«Համաձայն ՀՀ Սահմանադրության՝ մարդու իրավունքները բարձրագույն արժեք են: Այդ արժեքի ապահովմանն է նպատակաուղղված ՀՀ Ազգային ժողովի ողջ գործունեությունը: Իսկ զինված ուժերում մարդու իրավունքների ապահովումը ոչ միայն մեր երկրի կողմից միջազգայնորեն ստանձնած պարտավորություն է, այլև, առաջին հերթին, իրավական և բարոյական պարտականություն, որի լիարժեք կատարումը անմիջականորեն բխում է Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության շահերից: Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովը ակտիվորեն փոխգործակցում է քաղաքացիական հասարակության հետ: Այդ արվում է մեկ նպատակով՝ էլ ավելի արդյունավետ դարձնել Ազգային ժողովի գործունեությունը հանուն երկրի առաջընթացի»,- այսօր հայտարարեց ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը`ՀՀ ԱԺ Պաշտպանության, ազգային անվտանգության և ներքին գործերի հանձնաժողովի և Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի հանձնաժողովի` «Մարդու իրավունքները զինված ուժերում», թեմայով համատեղ խորհրդարանական լսումների ժամանակ:
ՀՀ զինված ուժերում մարդու իրավունքների վիճակի շարունակական բարելավումը և պաշտպանական ներուժը արհեստավարժության, կարգապահության, թափանցիկության և վերահսկելիության արդիական չափանիշներին համապատասխանեցնելը ԱԺ նախագահը համարում է խորհրդարանի գործունեության գերակա ուղղություն:
Նա վստահեցրեց, որ Հայաստանի Ազգային ժողովը շարունակելու է իր ակտիվ մասնակցությունն ունենալ զինված ուժեր-հասարակություն փոխադարձ կապի ամրապնդման գործում, ինչը կապահովի զինված ուժերի թափանցիկության և քաղաքացիական վերահսկողության անհրաժեշտ մակարդակը. «Ազգային ժողովի ղեկավարության, պատգամավորների պարբերական այցերը զորամասեր, զինվորական հաստատություններ, հանդիպումներն ու զրույցները զինծառայողների և հրամանատարների հետ նույնպես դրական ազդեցություն են ունենում զինված ուժերում մարդու իրավունքների ապահովման և, ընդհանուր առմամբ, զինվորների բարոյահոգեբանական մթնոլորտի բարելավման հարցում»:
Ի դեպ, այսօրվա լսումների անցկացմանն աջակցություն են ցուցաբերել ԵԱՀԿ երևանյան գրասենյակը և Զինված ուժերի ժողովրդավարական վերահսկողության Ժնևի կենտրոնը:
Կարդացեք նաև
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ


















































