Լրահոս
Տատիս բաժակը
Օրվա լրահոսը

Մաքսային միության «ձեռքբերումներն» արդեն ուրվագծվում են

Փետրվար 06,2014 14:48

Առաջ՝ դեպի նորանոր թանկացումնե՞ր

Հայաստանը սկսում է իրականացնել Մաքսային միությանը միանալու «ճանապարհային քարտեզը», այն 249 էջ է կազմում:

Ծրագրվում է իրականացնել 262 միջոցառում, որից 150-ը՝ միայն հայկական կողմի, մյուսները Եվրասիական տնտեսական հանձնաժողովի հետ համատեղ կատարման համար են: Հայտնի է, որ «ճանապարհային քարտեզով» պետք է իրականացվեն բազմաթիվ օրենսդրական փոփոխություններ, ՀՀ-ի կողմից արդեն իսկ ստորագրված միջազգային պայմանագրերի փոփոխություններ: ՄՄ-ին միանալու համար օրենսդրական լայնածավալ փոփոխություններ են կատարվելու ոչ միայն մաքսային եւ հարկային ոլորտներում, այլեւ Հայաստանի քրեական եւ վարչական օրենսգրքերում:

Մաքսային միությանը մեր երկրի անդամակցությունը ենթադրում է միասնական մաքսային դրույքաչափեր եւ ընթացակարգեր երրորդ երկրների նկատմամբ, այսինքն՝ Հայաստանը զրկվելու է այդ միությունից դուրս այլ երկրների հետ առեւտրի պայմանները ինքնուրույն կարգավորելու հնարավորությունից:
Հայաստանի Սահմանադրության համապատասխանության հարցը՝ մի կողմ, թե որքանո՞վ է արդարացված վերպետական կառույցի կողմից նորմերի սահմանումը մեր երկրի համար, ինչի շրջանակներում վերպետական մարմնի որոշումները կարող են հակասել մեր երկրի Սահմանադրությանը: Եվ՝ ինչպե՞ս են կարգավորվելու այդ խնդիրները:

Այս օրերին ՀՀ կառավարության ներկայացուցիչների կողմից ներկայացվում են որոշակի տեղեկություններ, որոնք արդեն իսկ նախանշում են, որ Մաքսային միությանն անդամակցելու դեպքում Հայաստանին նոր թանկացումներ են սպասվում, որ Հայաստան ներկրվող ապրանքների մոտ 60 տոկոսը թանկանալու է: Էկոնոմիկայի նախարարի տեղակալ Գարեգին Մելքոնյանն օրեր առաջ նախ հայտարարեց, որ ԵՄ-ի հետ առեւտրային բանակցություններ հետայսու Հայաստանի փոխարեն կվարի Մաքսային միությունը, ապա հավելեց, որ Մաքսային միության դրույքաչափերը՝ մաքսային օրենսգրքի ապրանքների անվանացանկով, ներառում են 11 553 տող ապրանք, եւ ըստ Գարեգին Մելքոնյանի՝ նշվածի մոտ 60 տոկոսի դեպքում Մաքսային միությունում գործում են ավելի բարձր մաքսային դրույքաչափեր, քան Հայաստանում, 14.5 տոկոսի դեպքում ավելի ցածր են, 17 տոկոսի դեպքում նույնն են: Փաստացի ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը ունի այն ապրանքների ցանկը, որոնց ներկրումը Հայաստան ՄՄ-ին անդամակցելուց հետո կհարկվի լրացուցիչ մաքսատուրքով։ Տեղեկություններ կան, որ թանկանալու են սննդամթերքը, դեղորայքը, ամենօրյա կենցաղում օգտագործվող բազմաթիվ ապրանքներ։

Իհարկե, հնչում են հակադարձումներ, թե կան ապրանքներ, որոնք էժանանալու են, եւ եթե ինչ-որ ոլորտում էլ թանկացումներ լինելու են՝ զուտ կապված հարկային, մաքսային քաղաքականության հետ, սակայն դրանք փոխհատուցվելու են մնացած ոլորտներում ակնհայտ արտոնություններով՝ ասել էր Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Արտակ Զաքարյանը:

Այնուամենայնիվ, հստակ է, որ եթե Հայաստանը երրորդ երկրների նկատմամբ միասնական մաքսային դրույքաչափեր է սահմանելու, ապա հարց է առաջանում, թե ի՞նչ է սպասվում, օրինակ, Ղարաբաղի դեպքում՝ Հայաստանը բարձրացնելո՞ւ է ԼՂ-ից ներմուծվող ապրանքների մաքսային դրույքաչափերը, թե՞ ԼՂ-ն ընդգրկվելու է Մաքսային միության մեջ: Անորոշ է նաեւ վրացական ապրանքների հարցը, քանի որ Վրաստանը չի անդամակցելու Մաքսային միությանը, հետեւաբար կբարձրացվեն նաեւ այնտեղից ներմուծվող ապրանքների մաքսատուրքերը, Վրաստանն էլ, իր հերթին, կարող է դիմել պատասխան քայլերի՝ բարձրացնելով Հայաստանից ներմուծվող ապրանքների մաքսատուրքերը:
Հետաքրքրական է նաեւ այն, որ «ճանապարհային քարտեզի» երկու հարյուրից ավելի միջոցառումները, այդ թվում` տարատեսակ վերլուծություններն ու փորձագետների ֆինանսավորումը, Հայաստանն իրականացնելու է իր բյուջեի հաշվին, փաստորեն Մաքսային միությունից ֆինանսական աջակցություն չի ստանալու, մինչդեռ ԵՄ Ասոցացման համաձայնագրի նախաստորագրման դեպքում ողջ նախապատրաստական, անցումային փուլի անհրաժեշտ գործընթացները ֆինանսավորվելու էին ԵՄ-ի կողմից: Հիմա մեր բյուջեին միայն նոր ծախսերն էին պակասում:

Այս ամենին գումարած պաշտոնական տվյալները. ՀՀ ԱՎԾ-ն հրապարակեց «Սպառողական գների ինդեքսը ՀՀ-ում» վերնագրով զեկույց, ըստ որի՝ 2010թ. համեմատ՝ 2013-ին ընդհանուր գնաճը կազմել է 18.8 տոկոս։ Հատկապես զգալի է եղել պարենային ապրանքների գնաճը՝ 21.7 տոկոս, հագուստի եւ կոշիկի գնաճը՝ 22.2 տոկոս, բուժսպասարկումն ու դեղորայքը` 28.8 տոկոս։ 2012թ. համեմատ՝ նախորդ տարի արձանագրված գնաճը կազմել է 5.8 տոկոս։

Ինչպես երեւում է, Հայաստանի կառավարությանը բավական ծանր օրեր են սպասվում մոտ ապագայում: Թե ինչպես են պատրաստվում բացատրել կամ արդարացնել հասարակությանը սպասվող թանկացումները կամ ինչպես են փորձելու հակազդել հասարակական հնարավոր բողոքներին՝ իսկապես, դժվար է պատկերացնել:

ԷՄՄԱ ԳԱԲՐԻԵԼՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (2)

Պատասխանել

  1. Նազիկ says:

    Paruyr Hayrikyan փետրուարի 7-ին ժամը 16-ին Ազատութեան հրապարակում մենք կրկին հաւաքուելու ենք։ Խնդիրները յայտնի են բոլորիս եւ ընդհանուր առմամբ առնչւում են Հայաստանի քաղաքացիների կարեւորագոյն՝ նաեւ Սահմանադրութեամբ ամրագրուած իրաւունքների ոտնահարմանը։ ԱԻՄ-ը սկսել է կողմնակիցների վերագրանցումը։ Վերադառնալով իր նախնական՝ 1987 թ.-ի գործելակերպին, ինքնորոշուող քաղաքացիների միաւորում ԱԻՄ-ը ազդարարում է, որ պատրաստ է որպէս առաջին քայլ բոլորի հետ հրապարակային քննարկումներ ծաւալել հայութեանն սպառնացող մարտահրաւէրների եւ մեր անելիքների վերաբերեալ։ Հրաւիրում ենք հայութեան ճակատագրով մտահոգ բոլոր մարդկանց՝ լսելու մեր պատկերացումներն ու ծրագրերը եւ մատուցելու իրենցը։ Այսօրուայ մէկ օրուայ պարապուրդը վերականգնելու համար վաղը մեր զաւակները տասնամեակների մաքառումներով են հատուցելու։ Արդէօ՞ք դա վայել է մեզ։

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12
3456789
10111213141516
17181920212223
2425262728