Լրահոս
Օրվա լրահոսը

Ռուբեն Հայրապետյանի ֆուտբոլի ակադեմիայում ապրելու հանգամանքի մասին վկաները ոչինչ չեն ասել

Նոյեմբեր 18,2013 21:25

Անցյալ տարվա հունիսի  17-ին «Հարսնաքար» ռեստորանային համալիրում ծեծի ենթարկվեցին Գարիկ Սողոմոնյանը, Արտակ Բայադյանը, Էդգար Նիկոյանը, Արկադի Աղաջանյանը,  Վահե Ավետյանն էլ, ծեծի հետեւանքով գիտակցության չգալով, տասներեք օր հետո մահացավ:

Նրանց ծեծի ենթարկելու, առողջությանը դիտավորությամբ ծանր վնասվածք հասցնելու դեպքի առթիվ հաջորդ օրը հարուցվել է քրեական գործ, քրեական օրենսգրքի 112 հոդվածի առաջին մասով: Մեկ տարի է, ինչ գործը դատարանում է, եւ այսօր Ավան եւ Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում դատական վիճաբանությունների փուլում տուժողների ներկայացուցիչ Տիգրան Եգորյանը միջնորդեց, որպեսզի որակվի կատարված հանցագործությունը, նոր մեղադրանք առաջադրվի ՀՀ քրեական օրենսգրքի 104 հոդվածի 5-րդ, 7-րդ, 10-րդ հոդվածների հատկանիշերով, որը նախատեսում է մինչեւ քսան տարվա ազատազրկում, անգամ` ցմահ ազատազրկում:

IMG_1861

Տուժողների ներկայացուցիչ, ՀՀ փաստաբանների պալատի անդամ  Տիգրան Եգորյանն անդրադարձավ նախաքննության եւ դատաքննության ժամանակ  տեղ գտած թերություններին, տուժողի իրավահաջորդի, տուժողների իրավունքների խախտումներին, այս գործով կյանքի իրավունքի խախտման եւ պետության պոզիտիվ պարտականությունների, պետական մարմինների, նրանց լիազորությունների չկատարման հարցերին:

«Թե վարույթն իրականացնող մարմինը, թե տարբեր պաշտոնատար անձինք ջանք չեն խնայել հիմնավորելու այն հանգամանքը, որ տեղի ունեցածի հետ որեւէ կապ չունի Ռուբեն Հայրապետյանը, եւ նա դատապարտում է տեղի ունեցածը»,-ասաց Տ.Եգորյանը:

Ըստ նրա «մեկ գավաթ սուրճի շուրջ իրականացված բազմաթիվ հարցաքննությունները» բովանդակային առումով էական տեղեկություններ չեն հաղորդել:

Տիգրան Եգորյանի գնահատմամբ, քննիչները ջանասիրություն չեն ցուցաբերել պարզելու, թե դեպքի օրը որտեղ է գտնվել Ռուբեն Հայրապետյանը` ռեստորանային համալիրի սեփականատերը, ով է հրահանգել, ով է տեղյակ եղել համալիրի աշխատակիցների եւ հաճախորդների միջեւ ծագած վեճին,  դատավարական բոլոր անհրաժեշտ, հնարավոր միջոցառումների բացակայությանը, հավելյալ փաստեր ձեռք չեն բերվել:

Տուժողների ներկայացուցիչը քննադատեց դատախազական վերահսկողության բացակայությանը:

