ՀՀ Նախագահ
պարոն Ս. Ա. ՍԱՐԳՍՅԱՆԻՆ
Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի (Պոլիտեխնիկ)
մի խումբ աշխատակիցների կողմից (կցված են 252 ստորագրություններ)
Մեծարգո պարոն Նախագահ
Մենք՝ ՀՊՃՀ-ի կոլեկտիվի մի խումբ անդամներս, դիմում ենք Ձեզ մեր համալսարանի առջև այս վերջին մեկ տարվա ընթացքում ծառացած հիմնարար խնդիրներով պայմանավորված: Պոլիտեխնիկը, որպես կրթօջախ, կանգնած է քայքայման շեմին, ինչը հետևանք է ԲՈՒՀ-ը կազմավորող հիմնական գործառույթներում (ուսումնական պրոցես, դասախոսների աշխատանքի գնահատում ու վարձատրում, ուսման մեթոդաբանություն) ռեկտոր Արա Ավետիսյանի կողմից իրականացվող «նորամուծություններով»: Ռեկտոր Ավետիսյանի այդ քայլերի արդյունքում համալսարանում ստեղծվել է ճգնաժամային իրավիճակ.
• աշխատավարձի չափի զգալի նվազում,
• ուսումնական բեռնվածքի էական աճ:
Աշխատանքի ծավալի աճից բացի, տեղի է ունեցել նաև ուսումնական բեռնվածքի ըստ բաղադրիչների կառուցվածքի դեֆորմացում, ինչի հետևանքով տեղի է ունեցել
• ուսման որակի անկում:
Կարդացեք նաև
Ուսման որակի անխուսափելիորեն անկման է հանգեցնում նաև ուսումնական պրոցեսի մեծ հոսքերով, խմբերով և ենթախմբերով կազմակերպման նոր ձևը:
Շուրջ 200 հոգու ստորագրության հիման վրա հոկտեմբերի 10-ին հրավիրված ՀՊՃՀ-ի արհմիության ժողովում կոլեկտիվռեկտոր երկխոսություն տեղի չունեցավ. ռեկտոր Ավետիսյանը լքեց ժողովը, չսպասելով վերջինիս փաստացի ավարտին, չառաջարկելով կոլեկտիվին ծագած խնդիրների լուծման համար որևէ մոտեցում:
Ռեկտոր Ավետիսյանը չօգտագործեց կոլեկտիվռեկտոր երկխոսության ևս մեկ հնարավորություն. Պոլիտեխնիկ-80 միջոցառումների շարքը նա վեր ածեց շոուի, միտված տպավորություն ստեղծելու, թե մեր ԲՈՒՀ-ում այլևս հակասություններ չկան: Իրականությունը աղավաղող իր նմանատիպ քայլերով ռեկտորը չափազանց վատացրել է կոլեկտիվի ներսում տիրող բարոյահոգեբանական մթնոլորտը: Հիմնվելով վերը ասվածի վրա՝ խնդրում ենք Ձեզ դիտարկել
Արա Ավետիսյանի ՀՊՃՀ-ի ռեկտորի պաշտոնում աշխատելու նպատակահարմարությունը:
Մենք ողջունում ենք դասախոսների աշխատավարձի չափերի վերականգնման վերաբերյալ Ձեր որոշումը: Այնուհանդերձ, Պոլիտեխնիկի առջև ռեկտոր Ավետիսյանի ղեկավարման արդյունքում ծառացած խնդրի լուծումը պահանջում է համակարգված և ամբողջական մոտեցում: Եթե համալսարանը չմատուցի որակյալ կրթական ծառայություններ, ապա նա շատ արագ կկորցնի իր ուսանողական համակազմը և, հետևաբար, կլինի դատապարտված փակման: Դասախոսի աշխատավարձը ձևավորվում է ուսումնական բեռի, խմբերում ուսանողների թվի հիման վրա: Հետևաբար, միայն աշխատավարձի բարձրացմամբ խնդիրը չի լուծվում, ուսման պրոցեսը դրանից չի բարելավվի և աստիճանաբար կսկսի ձեռք բերել իմիտացիոն բնույթ: Մենք պարտավոր ենք Պոլիտեխնիկի վարկանիշի աննախադեպ անկման մասին տեղյակ պահելու մեր երկրի ղեկավարին:
Խնդրում ենք Ձեզ նաև կարգադրել իրականացնել աուդիտ՝ մեր համալսարանի ֆինանսատնտեսական վիճակի վերաբերյալ պատկերացում կազմելու համար:


















































