Լրահոս
Օրվա լրահոսը

Մի խաչքարի պատմություն

Հունվար 21,2014 12:42

2003 թվականի ապրիլի 24-ին Բելգիայի Անտվերպեն քաղաքի Վիլիբրորդուս եկեղեցում կայացավ Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված, Բելգիայում երկրորդ խաչքարի բացման արարողությունը: Արարողությանը ներկա էին Բելգիայի կառավարության անդամներ, քաղաքապետեր, մշակույթի անվանի գործիչներ, մեծաթիվ հայեր: Հրավիրվածներից ներկա չէր միայն… Բելգիայի թագավորությունում Հայաստանի Հանրապետության դեսպանը՝ արտակարգ ու լիազոր: Ամբողջ արարողության ընթացքում հնչում էին երգեր Բելգիայի ամենահարգված ու ճանաչված երգիչ-դերասան Ջոնի Վոներսի կատարմամբ:

Խաչքարի տեղադրման հարցով երկու տարուց ի վեր ես բանակցեցի Անտվերպենի քաղաքապետի, եկեղեցական խորհրդի, ճարտարապետական կառույցների, բազմաթիվ շահագրգիռ, եւ ոչ այնքան, կառույցների ղեկավարների հետ: Այն ժամանակվա քաղաքապետ տիկին Լեոնա դը Թիեժը բարյացակամ եղավ, հիշեց, որ 1968-ին եղել է Երեւանում եւ հայերը հրաշալի մարդիկ են: Ահա նրա անմիջական աջակցությամբ լուծվեց անհնարին թվացող հարցը:

Քաղաքի ղեկավարները հատկապես խուսափում էին այլակրոն ազգությունների ըմբոստությունից: Քաղաքի ճարտարապետները խաչքարի համար տեղ հատկացրին Վիլիբրորդուս եկեղեցու մուտքի մոտ, լացող ուռենու տակ: Մենք խնդրեցինք թույլատրել չլսված ու անսովոր բան՝ խաչքարը տեղադրել եկեղեցու ներսում՝ պղծումից խուսափելու համար, քանզի սույն թաղամասում շատ են թուրքերը: Եկեղեցական խորհրդին ու եկեղեցական ճարտարապետներին համոզելը երկար ընթացք ունեցավ, բայց լուծվեց: Թե ինչպես խաչքարը եկեղեցի մտցրինք՝ դա առանձին թեմա է:

Մեր, այն է՝ Անտվերպենի «Նուարդ» մշակութային միության նախաձեռնությունը պսակվեց հաջողությամբ: Հայաստանից խաչքարի տեղափոխման հարցում մեզ աջակցեց Հովհաննես Բարսեղյանը: Խաչքարը յուրօրինակ աղոթատեղի է դարձել, միշտ կտեսնեք վառվող մոմեր ու կլսեք առ Աստված ելնող աղոթքներ: Պատահական չէ, որ այս եկեղեցում են կայանում հայկական պատարագներ, եկեղեցական այլ ծեսեր:

Խաչքարի բացման արարողությունից հետո, արդեն մատաղի սեղանի շուրջ, «հին» հայերից ելույթ ունեցավ Հայկ Արսլանյանը, ով Բելգիայում նկարված «Օտար, ամայի ճամփեքի վրա» առաջին հաղորդման հովանավորն է՝ ըստ այդ հաղորդաշարի պրոդյուսեր եւ հաղորդավար Ռաֆայել Հովհաննիսյանի, եւ որի զավակը՝ Շահեն, «Հայկական Բելգիա» «ֆիլմի» հովանավորներից է: Պարոն Արսլանյանը մասնավորաբար ասաց. «Մենք տասնհինգ տարի չարչարվեցինք՝ քաղաքապետարանը խաչքարի համար տեղ չտվեց, պարոն Մինասյանը հարցը գլուխ բերեց երկու տարում»:

2008 թվականին թուրքերը կարողացան այրել խաչքարի գորգածածկ պատվանդանը: Եկեղեցին վերանորոգող բանվորներից մեկը կրակը հանգցրել է՝ շիկացած խաչքարի վրա ջուր լցնելով: Խաչքարի վրա, որպես սրբապղծության ապացույց, մնացել են ճաքեր, վառվածի սեւ ու սպիտակ հետքեր:

