Լրահոս
Օրվա լրահոսը

Եկեք մի ասեք երբեք. «Հայկական ժամանակ»

Մարտ 27,2014 11:17

Մինչ խորհրդարանական ոչ իշխանական չորս ուժերը վարչապետին անվստահություն հայտնելու գործընթաց են իրականացնում՝ հայտարարելով, թե թեկնածուի հարց դեռ չեն քննարկել, այդ ուժերից մեկի՝ ԲՀԿ-ի ներկայացուցիչները պարբերաբար խոսում են Ռոբերտ Քոչարյանի՝ վարչապետ դառնալու հավանականության մասին։

Միայն նախորդ մի քանի օրերի ընթացքում արդեն երկու ԲՀԿ-ական են այդ մասին խոսել, անցյալ շաբաթ նման մի հայտարարություն արեց ԲՀԿ-ական պատգամավոր Գրիգոր Գրիգորյանը, երեկ էլ այդ մասին խոսել էր ԲՀԿ վարչության անդամ Վարդան Բոստանջյանը։ Հարցին՝ չե՞ք բացառում, որ 4 ուժերի սկսած գործընթացը ինչ-որ առումով կապ ունենա Ռ. Քոչարյանին վարչապետի պաշտոնին բերելու հետ, Բոստանջյանը պատասխանել էր. «Ես նման բան չեմ ասում, բայց ոչինչ էլ չեմ բացառում։ Դա այնպիսի հարց է, որ այդպես զարմանալու չէ, ու մեծ հավանականություն միշտ կա, հատկապես Ռոբերտ Քոչարյանի կտրվածքով»։

Ինչպես են վերաբերվում սույն հայտարարություններին մյուս ուժերը, եւ ինչպես է պաշտոնապես մեկնաբանում ԲՀԿ-ն իր անդամների հայտարարությունները։ ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը մեր այդ հարցին պատասխանեց. «Այդպիսի հեռանկար չկա, այդպիսի խնդիր չի էլ քննարկվում։ Դրա մասին մենք երբեք չենք էլ խոսել, մենք խոսել ենք այն փաթեթի մասին, որով մենք պատկերացնում ենք ոչ միայն կառավարության փոփոխություն, այլ նաեւ քաղաքականության եւ ծրագրերի փոփոխություն։ Թե հետո ինչ կլինի, նախ, ես դեռ այդքան չեմ հավատում, որ կփոխվի, ինչի՞ մասին է խոսքը։ Մեր բոլոր կանխատեսումներն այն են, որ չի փոխվելու։ Հիմա շատ «եթե»-ներ են այստեղ։ Գլխավոր, ամենահավանական տարբերակը թողած ինչ-որ ավելի երկրորդական տարբերակ քննարկենք, իմաստ չունի»; Թեեւ, ըստ Ռուստամյանի, քաղաքականության մեջ ոչինչ բացառել հնարավոր չէ։ Այսինքն՝ եթե ԲՀԿ-ն առաջադրի Քոչարյանի թեկնածությունը վարչապետի պաշտոնում, դուք կհամաձայնե՞ք՝ հարցին ՀՅԴ խմբակցության ղեկավարը պատասխանեց. «Ո՛չ։ Այդպիսի հարց ե՞րբ է քննարկվել, որ մի հատ էլ կողմ լինի Դաշնակցությունը։ Մենք մեր տեսակետներին ենք կողմ։ Ով մեր տեսակետները կպաշտպանի ամբողջությամբ, կհամաձայնվի մեզ հետ, մենք կողմ ենք իրեն եւ իր հետ կարող ենք երկարաշունչ ինչ-որ ծրագրերի մասին խոսել։ Բայց այսօր բացարձակապես այդպիսի հարց օրակարգում չկա»։ Ըստ նրա՝ եթե Սերժ Սարգսյանն էլ ընդունի իրենց տեսակետները, իրենք Սարգսյանին էլ կպաշտպանեն, քանի որ անձերի խնդիր չեն դրել։ Հարցին՝ պատահակա՞ն եք համարում ԲՀԿ-ականների կողմից իրար հետեւից հնչեցրած հայտարարությունները Քոչարյանի վերաբերյալ, Արմեն Ռուստամյանը պատասխանեց. «Դե, չեմ կարող ասել, չգիտեմ՝ ինչ են իրենց խոհանոցում քննարկում, դա իրենց հարցրեք»։

ԲՀԿ մամուլի խոսնակ, ԲՀԿ-ական պատգամավոր Տիգրան Ուրիխանյանը մեզ հետ զրույցում ասաց, թե Վարդան Բոստանջյանի արտահայտությունները իր խիստ անձնական արտահայտություններն են, դրանք համաձայնեցված չեն ԲՀԿ քաղաքական խորհրդի հետ, հետեւաբար՝ պաշտոնական որեւէ դիրքորոշման հետ կապ չունեն։ Երբ հիշեցրինք, որ սա արդեն 2-րդ նման դեպքն է 1 շաբաթվա ընթացքում, նա պատասխանեց. «Ես ձեզ տվեցի պատասխան»:

Մեկ այլ ԲՀԿ-ական պատգամավոր՝ Միքայել Մելքումյանը, մեր նույն հարցին՝ ի՞նչ են նշանակում ԲՀԿ ներկայացուցիչների հայտարարությունները Ռոբերտ Քոչարյանի վարչապետ դառնալու վերաբերյալ, պատասխանեց. «Չէ, բայց դա ի՞նչ հարցադրում է, այսինքն, ո՞նց մենք իմանանք՝ ով է։ Դեպքեր են, քաղաքականություն է, «եթե»-ներով չենք խոսում։ Քաղաքականության մեջ կա կոնկրետ իրավիճակ, կոնկրետ պայմաններ եւ հարցերի կոնկրետ գնահատական»։ Այսինքն, ԲՀԿ-ն աշխատելո՞ւ է, որ Քոչարյանը դառնա վարչապետ, Մելքումյանը պատասխանեց. «Նման հարց չի քննարկվել։ ԲՀԿ-ն անձերի հարց չի լուծում, ԲՀԿ-ն կուրսի փոփոխության խնդիր է լուծում։ Մնացած բոլոր բաները ածանցյալ են։ Հիմա ակտուալ չէ այդ հարցը»։ Երբ հիշեցրինք, որ այդուհանդերձ, արդեն երկու հանրությանը ոչ անհայտ ԲՀԿ-ականներ են նման հայտարարություններով հանդես եկել, Մելքումյանն արձագանքեց. «Ես չգիտեմ, ես ասում եմ, որ դեռ պրոցես է գնում, ժամանակից շուտ է այդպիսի հարցադրում անելը։ Ես իմաստալից չեմ համարում բացառել– չբացառելը, որովհետեւ քաղաքականությունը կոնկրետ իրավիճակի գնահատական է եւ կոնկրետ պայմաններ են։ Հիմա մենք ճանապարհի վրա ենք, պետք է գա պատեհ, ողջամիտ մի իրավիճակ, նոր գնահատական տանք, բայց կոռեկտ չեմ համարում այդ հարցադրումը»:

Լուսինե ԲԱՐՍԵՂՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական ժամանակ» թերթի այսօրվա համարում

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31