Եգորյանը գագաթնակետ համարեց այն, որ մեղադրողն առարկել է դատական քննության ժամանակ տուժողների կողմից ապացույց ճանաչելու եւ գործին կցելու միջնորդության մերժումը, ինչը տանում էր նախաքննության սահմանափակմանը:
Տիգրան Եգորյանն ուշադրություն հրավիրեց ապացույցներում առկա հակասություններին, հայտնեց, որ ռեստորանի անվտանգության աշխատակիցները եղել են տասնհինգ հոգու սահմաններում, իսկ «քննչական խումբն էլ պատշաճ ջանասիրություն չի գործադրել, բոլոր անձանց բացահայտելու ուղղությամբ»:
Իր ճառում Տ.Եգորյանն ասաց, որ նախաքննության ավարտին, թե դատաքննության ժամանակ հանդես են եկել բազմաթիվ միջնորդություններով, բողոքարկել են վերահսկող դատախազի մերժումները,, սակայն դրանք ապարդյուն են եղել:
Ի դեպ, հիշեցնենք, որ տուժողները միջնորդել էին առգրավվել ռեստորանային համալիրի անձնակազմին վերաբերող բոլոր փաստաթղթերը, հարկային մարմիններից պահանջելով ֆուտբոլի ազգային ակադեմիայում գրանցված աշխատակիցների վերաբերյալ առկա տվյալները, նշանակել դատաձեռագրաբանական, փաստաթղթաբանական փորձաքննություններ:
Փաստաբան ներկայացուցիչն անդրադարձավ քննիչի այն հարցին, որը տվել էր ամբաստանյալ Գարիկ Մարգարյանին, թե որեւէ մեկը ձեզ հանձնարարություն տվե՞լ է նրանց ծեծի ենթարկելու համար, Ռուբեն Հայրապետյանը որտեղ է եղել, ինչին չի պատասխանել Գարիկը:

Իր ճառում Տ.Եգորյանը հայտնեց, որ Հայրապետյանի հեռախոսը թե դեպքի ժամանակ, թե դրանից հետո գտնվել է Աճառյան փողոցը սպասարկող բջջային հեռախոսակապի ալեհավաքների սպասարկման տիրույթում:

Այդ տարածքում է գտնվում թե ռեստորանը, թե ֆուտբոլի ազգային ակադեմիան:
Փաստաբանը հղում արեց, որ Ռուբեն Հայրապետյանը հակասական տեղեկություններ է տվել, որ չի գտնվել ռեստորանային համալիրում, այլ`գտնվել է ֆուտբոլի ակադեմիայում:

Սեդա Մավյանի հարցազրույցում, որը կցվեց սույն քրեական գործին եւ ճանաչվեց ապացույց, Ռուբեն Հայրապետյանն, ըստ Տ.Եգորյանի, մոռացել է ֆուտբոլի ակադեմիայում իր գտնվելու պատճառը, ասելով հետեւյալը. «Գտնվել է ակադեմիայում, քանի որ իր տունը վերանորոգվում է, իր ընտանիքի հետ ժամանակավոր բնակություն է հաստատել ֆուտբոլի ակադեմիայում` հյուրանոցում: Դեպքի վայրից մի քանի մետր այն կողմ»:

Լրագրողի հաջորդ հարցին, թե դեպքի մասին ինչպես իմացաք, Ռուբեն Հայրապետյանն ասել էր. «Տնօրենն ինձ ասաց, այդ օրը ռեստորանն էր աշխատում, երկու տեղ հարսանիք կար»:

Տնօրեն Արթուր Մանուկյանն ու Մամիկոն Հարությունյանը Ռուբեն Հայրապետյանի ֆուտբոլի ակադեմիայում ապրելու հանգամանքի մասին ոչ նախաքննության, ոչ դատաքննության ժամանակ ոչինչ չեն ասել:

Նրանք դատարանում ասացին, ու այդ օրը ՀՖՖ նախագահը ֆեդերացիա է եկել ժամը 8-ին:

Տուժողների ներկայացուցչի ճառի համաձայն,Ռուբեն Հայրապետյանը տեղյակ է եղել դեպքի մանրամասներին, գտնվել է «Հարսնաքարում»:
Տուժողների ներկայացուցիչն ասաց, որ ամբաստանյալները ծեծի պահով ընդունել են իրենց կատարած հանցանքը. «անսպասելի խղճի խայթի արթնացումը» ընդունում են մասնակի`տուժողներին ծեծի ենթարկելու դրվագով:

Դատական վիճաբանությունների փուլը շարունակվում է, ամբաստանյալների պաշտպանական ճառերը կսկսվեն դեկտեմբերի 9-ից:

 

Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930