Ինչո՞ւ եմ այս ամենն ասում: 2011 թվականին ես դիմեցի ՀՀ սփյուռքի նախարարին «Բելգիան եւ հայերը» վերնագրով փաստա-վավերագրական ֆիլմ նկարելու առաջարկությամբ: Լույս է տեսել նույն վերնագրով իմ երկհատորյակը: Գրքերի վրա աշխատելիս ես ուսումնասիրեցի, եւ շարունակում եմ ուսումնասիրել, բազմաթիվ արխիվային նյութեր, գրքեր, հանդիպեցի բազմաթիվ հայերի, բելգիացի պատմաբանների եւ այլն: Ձեւավորվել էր մասնագիտական խումբ, պատրաստ էր ֆիլմի սցենարը, բայց կային մի քանի կարեւոր հարցեր: Նամակիս պատասխանը չստանալով / շուրջ մեկ ու կես տարի սպասեցի /, ես զանգեցի աշխատակիցներից մեկին, որն էլ տեղեկացրեց, թե սփյուռքի նախարարը պայմանավորվել է, որ այդ ֆիլմը նկարահանի «Օտար, ամայի ճամփեքի վրա» հաղորդաշարի ստեղծագործական խումբը / ի դեպ՝ «ֆիլմի» տիտղոսացանկում չկա այս նախարարության անունը /: Դարձյալ «պասերով»:

Թե ինչու նախարարությունը սույն հաղորդաշարին չէր հորդորում ֆիլմ նկարել հայահոծ գաղութների մասին, իմա՝ ԱՄՆ-ի, Ռուսաստանի, Ֆրանսիայի եւ այլն, այնքան էլ հասկանալի չէ: Ինչեւէ: «Հայկական Բելգիա» կոչվող «Ֆիլմը»…

Հաղորդավարը հայտնում է, թե առաջին հայը, որ ոտք է դրել Բելգիայի հողին, Սերվաասն է: Ներիր, Ռաֆայել, Սերվաասից առաջ էլ են հայեր եկել Բելգիա եւ մեծ հետք թողել: Նախորդ՝ «Օտար, ամայի ճամփեքի վրա» հաղորդման ժամանակ / մի քանի ամիս առաջ / ՀՀ դեսպանը հայտարարեց, թե Բելգիայի դասական / ՞/ համայնքը կազմում է 5000 մարդ: Այսպես չէ: «Հին»՝ մինչեւ 1990 թվականը, հայերի թիվը երբեք չի հասել 5000-ի: Իսկ այս հայտարարության պահին Բելգիայում կար առնվազն…36.000 հայ:

Խորհրդային Միության օրոք Բելգիա եկած հայաստանցիների / նաեւ այլ ազգերի / մասին պաշտոնական վիճակագրություն չկա: 1990 – ին Բելգիայի իշխանություններին է հանձնվել երկու / 2 /, 91-ին՝ յոթ / 7 /, 92-ին՝ քսան / 20 / հայաստանցի: «Պիկ» թվականը եղել է 1999-ը / հանձնվել է 1436 հոգի /, հաջորդ տարիներին նույնպես մեծաթիվ հայեր են եկել: Իսկ 1999-ը, կարծեմ, Հայաստանում ցուրտ տարի չէր:

Հաղորդավարի այն հայտարարությունը, թե Բելգիայում շուրջ 30.000 հայ կա, դա էլ սխալ է: Ի՞նչ է, դեսպանի հայտարարությունից հետո, մոտ մեկ տարվա ընթացքում, Բելգիա եկավ 25.000 հա՞յ: Նույն հաղորդման ժամանակ դեսպանը հայտարարեց, թե դեսպանատունը առաջարկել է / ո՞ւմ / ստեղծել հայ մշակույթային միություն, որով հնարավոր կլինի քաղաքական եւ տնտեսական ոլորտներում հաջողությունների հասնել:

Ի դեպ, Բելգիայում կան մեկ տասնյակ հայկական մշակութային միություններ, որոնք հիրավի մշակութային գործունեություն են ծավալում: Բայց մի կողմ թողնենք անտեղյակությունը, փաստերի չիմացությունն ու պատմության աղավաղումը … Ինչի՞ է նման, խոշոր պլանով ցույց տալ «ՀԱՅ» տեղեկատուն / Պէլճիքահայ Գաղութային Վարչութեան Տեղեկատու, բյուլետեն /, որի միայն «հայ» բառն է հայերենով, իսկ մի քանի էջանոց տեղեկատուն ֆրանսերենով է, այսու անհասանելի Ֆլանդրիայում բնակվող հայերին, բայց բառ չասել Բելգիայում լույս տեսնող երեսուն էջանոց միակ հայատառ թերթի՝ «Լրագրի» մասին:

