Լրահոս
Օրվա լրահոսը

Արամ Սաթունցը «ներկայացավ» նաեւ իր գերդաստանով

Մարտ 08,2014 14:14

Երեկ «Արամ Խաչատրյան» համերգասրահում կայացավ անվանի կոմպոզիտոր Արամ Սաթունցի (լուսանկարում) ծննդյան 100-ամյակին նվիրված երեկոն, որի ընթացքում հնչեցին հոբելյարի, նրա եղբոր՝ Աշոտ Սաթյանի եւ որդու՝ Արամ Սաթյանի ստեղծագործություններից, այդ թվում՝ «Հայկական ֆանտազիան», Կոնցերտինոն՝ քանոնի եւ սիմֆոնիկ նվագախմբի համար, «Մարտիկի երգը», Կանդիդի արիան «Ցախես» օպերայից եւ այլն: Դրանք դիրիժոր Ռուբեն Ասատրյանի ղեկավարությամբ բարձրարվեստ մատուցեցին Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախումբն ու մենակատարները՝ երգիչներ Սիրանուշ Գասպարյանը, Սարգիս Աղամալյանը, քանոնահարուհի Ծովինար Հարությունյանը:

«Առավոտի» հետ զրույցում ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, երաժշտագետ Աննա Ասատրյանը նշեց, իր խոսքերով՝ «ճիշտ 24 տարի է, ինչ մեզ հետ չէ Արամ Սաթունցը, սակայն ինչպես տարիներ ու տասնամյակներ առաջ, այսօր էլ մեզ հետ է նրա երաժշտությունը»: Հավելեց նաեւ, թե Սաթունցի բազմաժանր երկերը մի կողմից խարսխված են ժողովրդական ստեղծագործության վրա, մյուս կողմից էլ առանձնանում են մեղեդիական շռայլությամբ: Եվ ինչպես կոմպոզիտորը հետագայում խոստովանել է, ինքը սովորաբար չի օգտագործել ժողովրդական մեղեդիները որպես մեջբերում, բայց հենվել է դրանց ինտոնացիոն, մետրառիթմական, լադահարմոնիկ առանձնահատկությունների վրա: Մեր զրուցակիցը պատահական չի համարում, որ Սաթունցի հատկապես երգերն ու ռոմանսները ինչպես ժամանակին, այնպես էլ այսօր մեծ ժողովրդականություն են վայելում: Երաժշտագետը հակիրճ բնութագրելով կոմպոզիտորի գեղարվեստական աշխարհն, ասաց. «Հարուստ է այդ աշխարհը, մի կողմից՝ նուրբ քնարականություն, մյուս կողմից՝ ակտիվ արձագանք իր ժամանակի խնդիրներին ու իրադարձություններին»:
Աննա Ասատրյանն անդրադարձավ երաժշտարվեստում Սաթյան ընտանիքի մյուս անվանի արվեստագետներին եւս: Հայտնեց, որ Սաթունցը իր ավագ եղբոր՝ կոմպոզիտոր Աշոտ Սաթյանի խորհրդով է ընդունվել Երեւանի կոնսերվատորիա. «Իսկ Աշոտ Սաթյանին առանձնակի ներկայացնելու հարկ չկա նույնիսկ լայն հասարակությանը: Նրա «Մարտիկի երգը»՝ Գեղամ Սարյանի խոսքերով, բոլոր ժամանակներում հուզել է մարդկանց: Սաթունցի որդին՝ Կոմպոզիտորների եւ երաժշտագետների միության ներկայիս նախագահ Արամ Սաթյանն էլ հատուկ ներկայացնելու կարիք չունի: Թեեւ Սաթունցը իր ստեղծագործական գործունեության ընթացքում չի անդրադարձել երաժշտական թատրոնին, չի գրել օպերաներ ու բալետներ, սակայն նա սկզբնավորել է Սաթյան երաժշտական ընտանիքի մի ճյուղը, որի արժանի շառավիղն է որդին՝ Արամը, ում ստեղծագործական հետաքրքրությունների կենտրոնում է նաեւ երաժշտական թատրոնը»:
Զրույցի ընթացքում երաժշտագետը հայտնեց նաեւ այսօր արտերկրյա եւ հայաստանյան երաժշտարվեստում գործունեություն ծավալած Արամ Սաթունցի, Աշոտ Սաթյանի թոռների մասին: «Սաթյան երաժշտական գերդաստանի մասին հատորյակներ կարելի է գրել: Իսկ Սաթունց ժողովրդական արտիստի, տաղանդավոր կոմպոզիտորի ու հասարակական գործչի գործունեությունն ընթացավ մի քանի ուղղություններով, յուրաքանչյուրում արձանագրելով նշանակալի ձեռքբերումներ: Դրանք են՝ ստեղծագործական գործունեությունը, երաժշտական-հասարակական ու կատարողական գործունեությունը»,- ասաց Աննա Ասատրյանը:

ՍԱՄՎԵԼ ԴԱՆԻԵԼՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31