Լրահոս
Օրվա լրահոսը

«Ախր մի քիչ գրագիտություն սովորեցրեք, տարիքն առած մարդիկ եք»․ Գեղամ Մանուկյանը դիմեց Անդրանիկ Քոչարյանին, Կնյազ Հասանովին

Նոյեմբեր 17,2026 12:01 Share
Աջակցեք aravot.am-ին

«Պարոն Մանուկյանն ասում է՝ Սահմանադրությանը դեմ ենք, որովհետև այն ալիևյան է։ Պարոն Եղոյանը այստեղից ճիշտ մեջբերում է այն բոլոր թեզերը, որոնք ասում է ընդդիմությունը և ասում է Ալիևը, և դրանք համընկնում են։

Ինչի՞ է այդպես ստացվում։ Ուզում եք՝ ես ձեզ մի գաղտնի՞ք բացեմ, հարգելի՛ գործընկերներ, որը մեկ անգամ արդեն այս ամբիոնից բացել եմ։ Հայաստանի քաղաքական դաշտում միակ բանը, որ ալիևյան է, դա Ռոբերտ Քոչարյանն է։ Գիտե՞ք ինչի։ Ռոբերտ Քոչարյանը միակ մարդն է Հայաստանի քաղաքական դաշտում, որ երբևէ երաշխավորագիր է ստացել Ալիևից։ Ռոբերտ Քոչարյանը ադրբեջանական կոմունիստական կուսակցությանն անդամակցել է Հեյդար Ալիևի երաշխավորագրով։ Սրա մասին պատմում է ռուս հայտնի լրագրողներից մեկը»,- ԱԺ ամբիոնից հայտարարեց ԱԺ փոխնախագահ Վահագն Ալեքսանյանը։

«Լռե՛ք, պարոն Մանուկյան, ելույթ կունենաք։ Պարոն Մանուկյան, դուք էլ միշտ չի, որ ճշմարտության խոսափող եք, բայց մենք տեղից չենք գոռում»,- միջամտեց Ռուբեն Ռուբինյանը՝ սաստելով Գեղամ Մանուկյանին, որը դահլիճից գոռում էր, թե Վահագն Ալեքսանյանը սուտ է ասում։

«Փաստացի հասկանում եք՝ ալիևյան սահմանադրության դեմ կատաղի պայքար մղող քաղաքական ուժի առաջնորդը հենց ինքը ալիևյան է։ Հասկանում եք պահի ողջ ցինիզմը, հա՞։ Ի դեպ, այստեղ մի կարևոր բան էլ կա. ըստ պարոն Վենեդիկտովի՝ հենց այդպես էլ ասում է, որ իրեն դիմել է Ռոբիկ, չի դիմել Ռոբերտ, պարոն Քոչարյան, դիմել է Ռոբիկ, ֆիքսենք։ Դրանից հետո Հայաստանում «Ռոբ» դիմելու համար ինչ-որ հայտնի դեպքեր են տեղի ունեցել… Այնտեղ հայտնի դեպք տեղի չի ունեցել»,- շարունակեց իշխանական պատգամավորը։

Մանրամասները՝ տեսանյութում

ՔՊ-ն, հիշեցնենք, դեմ քվեարկեց «Հայաստանի Հանրապետությունում ժողովրդավարության հետընթացը, քաղաքական հալածանքների ենթարկվող անձանց իրավունքների պաշտպանությունը և իրավական երաշխիքները» թեմայով խորհրդարանական լսումների արդյունքում հրապարակված հայտարարության նախագծին։ Այն չընդգրկվեց քառօրյա նիստերի օրակարգում։ Հարցի վերաբերյալ թեժ քննարկում ծավալվեց։

