Լրահոս
Օրվա լրահոսը

Ինչի համար է Հայաստանը պետք Եվրամիությանը

Փետրվար 14,2014 13:58

Առցանց «Առավոտի» «Դեմ առ դեմ» հաղորդաշարի շրջանակներում թեման քննարկում են Ազգային ժողովի պատգամավոր Մարգարիտ Եսայանը (ՀՀԿ)
եւ «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը:

Արամ Աբրահամյան.- Ստրասբուրգում ԵՄ-Հայաստան խորհրդարանական հանդիպման մանրամասների մեջ այսօր չենք խորանա: Ուղղակի ինձ մի քիչ զավեշտալի է թվում, որ դուք՝ մասնակիցներդ, այնտեղ մի բանի հասնում եք կամ չեք հասնում, հետո գալիս եք այստեղ, սկսում եք վիճել՝ այսպես պիտի անեինք կամ այնպես:

Մարգարիտ Եսայան.- Ոչ այնտեղ ենք վիճել, ոչ այստեղ, եթե եղել է վիճաբանություն, դա եղել է ուղղակի սկզբունքային խնդիրների շուրջ: Պատվիրակության կազմում ե՛ւ ընդդիմադիր քաղաքական գործիչներ էին, ե՛ւ իշխանության ներկայացուցիչներ, բնականաբար, որոշակի տարաձայնություններ պետք է լինեին, եւ սա նորմալ աշխատանքային պրոցես է: Բայց, ընդհանուր առմամբ, մեր պատվիրակությունը շատ համերաշխ է աշխատել, եւ ի պատիվ մեր պատվիրակության բոլոր տղամարդ անդամների, ի դեպ, միակ կին անդամը ես էի պատվիրակության, բոլորը պրոֆեսիոնալներ էին, իրենց ճիշտ էին պահում եւ նիստի դահլիճում, եւ դրանից հետո, եւ մարդկային ներանձնական շփումներում բոլորը իրենց հրաշալի էին պահում:

Ա. Ա.– Եվրոպացիները մեզանից շա՞տ խիստ են նեղացել:

Մ. Ե.– Բնականաբար, շատ զարմանալի կլիներ, եթե նեղացած չլինեին: Եթե ես հիմա ասեմ՝ ո՛չ, նեղացած չէին, ուղղակի հիացած էին մեր վերջին արտաքին քաղաքական դրսեւորումներով, չեք հավատա: Իհարկե՝ նեղացած են, իհարկե՝ զարմացած են, իհարկե՝ իրենց առանձնապես երջանիկ չեն զգում այդ փաստով: Բայց կա մի ուրիշ հանգամանք՝ չեն ուզում Հայաստանը կորցնել: Այսինքն՝ իրենք նորից ուղիներ, ձեւեր, հնարքներ են փորձում գտնել, որպեսզի շարունակեն Հայաստանի հետ համագործակցությունը:

Ա. Ա.- Նրանք չեն ուզում Հայաստանը կորցնել, իսկ ինչի՞ն է իրենց պետք Հայաստանը:
Արմեն Մարտիրոսյան.- Ես էլ եմ համաձայն, որ կարծես թե չեն ուզում Հայաստանը կորցնել: Իհարկե, ցավալի է, որ այլեւս քաղաքական ուժերի հետ շփումներում լավ խաբվելուց հետո, ձեռքերը լավ վառելուց հետո չեն ուզում աշխատել: Թե մենք ինչով ենք մեղավոր՝ չգիտենք. մենք իրենց բազմաթիվ անգամներ զգուշացրինք, որ միայն իշխանությունների հետ չէ, որ պետք է աշխատել, այլ ընդդիմության հետ, առավել եւս, որ կա կուսակցություն՝ ի դեմս «Ժառանգության», որը Հայաստանում առաջին կուսակցությունն է, որ եվրոպական ինտեգրումը գերակա արտաքին ուղղություն է ճանաչել: Բայց իրենք արեցին այն, ինչ որ արեցին, եւ այսօր իշխանությունները, ստանալով իրենց ամենաբաղձալի «դաբրոները»՝ 2012-2013թթ. կեղծված ընտրությունների հետ կապված, ստացան այդ դրական գնահատականները ընտրություններից հետո: Հետո իշխանությունները՝ որպեսզի պահպանեն իրենց ապօրինի գումարները, գնացին դեպի Մաքսային միություն:

