Լրահոս
Օրվա լրահոսը

Քառյակում տարբեր մոտեցումներ կան ամբողջական իշխանափոխության վերաբերյալ (Տեսանյութ)

Ապրիլ 04,2014 16:27

«Այսօրվա աշխատանքային հանդիպումը նախատեսված էր: Բայց, բնականաբար, վարչապետի կամ կառավարության հրաժարականը դարձավ հիմնական օրակարգային հարցերից մեկը: Մենք արձանագրեցինք, որ վարչապետի հրաժարականն արդյունք էր  հիմնականում չորս ուժերի համատեղ գործունեությունների և, եթե նկատի ունենանք, որ նախատեսված էին հանրահավաքներ Գյումրիում, Վանաձորում, նաեւ 28-ին`Երեւանում, հասկանալի էր, որ սա բոլորովին այլ իրավիճակ էր ստեղծելու հանրապետությունում: Եվ անկախ նրանից, որ իշխանության ներկայացուցիչները, իրենց լրատվամիջոցներն ուզում են ներկայացնել, որ սա ընդհանրապես կապ չուներ չորս քաղաքական ուժերի համագործակցության հետ, մենք արձանագրեցինք, որ հիմնականում եւ ըստ էության, վարչապետի հրաժարականը պայմանավորված էր չորս ոչ իշխանական ուժերի համատեղ գործողություններով, որն այս երեք-չորս ամիսների ընթացքում տեղի ունեցավ»,-այսօր, խորհրդարանական ոչ իշխանական ուժերի հերթական համատեղ նիստից հետո, լրագրողների հետ զրույցում հայտարարեց «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանը:

Ruben-Hakobyan

Նա նաեւ պնդեց, որ չորս ուժերը հաստատակամ են հետագայում շարունակել համատեղ աշխատանքը: Ստեղծված նոր իրավիճակում յուրաքանչյուր քաղաքական ուժ կքննարկի, կառաջարկի իր մոտեցումները: Նաեւ համարյա պատրաստ է չորս քաղաքական ուժերի համատեղ հայտարարության նախագիծը`պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգի վերաբերյալ: Քառյակն իր հայտարարության մեջ կանդրադառնա նաեւ ՍԴ որոշումից հետո ստեղծված խառնաշփոթին:

Ի դեպ, ուշագրավ էր, որ մոտ երկուսուկես ժամ տեւած հանդիպումից առաջինը դուրս եկան ԲՀԿ-ի եւ ՀՅԴ-ի ներկայացուցիչները: «Ժառանգության» եւ ՀԱԿ-ի ներկայացուցիչները դեմ 10-15 րոպե առանձին ինչ-որ մանրամասններ էին հստակեցնում:

Լրագրողների դիտարկմանը, թե պարզ է, որ գալիք քառօրյայում վարչապետի հրաժարականի հարցն արդեն չի կարող լինել օրակարգում, իսկ նախատեսված եռօրյա-շուրջօրյա հանրահավաքները լինելո՞ւ են, բանախոսը պատասխանեց. «Միասնական միջոցառումների հարցը մեր օրակարգում կա եւ առաջիկայում կհստակեցնենք, թե ե՞րբ ենք պատրաստվում միասնական միջոցառումներ իրականացնել»:

ՀՀԿ-ական Արմեն Աշոտյանն ասել էր, որ քառյակը պետք է աղբարկղ նետի իր բոլոր պլանները: Լրագրողների հարցին`պատրաստվո՞ւմ են ականջալուր լինել, Ռուբեն Հակոբյանն ասաց. «Ես չգիտեմ`ով ինչ է ասել, ես կարծում եմ պետք  է փորձենք արտահայտվել կոռեկտության սահմաններում: Ես կարծում եմ, որ մարդ, ով զբաղվում է քաղաքականությամբ եւ փորձի թեկուզ գեղեցիկ ձեւակերպումներով ասել, թե այն, ինչը տեղի ունեցավ կառավարության հետ քաղաքական մեծամասնության ցանկությունն էր եւ չորս քաղաքական ուժերի համագործակցությունը դեր չի խաղացել, ուրեմն, լավագույն դեպքում, նա չի հասկանում քաղաքականությունից, իսկ մյուս դեպքում, ուղղակի հասկանում է, որ չորս քաղաքական ուժերի գործոնը շատ ակնհայտ էր եւ դրա արդյունքում էր, որ…»:

Վարչապետի անձին, այդ թվում նաեւ հավանականությանը, որ նա կարող է ընդդիմությունից լինել, վերաբերվող լրագրողների բոլոր հարցերին Ռուբեն Հակոբյանն ասաց, որ քառյակի մոտեցումը մեկն է եղել`անհատի հարց չդնել. «Մեր մոտեցումը հետեւյալն էր`մենք համակարգայի փոփոխության էինք գնում: Իսկ այն ծրագիրը, որը մշակման փուլում էր, որպես այլընտրանք պետք է ներկայացվեր ապրիլի 28-ին»:

Հարցին`կարո՞ղ ենք այլեւս փաստել, որ քառյակը պատրաստ է աշխատել` ամբողջական իշխանափոխության հասնելու համար, Ռուբեն Հակոբյանը պատասխանեց. «Բնականաբար, այդպիսի քննարկում, այդպիսի օրակարգ այսօր մենք չունեինք: Բայց տարբեր քաղաքական ուժեր այս քառյակում տարբեր մոտեցումներ ունեն: «Ժառանգության» մոտեցումը ամբողջական իշխանափոխությունն է եւ համակարգային փոփոխությունները»:

Մնացյալ ուժերի մոտեցումները Ռուբեն Հակոբյանը չբարձրաձայնեց: Նկատենք, սակայն, որ ամբողջական իշխանափոխության մասին ցայսօր խոսել է նաեւ ՀԱԿ-ը: ԲՀԿ-ն եւ ՀՅԴ-ն մինչ այժմ այդ հարցի վերաբերյալ ձեռնպահ պատասխաններ են տվել:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Հ. Գ. Ավելի ուշ, հարցին`ինչո՞ւ ԲՀԿ-ականներն ու ՀՅԴ-ականները շուտ դուրս եկան, ի՞նչ ունեին ՀԱԿ-ն ու «Ժառանգությունն» առանձին քննարկելու, Ռուբեն Հակոբյանը հումորով պատասխանեց. «Դեռ սուրճը չէր վերջացել, մենք շարունակեցինք մեր սուրճը ըմպել»: Հարցին էլ`հնարավո՞ր է, որ ՀԱԿ-ն ու «Ժառանգությունը» կողմ են ամբողջական իշխանափոխության, իսկ ԲՀԿ-ն եւ ՀՅԴ-ն`ոչ, պատասխանեց. «Բոլոր դեպքերում, մենք մեկ անգամ ևս հաստատեցինք, որպեսզի չորս ոչ իշխանական ուժերը շարունակեն իրենց համատեղ գործունեությունը եւ մենք ցանկանում ենք, որ այս ուժը, որը իսկապես ոգեւորություն է առաջացրել, քաղաքական դաշտում նոր իրավիճակ է առաջացրել, համաձայնության դաշտում կարողանան շարունակել իրենց համատեղ գործունեությունը»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930