«Զվարճալի մարդիկ եք․ ուզում էիք՝ լսումները լսեիք, գայիք այստեղ լսեիք, ինչի՞ էիք ռադիոյով լսում։ Օրինակ՝ որ դուք լսում էիք կազմակերպում, երբ հիշում եք Արգիշտի Քյարամյանի և Հովիկ Աղազարյանի միջև տհաճ միջադեպ եղավ, ես այստեղ նստած էի, ուզում էի լսեի, եկա, լսեցի, մի բան էլ տեսա»,- ՔՊ-ականներին դիմեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը։

Հավելեց՝ Վիլեն Գաբրիելյանը վտանգավոր պատուհան բացեց․ «Սրանով դուք վաղը-մյուս օրը գիտե՞ք ինչ եք անելու՝ ասելու եք՝ իսկ ովքե՞ր են գալու, խոսալու ձեր հանրային լսումներին, հլը մի հատ ցանկը բերեք, հլը մի հատ ելույթները բերեք։ Այսինքն՝ ժողովրդավարության մասին խոսող մեր գործընկերները ի՞նչ են ասում… Ասում են՝ հանրային լսումների ցանկը բերեք, հլը մենք կհաստատենք, հետո կորոշենք՝ թողնենք այստեղ մարդիկ խոսան, թե չէ»։

Վահագն Ալեքսանյանի ելույթի մասով էլ հավելեց․ «Ինչ է ասել Հեյդար Ալիևը… Տարբեր բաներ է ասել, բայց ի՞նչ է ասել… Իլհամ Ալիևը Նիկոլ Փաշինյանի մասին… Վայ-վայ-վայ-վայ-վայ… Ամոթ է, այստեղ չխոսեմ… »։

Մանրամասները՝ տեսանյութում

Վահագն Ալեքսանյանի ելույթին անդրադարձավ նաեւ Գեղամ Մանուկյանը․ «Մի քանի օր առաջ՝ 44-օրյա պատերազմի ավարտի օրերին, Իլհամ Ալիևը տարբեր հարթակներում, նաև Արցախի օկուպացված տարածքում, հոխորտում էր Հայաստանի Հանրապետության դեմ։ Այս քաղաքական մեծամասնությունից՝ ՔՊ-ից, գոնե մեկը չեղավ մի թթու բառ ասի, բայց քիչ առաջ հակադաշնակցականությունը՝ «Հայաստան» խմբակցության դեմ պայքարի այդ կիրքը, մղեց ամենավերջին բառերն ասել՝ ինչպես Իլհամ Ալիևի, այնպես էլ Հեյդար Ալիևի հասցեին։ Հակադաշնակցականությունն այս իշխանության այնպիսինն է, որ այլևս էդ մի պահը վախը թողնում են, հանկարծ Իլհամ Ալիևին չնեղացնել»։

Նա դիմեց ՔՊ-ականներ Անդրանիկ Քոչարյանին, Կնյազ Հասանովին, Սերգեյ Բագրատյանին՝ հորդորելով, խմբակցության երիտասարդ անդամներին բացատրել, որ Սովետական Միության ժամանակ եղել է Սովետական Միության կոմունիստական կուսակցություն, ոչ թե առանձին հանրապետությունների կոմունիստական կուսակցություն․ «Ու մի քիչ բացատրեք՝ այդ ժամանակ կուսակցության անդամ ընդունվելու համար երաշխավոր ով կարող էր դառնալ, չընկնեն ադրբեջանական ագիտպրոպի գիրկը, դառնան գերի, որ համարեն, թե Ադրբեջանի կոմունիստական կուսակցության առաջին քարտուղարը Արցախում, Ստեփանակերտում որևէ մեկի կուսակցության անդամ դառնալու երաշխավոր կարող է կանգնի։ Ախր մի քիչ գրագիտություն սովորեցրեք էլի գոնե դուք։ Դուք տարիքն առած մարդիկ եք, կյանք տեսած մարդիկ եք»։

Մանրամասները՝ տեսանյութում

 

Ամբողջական տեսանյութը՝ այստեղ

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Նոյեմբեր 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30