Լրահոս
Օրվա լրահոսը

Դասագրքերի շրջանառու հիմնադրամը ներկայացրել է 2013թ. հաշվետվությունը

Փետրվար 07,2014 17:54

ՀՀ կրթության և գիտության նախարարությունում տեղի է ունեցել Դասագրքերի շրջանառու հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նիստը, որը վարել է խորհրդի նախագահ, ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը:

Անդրադառնալով ավագ և հանրակրթական դպրոցի դասագրքերի փորձարկմանը՝ նախարարն ընդգծել է դպրոցներից ստացված մասնագիտական կարծիքների հավաքագրման, ներկայացվող առաջարկությունների ու դիտողությունների վերլուծության կարևորությունը: Ա. Աշոտյանը հանձնարարական է տվել նիստին մասնակից մարզային, Երևանի քաղաքապետարանի և ԿԳՆ ստորաբաժանումների պատասխանատուներին, դպրոցների հետ կազմակերպել ավելի արդյունավետ ու համագործակցված աշխատանք: “Փորձը ցույց է տալիս, որ դասագրքերի փորձարկման ժամանակ, մենք դպրոցներից ստանում ենք ձևական, ըստ էության բովանդակային խնդիրներից զուրկ կարծիքներ, մինչդեռ հետո, երբ դասագրքերն ամբողջ ծավալով թողարկվում և մտնում են դպրոց, ներկայացվում են որոշակի խնդիրներ: Դպրոցների հետ պետք է աշխատանք տանել, որ դասագրքերի բովանդակությանն առնչվող մասնագիտական հիմնական խնդիրները բարձրաձայնվեն այս փուլում, և ոչ թե հրատարկվելուց հետո: Մյուս խնդիրը, որին մենք առնչվում ենք՝ դասագրքերի մատակարարման հետ կապված դժվարություններն են: Որպես կանոն մենք միշտ տպագրում ենք բավարար քանակությամբ, դեռ մի բան էլ պահանջվածից ավելի դասագրքեր: Հիմնական խնդիրը, որը հատկապես սրվում է նոր ուսումնական տարվա սկզբին և կապվում է իբրև թե դասագրքերի բացակայության հետ, պայմանավորված է սխալ պլանավորմամբ”,- նշել է Ա. Աշոտյանն ու շեշտել, որ անհրաժեշտ է դպրոցներից ստացվող հայտերի հավաքագրումն ավելի արդյունավետ կազմակերպել: ԿԳ նախարարը նաև նշել է, որ հատկապես 12-ամյա կրթությունը պարտադիր հռչակելուց հետո պետք է համակարգված աշխատանքներ տարվեն նաև հիմնական կրթության հենքով ուսումնարաններում ու քոլեջներում սովորողներին անհրաժեշտ դասագրքերով ապահովելու ուղղությամբ:

ՀՀ ԿԳ նախարարի տեղակալ, հիմնադրամի գործադիր տնօրեն, Կարինե Հարությունյանը ներկայացրել է հաշվետվություն՝ Դասագրքերի շրջանառու հիմնադրամի 2013 թվականի գործունեության և տարեկան ծախսերի վերաբերյալ, ինչպես նաև 2014 թվականի նախահաշիվն ու տարեկան աշխատանքների կատարման ժամանակացույցը:
Դասագրքերի շրջանառու հիմնադրամի հոգաբարձուների խորհուրդն ընդունել է կատարված աշխատանքների հաշվետվությունը և հաստատել նոր ժամանակացույցը:

ՀՀ կրթության և գիտության նախարարություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12
3456789
10111213141516
17181920212223
2425262728