Լրահոս
Օրվա լրահոսը

«Հո Հիպոկրատին չենք երդվել, որ ցուցակներն էլ մենք պիտի մաքրենք» (Տեսանյութ)

Փետրվար 05,2014 17:48

Նախորդ տարեվերջին Aravot.am-ի խմբագրություն էին դիմել պոլիկլինիկաների մի խումբ բժիշկներ եւ դժգոհել, որ իրենց բան ու գործը թողած, զանգահարում են հիվանդներին եւ իրենց ձեռքի տակ եղած ցուցակներում ճշգրտումներ կատարում: Ըստ բժիշկների, դա իրենց համար ավելորդ ծանրաբեռնվածություն է, եւ բացի դրանից, բժիշկները մտավախություն ունեին, որ հնարավոր է իրենց աշխատավարձերի նվազում լինի:

Այսօր Aravot.am-ը Երեւանի փոխքաղաքապետ Դավիթ Օհանյանից հետաքրքրվեց, թե ինչ փուլում է այդ խնդիրը, ինչին ի պատասխան փոխքաղաքապետն ասաց` «Դա բժիշկների սուրբ պարտականությունն է, որովհետեւ պետության կողմից մանուկներին վճարվում է այլ գումար, մեծահասականերին` այլ գումար: Եվ հետո, պետք է մահացածներին ցուցակներից հանել: Դրանք աշխատանքներ են, որոնք բուժաշխատողները պարտավոր են անել պարբերաբար: Պոլիկլինիկայի աշխատողները վճարվում են ըստ իրենց կողմից սպասարկվող ազգաբնակչության թվաքանակի, ես կարծում եմ, եւ համոզված եմ, որ դա իրենց սուրբ պարտականությունն է` հաշվառումը կատարելը»:

Մեր այն դիտարկմանը, որ բժիշկների սուրբ պարտականությունը հիվանդ բուժե՞լն է, թե զանգեր կատարելը, եւ ինչո՞ւ դա այլ մեխանիզմով չի կարգավորվում, պարոն Օհանյանը պատասխանեց. «Որոշ դեպքերում մենք ուղղակի աշխատանքային պարտականությունները չկատարելով, կուտակում ենք, եւ երբ խնդիր է առաջանում այդ հստակեցումը մտցնել, պատկերացրեք, կուտակված աշխատանքը միանգամից անելը,  բնականաբար, դժվար կլինի եւ ֆիզիկապես, եւ ժամանակի հետ կապված: Բայց այն, որ դա իրենց սուրբ պարտականությունն է, եւ այսուհետ հանձնարարել ենք, որ իրենց ամենօրյա աշխատանքն է եւ ամեն օր անեն, մենք տարեվերջին խնդիր չենք ունենա»:

Ինչ վերաբերում է պոլիկլինիկայի բժիշկների` աշխատավարձերի նվազման խնդրին, փոխքաղաքապետը չանդրադարձավ:

Այսօր մեզ հետ զրույցում մայրաքաղաքի պոլիկլինիկայի բժիշկներից մեկն ասաց, որ առայժմ աշխատավարձ չի ստացել, եւ չի կարող ասել, թե այն որքանով կնվազի, ցուցակների մաքրման հետ կապված, սակայն մի դիտարկում ավելացրեց. «Մենք հո Հիպոկրատին չենք երդվել, որ ցուցակներն էլ ենք մենք մաքրելու, որ ասում են, դա մեր սուրբ պարտականությունն է: Ի՞նչ է, հնարավոր չէ՞ այլ մեխանիզմներով նման հարցերը կարգավորել, որպեսզի տեղից էլ ցածր աշխատավարձի դիմաց ավելորդ աշխատանք չկատարենք»:

 Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12
3456789
10111213141516
17181920212223
2425262728