Մ. Ե.– Չեմ ուզում այդ թեմայի շուրջ ընդարձակ խոսել, այդուհանդերձ՝ ուզում եմ հիշեցնել, որ բառացիորեն երեկ նույն Եվրախորհրդարանի 9 պատգամավոր մեղադրվեցին Ադրբեջանի կողմից կաշառք վերցնելու մեղադրանքով եւ խիստ նկատողության արժանացան, բայց դուք չեք կարող նշել որեւէ դեպք, որ Եվրախորհրդարանի որեւէ պատգամավոր, որը դիտորդ է եղել մեր նախագահական կամ խորհրդարանական ընտրություններում, մեղադրվել է Հայաստանի կողմից կաշառք վերցնելու եւ ընտրությունների մասին կեղծ տեղեկատվություն տարածելու համար:

Ա. Ա.- Պրեսկոտը կամ մնացածները փող վերցրե՞լ են մեր իշխանությունից:

Ա. Մ.- Չեմ տեսել՝ ճիշտն ասած, թեեւ խիստ կասկածներ որոշ մարդիկ ունեն, բայց նույնիսկ դա էլ էական չէ: Եթե խնդիրը կա քաղաքական գնահատական տալու, ուզում ես կաշառի, ուզում ես՝ ոչ, միեւնույն է՝ քաղաքական գնահատականը լինելու է. ես քաղաքական գնահատականի մասին էի ասում: Ես համաձայն եմ, որ եվրոպացիները իսկապես չեն ուզում Հայաստանը կորցնել, որովհետեւ մի պարզ խնդիր գոյություն ունի՝ իրենք ուզում են առավել անվտանգ տարածաշրջանում ապրել, իրենք ուզում են, որ առավել հզորանա իրենց շուկան, տնտեսությունը: Ուզում են ավելի սերտ հարաբերություններ ունենալ այնպիսի հարեւանների հետ, որոնք ունեն իրենց արժեքային համակարգը, որն իրենց ավելի մոտ է եւ իրենց համար ավելի կանխատեսելի:

Մ. Ե.– Մասամբ համաձայն եմ, շարունակելով ասեմ՝ գաղտնիք չէ, որ Հայաստանը այս տարածաշրջանում հենց այն երկիրն է, պետությունն է, որը շատ ավելի է եվրոպական արժեքներ կրող, քան Ադրբեջանը, եւ շատ ավելի կանխատեսելի ու կայուն իրավիճակում է, քան Վրաստանը: Դրա համար եվրոպացիներին մենք հարկավոր ենք: Հայաստանի Հանրապետությունը տարածաշրջանում այն խարիսխն է, որ կարող է կապող օղակ լինել Իրանի, Միացյալ Նահանգների, ինչու չէ՝ Ռուսաստանի հետ, պարզապես ունենք շատ կարեւոր մի խնդիր՝ Ղարաբաղի խնդիրը, որը մենք ուղղակի պետք է ու պարտավոր ենք լուծել:

Քննարկումն ամբողջությամբ`

Պատրաստեց ԱՐԱՄ ԱԲՐԱՀԱՄՅԱՆԸ

Bac_2

Բանավեճն ամբողջությամբ կարող եք դիտել www.aravot.am կայքում
«Դեմ առ դեմ» հաղորդաշարը իրականացվում է Բաց հասարակության հիմնադրամներ-Հայաստանի կողմից: Սույն հաղորդման մեջ տեղ գտած տեսակետները եւ վերլուծությունները արտահայտում են մասնակիցների կարծիքը եւ հաստատված չեն Բաց հասարակության հիմնադրամներ-Հայաստանի կամ նրա խորհրդի կողմից։ Սույն հաղորդման պատրաստումը հնարավոր է դարձել Բաց հասարակության հիմնադրամներ-Հայաստանի ամբողջական ֆինանսական օժանդակության շնորհիվ՝ ԶԼՄ-ների աջակցման ծրագրի շրջանակներում, դրամաշնորհ N18624։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12
3456789
10111213141516
17181920212223
2425262728