Լրահոս
Գիտե՞ս, որ…
Օրվա լրահոսը

Եվս մի փաստարկ՝ ընդդեմ կառավարության հետեւողականության եւ անկողմնակալության

Հուլիս 24,2026 17:04 Share

Մեկ տարի առաջ ճիշտ այս օրերին «Առավոտը» հարկադրված էր հեռանալ մեր գործունեության առաջին իսկ օրից սկսյալ եւ 30-ից ավելի տարիների ընթացքում Մամուլի շենքում մեր զբաղեցրած տարածքից, քանի որ պաշտոնական պատճառաբանություն էր ներկայացվում, թե պետական գույքի անհատույց տրամադրման համակարգը փոխարինվում է բացառապես վարձակալության վրա հիմնված մոդելով։

Հիշեցնենք, որ այնպես չէ, թե «Առավոտը» լիովին անհատույց էր զբաղեցնում այդ տարածքը՝ թեեւ այդ գումարն, իհարկե, անհամեմատ զիջում է վարձակալության ոլորտում առկա շուկայական գներին։ Սակայն ոչ մեզ, ոչ էլ Պետական գույքի կառավարման կոմիտեի ենթակայության ներքո գտնվող շենքերում գործունեություն ծավալող այլ ԶԼՄ-ի չառաջարկվեցին համադրելի պայմաններ, իսկ մեր դեպքում նաեւ փաստացի մերժվեց այլընտրանք առաջարկելու վերաբերյալ գրավոր դիմումը։

Մեկ տարի անց կառավարությունը որպես չզեկուցվող հարց ՝ որոշեց անհատույց օգտագործման իրավունքով տարածք տրամադրել կայքերից մեկին։

Ի դեպ, այս առումով անտեսվել է ֆինանսների նախարարության դիտողությունը, թե «Ըստ օրենսդրական փաթեթի նախնական տարբերակի և իրականացվող քննարկումների՝ պետական սեփականություն հանդիսացող գույքի վարձակալությամբ տրամադրման պարտադիր պահանջը տարածվում է պետական ընկերությունների, կազմակերպությունների, հիմնադրամների վրա։ Հաշվի առնելով, որ նախագծով նախատեսվում է անհատույց օգտագործման իրավունքով տարածք տրամադրել սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը, որի հիմնադիր է հանդիսանում ֆիզիկական անձ՝ կարծում ենք այս փուլում նման դրույթ սահմանելու անհրաժեշտություն չկա»։

Նախագծի համաձայն՝ այս ծրագրի իրականացման նպատակը հանդիսանում է «անհրաժեշտ աշխատանքային պայմանների ստեղծումը, այդ թվում՝ «Առաջին լրատվական» լրատվամիջոցի խմբագրական, տեղեկատվական, հաղորդումների պատրաստման և տարածման աշխատանքների կազմակերպումը, հանրությանը ժամանակին, հավաստի և բազմակողմանի տեղեկատվության տրամադրումը, ինչպես նաև լրատվական և մեդիա արտադրանքի ստեղծման ու տարածման համար անհրաժեշտ տեխնիկական և կազմակերպական ենթակառուցվածքների ապահովումը»։ Ըստ այդ ԶԼՄ-ի տնօրենի տրված տեղեկատվության՝ ընկերությունն իր գործունեությունը ներկայումս ծավալում է վարձակալված տարածքում, որը փոքր է և չի բավարարում ընկերության կողմից իրականացվող ծրագրերի համար։ Ընկերությունը նախատեսում է ընդլայնել իր գործունեությունը, կառուցել նոր տաղավարներ, որի համար անհրաժեշտ է լրացուցիչ տարածք։

Մինչդեռ Հայաստանի գրեթե բոլոր ԶԼՄ-ներն ունեն այդ խնդիրը եւ անկասկած կցանկանային աշխատանքային անհրաժեշտ պայմանների ստեղծման համար ստանալ անհատույց աջակցություն։ Մանավանդ որ՝ հայտնի են դեպքեր, որ անգամ հանրային մուլտիպլեքսում ընդգրկված մշակութային ծրագիր է փակվել եւ վերադարձրել հեռարձակման արտոնագիրը՝ անհրաժեշտ միջոցների բացակայության պատճառով եւ էլի ստիպված էր վարձակալել տարածք։ Նույն խնդիրն ունեն նաեւ մարզային լրատվամիջոցները, որոնք հանրօգուտ՝ ոչ քարոզչական բովանդակություն ունեցող գործունեություն են ծավալում, միակողմանի չեն եւ այլն։

Բայց դե, ի դեպ, հենց վերոհիշյալ կայքում է վարչապետի աշխատակազմի ղեկավարը 2010-2011 թվականներին միջազգային բաժնի պատասխանատու եղել։ 

Համադրեք նախագծում առկա հավաստիացումը, թե «Սույն ծրագրի իրականացման համար առաջիկա 2 տարիների համար լրատվական միջոցի կողմից իրականացվող ծրագրի ֆինանսավորման ընդհանուր մեծությունը կազմում է 10 միլիոն ՀՀ դրամ, այդ թվում` ըստ ծրագրի իրականացման տարիների», այն պայմաններում, երբ այդ ԶԼՄ-ն՝ լինելով հեղինակազորված հեռարձակող՝ անգամ չի կատարում եթեր ապահովելու իր պարտավորությունը, եւ այս օրերին նրա ալիքն այս տեսքն ունի։

