Լրահոս
Օրվա լրահոսը

Ներկայացվել են Հայաստանի ամերիկյան համալսարանի ծրագրերը, ամփոփվել են Բոլոնիայի քարտուղարության աշխատանքները

Փետրվար 25,2014 15:25

Վարչապետ Տիգրան Սարգսյանն այսօր խորհրդակցություն է անցկացրել Հայաստանի ամերիկյան համալսարանի կենտրոնում՝ նվիրված ՀՀ կրթության համակարգում իրականացվող բարեփոխումներին և ծրագրերին: Քննարկմանը մասնակցում էին ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը, ՀՀ կրթության և գիտության նախարարի տեղակալ Կարինե Հարությունյանը, Հայաստանի ամերիկյան համալսարանի (ՀԱՀ) ղեկավար կազմը, Բոլոնիայի գործընթացի հետամուտ խմբի (ԲԳՀԽ) քարտուղարության ներկայացուցիչները:

ՀԱՀ պատմության, կրթական, գիտահետազոտական ծրագրերի և առաջիկա անելիքների մասին համառոտ զեկուցում է ներկայացրել բուհի փոխնախագահ Աշոտ Ղազարյանը: Նա տեղեկացրել է, որ 2013 թ. սեպտեմբերից համալսարանն իրականացնում է նաև բակալավրի որակավորման աստիճան շնորհող ծրագրեր: Պատասխանելով վարչապետին հետաքրքրող հարցերին՝ պարոն Ղազարյանը մանրամասներ է ներկայացրել ուսուցման մեթոդիկայի, բակալավրի և մագիստրոսի որակավորման աստիճան շնորհող ծրագրերի, սիրիահայ ուսանողների համար, ինչպես նաև շրջաններում իրականացվող շարունակական կրթության ծրագրերի վերաբերյալ:
Այնուհետև ԲԳՀԽ քարտուղարության ղեկավար Գայանե Հարությունյանը ներկայացրել է 2012 թ. Բուխարեստում Բոլոնիայի քարտուղարությունը Հայաստանին հանձնելուց հետո մինչ օրս կատարված աշխատանքները: Մասնավորապես, իրականացվել են քայլեր՝ ԲԳՀԽ կառույցների միջև մշտական հաղորդակցությունն ապահովելու և ըստ համանախագահների պահանջի պատշաճ տեղեկատվություն տարածելու նպատակով, կազմակերպվել են սեմինարներ և քննարկումներ, լրամշակվել ու թարմացվել է Եվրոպական բարձրագույն կրթության տարածաշրջանի (ԵԲԿՏ) կայքը՝ www.ehea.info: Որպես եզրափակիչ միջոցառումներ՝ 2015 թ. մայիսին Երևանում կկայանան Բոլոնիայի նախարարական գագաթաժողովը և չորրորդ քաղաքական ֆորումը: Նախատեսվում է, որ այս նպատակով Հայաստան կժամանի շուրջ 100 երկրի պատվիրակություն:
Խորհրդակցության ավարտից հետո կառավարության ղեկավարն շրջայց է կատարել Ֆիզիկական կուլտուրայի հայկական պետական ինստիտուտում, եղել բուհի թանգարանում և լսարաններում, զրուցել ուսանողների հետ:
ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ
ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԵՎ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ
ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12
3456789
10111213141516
17181920212223
2425262728