Լրահոս
Օրվա լրահոսը

«Սկսած Վիգեն Սարգսյանից, վերջացրած Կարեն Կարապետյանով, բոլորը հավանական թեկնածուներ են»

Ապրիլ 04,2014 18:08

Երեկվանից մամուլում, սոցցանցերում բուռն քննարկվում է վարչապետի հավանական թեկնածուների ցանկը: Ամենաշատը շոշափվում էր երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի անունը, մինչ Վիկտոր Սողոմոնյանը հանդես կգար հայտարարությամբ եւ կբացառեր այդ վարկածը:

Այս առնչությամբ Aravot.am-ի հետ զրույցում ապրիլի 4-ին Կովկասի ինստիտուտի տնօրեն, քաղաքագետ Սերգեյ Մինասյանն ասաց. «Յուրաքանչյուրը կարող է լինել ՀՀ հաջորդ վարչապետը: Ինչ վերաբերում է Ռոբերտ Քոչարյանին, ես ընդհանրապես այդ տրամաբանությունը չեմ ընդունում, որովհետեւ դա հակասում է տրամաբանությանը: Կարծում եմ, որ ով-ով, Սերժ Սարգսյանը շատ լավ գիտի, թե ինչ է տեղի ունենում, երբ որ Ռոբերտ Քոչարյանին նշանակում է վարչապետ: Հետևաբար` սպասել, որ ասենք, Սերժ Սարգսյանը կգնա մի քայլի, որը նման կլինի քաղաքական ինքնասպանության, դա անտրամաբանական է: Կարծում եմ, Վիկտոր Սողոմոնյանը կարող էր դրա մասին չխոսել, եւ մարդիկ, որոնք քաղաքականության հետ որեւէ կապ ունեն Հայաստանում, շատ լավ հասկանում են, որ ամենավերջինը, որ կաներ Սերժ Սարգսյանն այս վիճակում, դա այն է, որ առաջարկեր Ռոբերտ Քոչարյանին այդ պաշտոնը: Մնացած այլ մարդկանց՝ սկսած Վիգեն Սարգսյանից, վերջացրած Կարեն Կարապետյանով, բոլորը հավանական թեկնածուներ են»:

Քաղաքագետը վստահեցրեց, որ Սերժ Սարգսյանը որեւէ կարիք եւ անհրաժեշտություն չունի նոր վարչապետի նշանակումը համաձայնեցնելու որեւէ մեկի հետ. «Այլ բան է, եթե ԲՀԿ-ն ունենա ավելի հստակ քաղաքական դաշտ, ինքն առաջարկի որոշ պաշտոններ ԲՀԿ-ին, եթե ԲՀԿ-ն համաձայնի: Հակառակ դեպքում ինքը կնշանակի մի մարդու՝ ՀՀԿ-ականի, կամ մեկի, որը իր թիմից է, եւ դա շատ տրամաբանական կլինի: Կարծում եմ, այս պահին այն անձը, որը պետք է ղեկավարի կառավարությունը, Սերժ Սարգսյանն արդեն շատ հստակ պատկերացում ունի: Իրականում խնդիրը նրանում է, որ վարչապետի հրաժարականը տեղի չի ունեցել 4 ուժերի գործունեությամբ, եւ ՍԴ-ի որոշումն էլ դա պատճառը չէր, միայն առիթ կարող էր հանդիսանալ, բայց ոչ ավելին: Մենք վերջին ամիսներին տեսնում ենք, որ նախագահը ոչ բարենպաստ իրավիճակում է, եւ վարչապետի հրաժարականը հարմար առիթ է՝ ներքաղաքական լարվածությունը որոշ չափով նվազեցնել: Իհարկե, դա ոչ մի տեղ չի կորչի, հասկանալի է, որ ում էլ, որ ինքը նշանակի նոր վարչապետ, ով էլ մտնի նոր կառավարության մեջ, մի քանի օր հետո նույն սոցիալական եւ քաղաքական լարվածությունը կկրկնվի նոր թափով: Բայց այս պահին դա որոշ չափով լիցքաթափման դեր կարող է խաղալ եւ արդեն խաղում է»:

 

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930