Լրահոս
Օրվա լրահոսը

«Թուրքական քաղաքականությունը բլեֆ է»

Դեկտեմբեր 12,2013 15:09 Share

Ասում է ԱԺ փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովը

«Դավութօղլուն շանս դեռ ունի, եթե շատ է ցանկանում՝ այսօր մի քանի քայլեր պետք է անի, եթե, իհարկե, թուրքական քաղաքականությունը բլեֆ չէ: Այսօր նա պետք է ապացուցի՝ գալիս է այստեղ իրական նպատակներով: Թե՞ սա թուրքական դիվանագիտության հերթական բլեֆն է: Ես կարծում եմ, որ սա բլեֆ է, բայց Դավութօղլուն հնարավորություն ունի այսօր հակառակն ապացուցել միջազգային հանրությանը»,- «Առավոտի» հետ զրույցում անդրադառնալով Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուի` վաղը Հայաստան կատարելիք այցին՝ ասաց ՀՀ ԱԺ փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովը:

Օրերս թուրք պաշտոնյան հայտարարել էր, որ իրենք` Թուրքիան, ամեն ինչի պատրաստ են, որպեսզի Կովկասում խաղաղություն լինի: Մեկնաբանելով թուրք պաշտոնյայի այս հայտարարությունը՝ մեր զրուցակիցն ասաց. «Թուրքիայի իշխանությունը ոչ թե պետք է ամեն ինչի պատրաստ լինի, այլ պետք է անի այն, ինչ իրենից սպասում է միջազգային հանրությունը: Իսկ միջազգային հանրությունը, այդ թվում՝ Ռուսաստանի, ԱՄՆ-ի, Ֆրանսիայի եւ բոլոր այն գերտերությունների ներկայացուցիչները, ովքեր Ցյուրիխում ներկա են եղել միջնորդների՝ առանց նախապայմանների արձանագրությունների ստորագրմանը, սպասում են, որպեսզի Թուրքիան ունենա քաղաքական կամք եւ օգտվի այն գնդակից, որն իր կիսադաշտում է»:

Շարմազանովն այն կարծիքին է, որ Թուրքիան պետք է առանց նախապայմանների հարաբերություններ հաստատի Հայաստանի հետ, դադարեցնի Հայաստանի շրջափակումը, դադարեցնի իր ժխտողական քաղաքականությունը, հանի տխրահռչակ 301 հոդվածը. «Վաղը պարոն Դավութօղլուն շատ լավ շանս ունի՝ այցելելու Ցեղասպանության թանգարան-հուշահամալիր, ներողություն խնդրելու իր ժողովրդի անունից՝ Ցեղասպանություն իրագործելու համար»: Եվ ի վերջո՝ խաղաղությանը նպաստելու համար, մեր զրուցակցի կարծիքով, Թուրքիան պետք է իր կրտսեր եղբայր Ադրբեջանին հորդորի գիտակցել՝ ուժի կիրառումն ընդունելի չէ: Ապա նաեւ՝ ճանաչեն Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը:

Էդուարդ Շարմազանովը ոչ պակաս կարեւոր է համարում թուրք պաշտոնյայի այն գիտակցումը, որ չի կարելի հայ-թուրքական հարաբերությունների գործընթացը, սահմանների վերաբացումը կապել ԼՂ-ի ինքնորոշման իրավունքի խնդրի հետ, քանզի դրանք երկու տարբեր խնդիրներ են:

ՆԵԼԼԻ ԳՐԻԳՈՐՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031