Լրահոս
Օրվա լրահոսը

Գալուստ Սահակյան. «Ինչի՞ ես Սասունցի Դավիթն եմ, ով եմ, որ բոլորին կարողանամ ասեմ»

Նոյեմբեր 15,2013 13:43

Այսօր խորհրդարանական ճեպազրույցներում ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը՝ մեկնաբանելով մամուլում հրապարակված այն լուրերը, թե ՀՀԿ-ն բոյկոտեց արտահերթ նիստը, որպեսզի մասնակցի պատգամավոր Վարդան Այվազյանի դստեր հարսանիքին, ասաց. «Ախմախություն, հարսանիքներն առավոտյան չեն լինում»:

Նա նշեց, որ ՀՀԿ-ն դրական էր տրամադրված կենսաթոշակային պարտադիր կուտակային համակարգի վերաբերյալ ԱԺ արտահերթ նիստին, որի անցկացումը նախաձեռնել էր խորհրդարանական ընդդիմությունը, սակայն. «Քննարկումների ժամանակ խոսքը վերաբերում էր կուտակային կենսաթոշակի կիրառման ժամկետը երկարաձգելուն, նորմը նոր էր, հարցադրումը նոր, մենք դրական էինք տրամադրված: Հետագայում պարզ դարձավ, որ ցանկանում են բովանդակային քննարկում իրականացնել: Մենք տասը տարի այդ հարցը քննարկում ենք, բովանդակային առումով մենք մեր կարծիքն ասել էինք, այդ պատճառով չներկայացանք նիստին: Օրենքն արդեն ուժի մեջ է մտնում, բայց նորից սկսենք սկզբից քննարկել որ ի՞նչ»:

ՀՀԿ խմբակցության ղեկավարն ասաց, ՀՀԿ-ական պատգամավորների կամքի վրա չեն բռնացել, ասել են, որ նրանք ազատ են որոշման մեջ՝ ով ուզում է, թող մասնակցի արտահերթ նիստին:

Լրագրողներից մեկի տարակուսանքին էլ այսպես պատասխանեց. «Դա միանձնյա որոշում չի, 70 պատգամավորը եղավ միանձնյա, ինչի՞ ես Սասունցի Դավիթն եմ, ով եմ, որ բոլորին կարողանամ ասեմ»:

Գալուստ Սահակյանը նաև խորհրդարանական ընդդիմությանը կոչ արեց մեծ-մեծ հայտարարություններ չանել. «Եթե փոքրամասնություն են, փոքր-փոքր պետք է խոսեն ու փոքր-փոքր պայքարեն»:

Լրագրողներից մեկի դիտարկմանն էլ, արտահերթի տապալումն արդյոք պայմանավորված էր երեկ բյուջետային քննարկումների ժամանակ ընդդիմության հնչեցրած քննադատություններով, ՀՀԿ խմբակցության ղեկավարն ասաց. «Նրանց քննադատության արժեքն ու ուժն ի՞նչ ա, որ մի հատ էլ հակահարված տանք»:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930