Ի դեպ, արդեն որերորդ հաղորդումն է Բելգիայում բնակվող հայերի մասին, բայց ոչ մի խոսք չի ասվում հիրավի հայաշահ գործ անող անհատների, ճանաչված մարզիկների, հայագետների, գրողների, կազմակերպությունների մասին: Բրյուսելում վաղո~ւց գործում է Հայ դեմոկրատների միությունը / կուսակցությունը /, որն ունի սեփական շենք՝ անհրաժեշտ բոլոր պայմաններով, պարի անսամբլ, հայկական մեկօրյա դպրոցներ, կազմակերպում է բազմաթիվ միջոցառումներ, ապրիլքսանչորսյան բոլոր ցույցերի կազմակերպիչն է, մեծ օգնություն է ցուցաբերում նորեկ հայերին եւ այլն, եւ այլն: Նույն քաղաքում է գործում «Պրոգրես» չորս միություններ ընդգրկող կառույցը: Նորից սեփական շենք, դպրոցներ, լեզուների դասընթացներ, օգնություն հայերին, բազում ցուցահանդեսներ:

Նման միություններ կան Ասսը եւ Մեխելեն, նաեւ ուրիշ քաղաքներում: Սրանց թվում է նաեւ իմ գլխավորած «Նուարդ» մշակութային միությունը Անտվերպենում: Խնդրում եմ գլուխգովանություն չհամարել, բայց եթե Բելգիայում կա մի այնպիսի հայկական կառույց, որ «Նուարդ» միության չափ բան արած լինի, ես հրապարակավ ներողություն կխնդրեմ: Միությունը հիմնել է հայկական ժողովրդական պարերի անսամբլ, շաբաթօրյա հայկական դպրոց, հայալեզու թերթ, տեղադրել է խաչքար, հրատարակել է բելգիահայոց մասին գրքեր, տպագրության է ներկայացրել Մեծ եղեռնի ականատեսների վկայությունները, կազմակերպել է հայ գրքի / Անտվերպենի համալսարանի եւ Անտվերպենի կենտրոնական գրադարանի ցուցասրահներում /, գորգի, նկարիչների ստեղծագործությունների ցուցահանդեսներ, Հայաստանից հրավիրել է մեծ թվով երգիչների, արվեստագետների, հայանպաստ հարցեր է բարձրացրել Եվրախորհրդարանում ու Բելգիայի պառլամենտում, ամեն տարի ցեղասպանությանը նվիրված շուրջ քառասուն րոպեանոց հաղորդում է հեռարձակում Բելգիայի կենտրոնական ռադիոյով / բելգիացի լրագրողների մասնակցությամբ /, հայկական ժողովրդական պարերի անսամբլը շուրջ հարյուր ելույթ է ունեցել՝ բազմաքանակ հանդիսատեսին ծանոթացնելով Հայաստանի ու հայի հետ, ունի մանկական թատրոն, որը նիդեռլանդերենով հայկական հեքիաթներ է ներկայացնում, հիմնել է սպորտային, երիտասարդական կառույցներ, ունի շախմատի ակումբ, տարվա ընթացքում կազմակերպում է ազգային տոներին նվիրված եւ այլ բազմաթիվ միջոցառումներ, թանգարանների թուրքական բաժիններից գիտական հիմնավորումով առանձնացրել է հայկական գորգն ու ճարմանդը, հիմնել է գրադարան, կազմակերպել հայկական մշակույթի օրեր, հայ-բելգիական մշակույթի օրեր եւ բարեկամության երեկոներ… չթվարկեմ, ժամեր կտեւի: Եվ այս ամենը վերջին մի քանի տարիների ընթացքում:

Ամենեւին կարծիք չստեղծվի, թե մենք այս ամենն անում ենք, ինչ որ մեկի կողմից գովասանքի արժանանալու կամ գովազդվելու համար: Ամենեւին՝ ոչ, դրանց կարիքը չունենք: Բաց այդ «ֆիլմը» դիտելուց հետո / 2013թ դեկտեմբեր /, մեր միության բազմաթիվ անդամները, համակիրները հորդորեցին ինձ բարձրաձայնել՝ այս էլ որերորդ անգամ ինչո՞ւ է անտեսվում մեր միությունը: Իսկապես՝ ինչո՞ւ… Իսկ «ֆիլմում» մարդիկ են խոսում ու անընդհատ կրկնում «միջոցառում» բառը, սա ենք արել, սա ենք անում, մեր նպատակը սա է, կոնկրետ՝ ի՞նչ, ի՞նչ գործ՝ պարզ չէ:

Դառնանք խաչքարին: Երբ Սփյուռքի նախարարությունը պատրաստվում էր հրատարակել «Ցավի, հիշողության եւ պայքարի կոթողներ» պատկերագիրքը, ես նախարարություն ուղարկեցի / մի քանի անգամ / իրենց անհրաժեշտ ամբողջ տեղեկությունը: Պատկերագիրքը լույս տեսավ: Մեր խաչքարը կա գրքում, բայց՝ ոչ մի խոսք նախաձեռնողների մասին: Նշվում են միայն պատրաստողի եւ հովանավորի անունները: Այն ժամանակ ես դիմեցի նախարարությանը հետագայում շտկել նսեմացնող , անտեսող բացթողումը: Խոստացան:

Երբ նշյալ «ֆիլմի» ստեղծագործական խումբը այցելել է Վիլիբրորդուս եկեղեցի, եկեղեցու հայ սպասավորը մանրամասն ներկայացրել է խաչքարի պատմությունը, պատմել տեղադրողների, նաեւ մեր թերթի, այլ գործերի մասին: Եթե մեր միության մասին տեղեկության աղբյուրները հասանելի չէին ստեղծագործական խմբին / իսկ այդպիսիք՝ ինչքան ուզեք կան /՝ գոնե հավատային Աստծո սպասավորին: Իսկ «Ֆիլմում» նշվում է միայն բարերարի անունը: Ավելի լավ չէ՞ր ոչինչ չասվեր խաչքարի մասին: Այ, մանրամասն խոսվում է երրորդ խաչքարի մասին, որը, ինչպես պարզվեց, շիրմաքար է: Ի՞նչ է, Անտվերպենում հայկական մշակութային կառույցներ չկա՞ն, որ խոսվում է միայն ադամանդագործների, ոսկերիչների մասին: Լավ չէ ջնջել կամ աշխատել ջնջել մարդկանց գործը: Եթե անգամ ինչ որ մեկը ուղղորդում է նկարել սա, սրան, անտեսել ու դրանով վարկաբեկել մյուսին, ապա ո՞ւր է մնում լրագրողի խիղճը, անաչառությունը…Թեկուզ լրագրողը, գրողը կարող է իր հայեցողությամբ դիտարկել խնդիրը եւ ներկայացնել: Բայց սփյուռքը շատ զգայուն թեմա է: Պետք չէ ինչ-որ մեկի քիմքին հարիր հաղորդում «սարքել»՝ ներկայացնելով միայն այդ մեկի հավատարիմներին եւ գործի դնել մեր հարեւան երկրների անփառունակ փորձը՝ պատմությունից դուրս մղել, վերացնել հիրավի հայկականը: Անհաջող փորձ է: Իսկ նման «ֆիլմը» շատերիս համար օտար է ու ամայի: Կարեւոր է, թերեւս, որ մեր խաչքարը դարձել է աղոթատեղի, ու ամեն ինչ լավ է…

Գեւորգ ՄԻՆԱՍՅԱՆ

Բելգիայի հայկական կազմակերպությունների համադաշնության նախագահ, Անտվերպենի «Նուարդ» մշակութային միության նախագահ, «Լրագիր» ամսաթերթի հիմնադիր եւ գլխավոր խմբագիր

 

Անտվերպենի եկեղեցու լուսանկարը՝ panoramio.com կայքից

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Սամվել Խալաթյան says:

    Ես քաջատեղյակ եմ Գևորգ Մինասյանի ջանքերին, իսկ մանրամասները այս հրապարակումից տեղեկացա: Ամենևին չեմ կասկածում բերված փաստերի ճշտության մեջ: Կարծում եմ, որ համապատասխան գերատեսչությունում կքննարկեն այս հարցը և, ինչպես ասում են՝ համապատասխան եզրահանգումներ կանեն: Դա անհրաժեշտ է թե հայրենիքում ապրողներիս, թե սփյուռքի մեր հայրենակիցների համար: Եվ, ընդհանրապես, ինչու՞ է սփյուռքը մեր կողմից այսքան օտարված…

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031