Բայց շատ ակնհայտ է, թե ինչու է արվել 10 միլիոնի վերաբերյալ այս հավաստիացումը։ Սահմանված բացառությունների համաձայն՝ անհատույց օգտագործման իրավունքը երկարաձգվում կամ թույլատրվում է միայն այն հատուկ ծրագրերի համար (սպորտ, կրթություն, մշակույթ), որոնք ունեն հստակ ներդրումային պլան և արժանացել են Կառավարության առանձին հավանությանը։

«Առավոտի» վարքականոնի համաձայն՝ «լրագրողները դեմ են լրատվամիջոցների միջեւ «հարաբերություններ պարզելուն», թերթի էջերում չեն քննադատում այլ լրատվամիջոցների կամ լրագրողների, չեն պատասխանում վերջիններիս քննադատությանը»։ Ուստի այս թեմայով այլեւս չենք ծավալվի։

Մանավանդ որ՝ մնացածն ասել են լրագրողական կազմակերպությունների ղեկավարները, եւ մասնավորապես ՝ Բորիս Նավասարդյանը, ըստ որի՝ «Եթե կառավարությունը ցանկանում է աջակցել մեդիա ոլորտին, ապա դա պետք է արվի շատ հստակ մշակված մեխանիզմներով և կանոններով։ Այդ մեխանիզմները պետք է ապահովեն հավասար հնարավորություններ բոլոր լրատվամիջոցների համար՝ անկախ իշխանությունների նկատմամբ նրանց վերաբերմունքից»։ Ինֆորմացիայի ազատության կենտրոնի նախագահ Շուշան Դոյդոյանը ևս կարևորել է, որ հանրությանը հասկանալի լինեն այն չափորոշիչները, որոնց հիման վրա կառավարությունը որոշում է պետական աջակցություն տրամադրել այս կամ այն կազմակերպությանը։ Հակառակ դեպքում անխուսափելիորեն առաջանում է անհավասարության և խտրական վերաբերմունքի տպավորություն։

Եվ այս անդրադարձի առիթն ամենեւին կոնկրետ լրատվամիջոցը չէ, այլ հատկապես այն, որ առնվազն խնդրահարույց է կառավարության հավաստիացումը, թե «Որոշման նախագիծը բխում է Կառավարության 2021-2026թթ. ծրագրի 6.7 կետով սահմանված Պետական գույքի արդյունավետ կառավարման դրույթներից»։

Դարձյալ հիշեցնենք՝ 2025 թվականի սեպտեմբերին Պետական գույքի կառավարման կոմիտեի կողմից պաշտոնապես շրջանառության մեջ է դրվել օրենսդրական նոր նախագիծ, որով ամրագրվել է մինչև 2027 թվականը անհատույց մոդելից ամբողջությամբ հրաժարվելու և վարձակալական հիմունքներին անցնելու ռազմավարությունը։

Իսկ մինչ այդ էլ գործում է ՀՀ կառավարության որոշումը «Պետական գույքի անհատույց օգտագործման տրամադրման կարգը և պայմանները սահմանելու մասին», որի առանցքային կետերից են՝ պետական գույքի անհատույց տրամադրման համակարգը փոխարինվում է բացառապես վարձակալության վրա հիմնված մոդելով։

Խորհրդարանն արդեն իսկ ընդունել է  կառավարության ներկայացրած՝ «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին և կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթը, որում խոսքն անգամ բոլոր պետական մարմիններին, պետական և առևտրային կազմակերպություններին տրամադրված գույքը վարձակալությամբ հանձնելու մասին է:

«Բոլոր գույքերը, որոնք տրամադրվել են անհատույց օգտագործման սկզբունքով, այսուհետ օրենքի ընդունումից հետո աստիճանաբար անցում են կատարելու վարձակալական հիմունքներին: Արժեքը սկզբնական շրջանում որոշվելու է շուկայականին մոտարկված կադաստրային արժեքի հիման վրա հաշվարկվող բանաձևով, այնուհետև մեր նպատակն է լինելու աստիճանաբար մոտեցնել արժեքները շուկայական արժեքներին, որպեսզի տարբերություն չլինի՝ գույքը տրամադրում ենք պետական մարմնին, թե մասնավորին»,- պարզաբանել էր այդ ժամանակ դեռ ՏԿԵՆ պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահ, իսկ այժմ փոխնախարար Առնակ Ավետիսյանը:

Իսկ հիմա հիմնավորում են, թե անհատույց հանձնելը Պետական գույքի արդյունավետ կառավարման վկայություն է։ Մի այլ կարգի հետեւողական ու սկզբունքային կառավարություն ունենք, եւ ամենակարեւորը՝ անկողմնակալ:

Աննա ԻՍՐԱՅԵԼՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Հուլիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031