միակողմանի զիջումներին»

Սեպտեմբեր 18,2013 18:07

«Հայաստանի Հանրապետությունը բավականին դժվար տարածաշրջանային դիրքում է գտնվում, եւ մեր «բախտը բերել է» հարեւանների առումով, եւ այդ առումով անվտանգության խնդիրների իրականացումը միայնակ մեզ համար դժվար է: Եթե մենք մեր արեւելյան հարեւանի հետ անվտանգությունը պահելու առումով խնդիր չունենք՝ ուժերի հավասարակշռությունը միշտ պահում ենք, պահել ենք, ապա որոշակի խնդիր ունենք արեւմտյան հարեւանի՝ Թուրքիայի հետ: Եվ այն համագործակցությունը, որն իրականացնում ենք ՌԴ-ի հետ եւ ՀԱՊԿ-ի  շրջանակներում՝ հենց Թուրքիայի հանրապետության հետ է կապված: Շեշտում եմ՝ առավելապես Թուրքիայի հետ, որովհետեւ մյուս կողմում մենք խնդիր չունենք»,-այսօր, խոսելով ՀՀ-ի անվտանգության խնդիրներից՝ ԵՊՀ-ում ասաց ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը:

Ի դեպ, վերջում էլ, պատասխանելով Մաքսային միությանը միանալու մասին հարցին, նա նորից կրկնեց ՀԱՊԿ-ի շրջանակներում եւ ՌԴ-ի հետ Հայաստանի ունեցած անվտանգության համակարգի փոխգործակցության մասին՝ նկատելով, որ եթե մի շրջանակի հետ անվտանգության համակարգ է ձեւավորված, տրամաբանական է նույն շրջանակում էլ տնտեսական համագործակցությունը:

Պարոն Օհանյանը, խոսելով տարբեր երկրների եւ կազմակերպությունների հետ Ադրբեջանի եւ Հայաստանի ռազմական համագործակցության մասին, ասաց, որ ռազմական համագործակցությունը տարածաշրջանի երկրների հետ ավելի վերահսկելի եւ ավելի թափանցիկ է դարձնում տվյալ երկրի ուժային համակարգը:

Նա անդրադարձավ նաեւ Հայաստանի հակաօդային պաշտպանությանը, ասելով, որ դա ամենակարեւոր ուղղություններից է եղել վերջին տարիներին, ունենք տարբեր միջոցներ, որոնք տարբեր բարձրություններից կարողանում են վերահսկել հակառակորդի շարժը եւ նաեւ տարբեր հեռավորությունների վրա՝ խոցել. «Մենք ունենք օդային տարածքների պաշտպանությանն ուղղված համակարգեր, որոնցից՝ քանակային առումով տարածաշրջանում ոչ մի երկիր այդքան չունի»:

Երբ հարց հնչեց ազատագրված տարածքների եւ Ադրբեջանի տարածքային ամբողջականության մասին, պարոն նախարարն ասաց. «Տարածքային ամբողջականություն ասելով՝ ԼՂՀ ազատագրված տարածքները ոչ մի կապ չունեն Ադրբեջանի հանրապետության տարածքային ամբողջականության հետ: Եվ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության մասին, պետք է հասկանանք, որ ազատագրված տարածքները պատմական Ղարաբաղի մի մասն են կազմում»:

Շարունակելով խոսքը՝ նա հավելեց, որ մենք չենք ուզում եւ թույլ չենք տա երկրորդ անգամ հայտնվել պարտադրված իրավիճակում, նկատելով, որ

առաջին անգամ նման վիճակում հայտնվել ենք, երբ մեզ պարտադրվել է պատերազմ, որում ունեցանք հաջողություն, ստեղծելով անվտանգության գոտի՝ Ղարաբաղի բնակչության համար: Երկրորդ պարտադրված վիճակն այն է, երբ մեզ ստիպում են գնալ միակողմանի զիջումների՝ ուժի, սպառազինության քանակային առավելության առումով, սակայն դա անընդունելի է. «Հարցը կարելի է լուծել միայն երկկողմանի եւ փոխադարձ զիջումների գնով»:

 

Մելանյա ԲԱՐՍԵՂՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30