Լրահոս
Օրվա լրահոսը

«Մեր կարեւորագույն քաղաքական ամբիոնն անգործության է մատնվում». Բորիս Նավասարդյանը՝ ԱԺ ծեծկռտուքի մասին

Հոկտեմբեր 31,2026 22:00 Share
Աջակցեք aravot.am-ին

«Ցանկալի կլիներ՝ մեր պատգամավորներն ավելի զուսպ, ավելի հանդուրժող եւ պակաս ագրեսիվ լինեին միմյանց նկատմամբ, բայց երեւի դա անիրականանալի ցանկություն է: Ես ընդամենն առաջին հերթին մտահոգված եմ նրանով, որ այդքան հույզերն ու մտքերը, որ ծախսվում են կոնֆլիկտների վրա, արդյոք հնարավորություն են տալիս, որ պատգամավորները՝ որպես պետական այրեր եւ կանայք, կարողանան կատարել իրենց անմիջական առաքելությունը»,- նշեց ԵՄԱ պատվավոր նախագահ Բորիս Նավասարդյանը՝ Aravot.am-ի խնդրանքով անդրադառնալով ԱԺ պատգամավորների միջեւ հայտնի ծեծկռտուքին:

«Ցավոք, նման մթնոլորտում մեր կարեւորագույն քաղաքական ամբիոնն անգործության է մատնվում, եւ մարդիկ անձնական կամ քաղաքական հաշիվներ մաքրելով են զբաղվում»,- հավելեց ԵՄԱ պատվավոր նախագահը:

Խոսելով այն թեմայով, թե որն է խորհրդարանական ծեծկռտուքների լուսաբանման եւ բռնության տեսարանների տարածման սահմանը, Բորիս Նավասարդյանը նշեց. «Ամեն դեպքում ես կողմնակից եմ, որ հասարակությունն ունենա հստակ պատկերացում, թե ովքեր են իրենց պատվիրակներն օրենսդիր մարմնում: Հայաստանի ներկայիս իրավիճակում դա լավագույնն է, միգուցե կարելի է ինքնասահմանափակմամբ զբաղվել եւ խուսափել այնպիսի պատկերներից, որտեղ ակնհայտ դաժանություն կա, եւ որեւէ անձի վնասվածք ստանալու տառապանքի տեսարաններ չլինեն ԶԼՄ-ներում, բայց փաստը, որ ֆիզիկական միջոցների են դիմում պատգամավորները, պետք է հասկանալի լինի հասարակությանը»:

Դառնալով նման իրավիճակներում աշխատող լրագրողների իրավունքների ոտնահարմանը՝ մեր զրուցակիցը նշեց. «Լրագրողները մեր խորհրդարանում պետք է իրավունք ունենան նկարահանելու ամեն ինչ, քանի որ դա հանրային վայր է, որտեղ գործում են ժողովրդի ներկայացուցիչները: Նրանք իրենց գործունեության վերաբերյալ բոլոր դրսեւորումներով՝ եւ՛ դրական, եւ՛ բացասական, պետք է թափանցիկ լինեն հանրության առջեւ»:

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել