Լրահոս
Օրվա լրահոսը

ՀՀԿ-ն կարող է նաև իրեն թույլ տալ վարչապետի պաշտոնը ոչ հանրապետականի վստահելու «շռայլությունը». Արմեն Աշոտյան

Ապրիլ 04,2014 13:15

ՀՀ ԿԳ նախարար Արմեն Աշոտյանն այսօր, պատասխանելով լրագրողների՝ վարչապետ Տիգրան Սարգսյանի հրաժարականին վերաբերող հարցերին, ասաց, որ նախապես տեղյակ չի եղել, որ վարչապետը պատրաստվում է հրաժարական տալ, «Վարչապետը, բնականաբար, որևէ պարտավորություն չունի նման տեսակի հարցերում տեղյակ պահելու իր նախարարներին»,- ասաց Ա. Աշոտյանը և հավելեց, որ վարչապետի հրաժարականն ապացույցն է այն բանի, որ կառավարության կազմավորումը բացառապես կախված է քաղաքական մեծամասնության և երկրի նախագահի որոշումներից. «Կարծում եմ, որ սա բնական գործընթաց է, որովհետև կառավարությունները գալիս են, աշխատում և գնում: Սահմանադրական գործընթացը մեր երկրում ենթադրում է, որ կառավարությունները կազմավորվում են և հրաժարականներ են ներկայացնում բացառապես քաղաքական մեծամասնության որոշմամբ»,- ասաց ԿԳ նախարարը:

Նա վարչապետի պաշտոնում տեսնում է մի շարք, իր խոսքով՝ արժանավոր մարդկանց,  որոնց քաղաքական մեծամասնությունը, նրա համոզմամբ, կարող է վստահել նոր կառավարության կազմավորումը և երկրի հետագա զարգացման ծրագրերի մշակումը: Նախարարը, սակայն, հրաժարվեց անուններ տալուց:

Վարչապետի թեկնածուներ տեսնո՞ւմ է արդյոք ընդդիմությունից:

«Հանրապետական կուսակցությունը, հանդիսանալով երկրի քաղաքական համակարգի հիմնական շարժիչ ուժը, առանցքը, ողնաշարը, իրեն կարող է թույլ տալ նաև նման տեսակի «շռայլություններ»՝ այսպիսի մի աշխատանք վստահելու ոչ հանրապետական, բայց, այնուհանդերձ, քաղաքական մեծամասնության մաս կազմող մարդկանց»,- պատասխանեց Ա. Աշոտյանը:

Ինչ վերաբերում է Տ. Սարգսյանին, Ա. Աշոտյանն ասաց. «Ես խորին հարգանք ունեմ  Տ. Սարգսյանի նկատմամբ և շատ բարձր եմ գնահատում այն հինգ տարիները, որ պատիվ եմ ունեցել աշխատելու նրա կառավարությունում՝ որպես ԿԳ նախարար՝ հատկապես հաշվի առնելով այն ուշադրությունը, որ նա ունի կրթության և գիտության ոլորտների նկատմամբ: Նրա հետ աշխատելը շատ հեշտ և շատ դժվար էր միաժամանակ: Հեշտ էր, որովհետև հնարավոր էր գործնական, կառուցողական դաշտում խնդիրները քննարկել և լուծել, դժվար էր, որովհետև նա խորամուխ էր լինում բոլոր տեսակի հարցերի մեջ»:

Լրագրողի հարցին, թե արդյո՞ք ԲՀԿ-ի ճնշումներն ազդել են վարչապետի հրաժարականի վրա, նախարարը պատասխանեց, որ լրագրողն ինքն էլ, հավանաբար, չի հավատում իր ձևակերպած հարցին և հավելեց. «Որքանով որ ես եմ տեղյակ, երեկվա մեր կուսակցական նիստն իր արդյունքով բուռն անակնկալ էր նաև «քառյակի» համար, և, որքան ես հասկացա, այն բոլոր թղթերը, որ նրանք գրել-ջնջել էին մոտակա ամիսների համար՝ քաղաքական գործողությունների մշակումներ, պլաններ և այլն, պետք է ուղղակի նետեն աղբարկղը, որովհետև ակնհայտ է, որ իշխանությունը շատ ավելի հեռու է գնում իր ծրագրերով, քան «քառյակի» որոշումները փորձում են հասնել իշխանության ծրագրերին»:

Սիրանուշ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Ողջույն ՀՀԿ Գործադիր Մարմնի Տիարք, (04 Ապրիլի 2014թ.)

    Ստեղծել Նոր Գիտության Նախարարություն

    Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանի հրաժարականից հետո, երբ պետք է կազմվի նոր կառավարություն, հույսի շող առաջացավ, որ ժամանակն է փոխելու նաև Հայաստանի կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանին։
    Ինքներեդ դատեք, ես «Facebook»-ում կարդացի թե ինչպես է մեր նախարարը հպարտանում որ վեց տարուց ավել նա անդամակցում է այդ համացանցին։ Այնպես է ուրախանում կարծես թե մեր Հայկական և իր կողմից ստեղծված, նոր սոցիալական համացանցի մասին է խոսքը և ոչ թե օտար երկրի հետախուզական լրտեսման գործիքի մասին։
    Ես կարդացել եմ Պր. Աշոտյանի «Facebook»-ում կատարած իր բոլոր գրառումները և լրատվական միջոցներով տարածված իր հոդվածները։ Իմ հետազոտության արդյունքները պարզել են, որ «գիտություն» բառի որոնման ժամանակ, չնչին – 2% տարբերությամբ, այն հանդիպում ենք միայն իր պաշտոնի անվան՝ «…գիտության նախարար» բառակապակցության մեջ։ Պր Աշոտյանի ողջ գործունեությունը, համաձայն իր վեց տարվա «Fasebook»-յան գրառումների, ամբողջությամբ վերաբերվում է միայն կրթության ասպարեզում իր կատարած փորձարարական-նորարական հերոսություններին։ Բայց ու՞ր մնաց գիտության ասպարեզը, որը նույնպես իր պաշտոնի մասն է կազմում։ Արդյո՞ք ինքը գաղափար ունի թե ինչի մասին է խոսքը և ինչպե՞ս պետք է այն հաղթահարել։
    Բայց ինչպես կարող է մեկը գաղափար ունենալ հիմնարար գիտությունների մասին (տեսական ֆիզիկա, մաթեմատիկա և այլն…), ով ավարտել է բժշկական համալսարանը։ Մենք շատ լավ գիտենք թե ովքե՞ր են ընդունվում բժշկական համալսարան և ինչ՞ու համար են ընդունվում…
    Եվ այդպիսի կրթական անցյալ ունեցող անձը պետք է փրկի Հայաստանի կործանվող գիտությունը։ Եթե այդքան լավ է ավարտել բժշկական համալսարանը, ապա նշանակեք իրեն առողջապահության նախարար և ոչ թե գիտության նախարար։ Ես տեղյակ եմ նաև Պր. Աշոտյանի կայծակնային մտածողության կարողությունների մասին որոնք լավագույնս դրսևորվում են «ԿՎՆ» սովետասիոնիստական մրցախաղերում։
    Պր. Արմեն Աշոտյանը իրազեկ չէ գիտական ասպարեզին, պատկերացում չունի թե ինչ՞ի մասին է խոսքը, ի՞նչ պետք է անել և հետևաբար ի վիճակի չէ այն կառավարելու։ Երկու կարծիք չի կարող լինել այս մասին։
    Բայց քանի որ Պր. Արմեն Աշոտյանը ՀՀԿ Նախագահի տեղակալն է և հասկանում եմ որ առանց պաշտոն չի կարող մնալ, հետևաբար ես առաջարկում եմ հետևյալ լուծումը։

    Հայաստանի կրթության և գիտության նախարարությունը տրոհել երկու նոր նախարարությունների՝ առանձին կրթության նախարարության և առանձին գիտության նախարարության։
    Մենք Հայաստանում ունենք այնպիսի նախարարություններ որ Աշխարհը չունի և ոչինչ չի պատահի եթե ունենանք նաև առանձին գիտության նախարարություն։
    (Պետք է շտապել այս հարցում քանի դեռ շախմատի նախարարություն չի ստեղծվել։ – կատակ)
    Թող կրթության նախարար մնա ձեր սիրասուն զավակ Արմեն Աշոտյանը, իսկ գիտության նախարարի համար խորհուրդ եմ տալիս ընտրել գործից հասկացող բանիմաց մեկին, լավ կլինի լինի տեսաբան ֆիզիկոս, և պարտադիր չէ նաև որ նա լինի կուսակցական։ Բայց պարտադիր է որ նա երբևէ գրանտակեր եղած չլինի։

    Կեցցե՛ Արորդիների Հայրենիք Հայաստանը

    Ռոբերտ Նազարյան
    [email protected]

    Հ.Գ. – Իհարկե հասկանում եք որ ես անձնապես չեմ ճանաչում Պր. Արմեն Աշոտյանին և ոչ մի անձնական թշնամանք չունեմ իր նկատմամբ։ Ես բացառապես ղեկավարվում եմ Հայաստանում ազգային գիտության վերազարթոնքի տեսլականով, որին խանգարում է Պր. Արմեն Աշոտյանը։

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930