Լրահոս
Օրվա լրահոսը

Մայդանի հետ համերաշխության հայկական կոմիտե է ստեղծվել

Փետրվար 21,2014 11:17

Երևանի մամուլի ակումբի նախագահ Բորիս Նավասարդյանը ֆեյսբուքյան իր էջում տեղադրել է Մայդանի հետ համերաշխության հայկական կոմիտե ստեղծելու մասին հռչակագիրը, որում, մասնավորապես, ասվում է հետևյալը.

«Ուկրաինայի քաղաքացիները բարձրացրել են Ազատության դրոշը և ոտքի են ելել պայքարելու եվրոպական ժողովուրդների ընտանիքում իրենց երկրի ապագան կառուցելու նպատակով: Սակայն երկիրը հանուն ազգային շահերի կառավարելու, միջազգային պարտավորությունները հետևողականորեն ու պատասխանատվությամբ կատարելու անկարողություն դրսևորած իշխանությունները քաղաքացիների խաղաղ բողոքին պատասխանեցին սադրանքներով, մարդաորսությամբ, խոշտանգումներով, ակտիվիստների սպանություններով:

Փետրվարի 18-ից Վիկտոր Յանուկովիչը կազմակերպելով զանգվածային արյունահեղություն, կատարելով հանցագործություններ իր երկրի քաղաքացիների և մարդկայնության դեմ, ստեղծեց Ուկրաինայի մասնատման լուրջ վտանգ և որպես երկրի ղեկավար, զրկեց իրեն լեգիտիմությունից: Մենք հիացած ենք հանուն քաղաքացիական արժանապատվության և իրենց անկախ պետականության համար պայքարող ուկրաինացի ժողովրդի արիությամբ և այն վճռականությամբ, որով նրանք թույլ չեն տալիս, որպեսզի իրենց հայրենիքը Հայաստանից հետո դառնա Կրեմլի նեոկայսերապետական քաղաքականության հերթական ավարը:

Ուկրաինայում ծավալվող գործընթացները էական ազդեցություն են ունենալու հետխորհրդային երկրների ապագայի, հատկապես ԵՄ «Արևելյան գործընկերության» մասնակից պետությունների, ինչպես նաև համաեվրոպական անվտանգության և եվրոպական արժեքների հաստատման վրա: Մայդանի ակտիվիստներն ու բարիկադները պաշտպանում են նաև մեր հասարակության ձգտումը դեպի լիարժեք անկախ պետականություն և ժողովրդավարություն: Քրեաօլիգարխիկ համակարգի դեմ ելած Հայաստանի քաղաքացիները նույնպես գնդակահարվեցին 2008 թվականի մարտի 1-ին: Համաժողովրդական շարժումը ճնշելու նպատակով իշխանությունները ներգրավեցին ոչ միայն ոստիկանությունը, այլև բանակը, դիպուկահարների ու զինվորական համազգեստ հագած քրեական տարրը: Պաշտոնական տվյալներով այդ օրը Երևանի կենտրոնում սպանվեց 10 քաղաքացի ու մինչ օրս ոչ ոք չի ենթարկվել պատասխանատվության: Ուկրաինացիների ազատ կամարտահայտումը խեղդելու գործընթացը հստակ ուրվագծում է կառավարման նույն և Լուբյանկայում հղկված ձեռագիրը. իրավապահ մարմինները և հատուկ ջոկատայինները սադրիչների ու քրեական տարրի հետ համատեղ կազմակերպում և իրականացնում են զանգվածային անօրինականություններ, ծանր հանցագործություններ:

Մենք, ներքոստորագրյալներս, արտահայտելով մեր համերաշխությունն ու զորակցությունը Ուկրաինայի արժանապատիվ քաղաքացներին, որոնք պայքարում են ոչ միայն իրենց, այլև մեր Ազատության համար, հիմնում ենք Մայդանի հետ համերաշխության կոմիտե: Կոմիտեի խնդիրներն են. Մայդանին ցուցաբերել քաղաքական ու բարոյական աջակցություն, մեր հասարակության և արտերկրում ապրող հայերի շրջանում տարածել ճշմարիտ և հավաստի տեղեկատվություն Ուկրաինայում տեղի ունեցող իրադարձությունների վերաբերյալ, ինչը, հատկապես կարևոր է կեղծիքի և այլատյացության վրա հիմնված ռուսական լրատվամիջոցների կողմից իրականացվող լայնածավալ քարոզչության պայմաններում:

Մայդանի հետ համերաշխության հայկական կոմիտեն միջազգային հանրությանը և առաջին հերթին Եվրոպական Միությանը, ԱՄՆ-ին ու ԵՄ անդամ երկրներին կոչ է անում՝

– անհապաղ ձեռնարկել Ուկրաինայի քաղաքացիներին սպանդի ենթարկող իշխանություններից պաշտպանող և առաջին հերթին Վիկտոր Յանուկովիչին նախագահի պաշտոնից հեռացնելու գործուն միջոցներ,

– Յանուկովիչի և նրա շրջապատի կողմից իրականացված հանցագործություններին տալ քաղաքական և իրավական գնահատական և նրանց նկատմամբ անհապաղ կիրառել տնտեսական ու քաղաքական խիստ պատժամիջոցներ,

– ստեղծել միջազգային տրիբունալ՝ ուկրաինացի պաշտոնական անձանց մասնակցությամբ, ինչպես նաև օտարերկրյա միջամտությամբ Ուկրաինայի պետականության ու ժողովրդի նկատմամբ իրականացված հանցագործությունները բացահայտելու նպատակով»:

Հայտարարությունը ստորագրել են հետևյալ քաղաքացիները՝

Առուստամյան Գայանե- Երևան, Հայաստան
Աֆրիկյան Կարինե – Լոս Անջելես, ԱՄՆ
Բարսեղյան Լևոն- Գյումրի, Հայաստան
Գաբրիելյան Հեղինե- Փարիզ, Ֆրանսիա
Եղիազարյան Բորիս-Կիև, Ուկրաինա
Մեհրաբյան Ռուբեն- Երևան
Նավասարդյան Բորիս- Երևան, Հայաստան
Հովհաննիսյան Զարուհի- Երևան, Հայաստան
Հովսեփյան Ռուդիկ- Լոս Անջելես, ԱՄՆ
Սաքունց Արթուր Վանաձոր- Հայաստան
Շահնազարյան Դավիթ- Երևան, Հայաստան

20 փետրվարի, 2014թ.

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12
3456789
10111213141516
17181920212223
2425262728