Լրահոս
Օրվա լրահոսը

Զինվորը եւ շինարարը

Ապրիլ 19,2014 14:15

Ապրիլի 14-ին լրացավ Իլյա Կեւորկովի 100-ամյակը

Մենք չենք կարող անցյալն անցյալում թողնել. չէ՞ որ այնտեղ մեր հայրերն ու պապերն են մնացել: Անցյալի հանդեպ միակ համարժեք վերաբերմունքը, թերեւս, այն արդարացի մեկնելն է: Պատմաբաններն ասում են, թե խորհրդային տարիներին ամբողջատիրական ռեժիմը ճնշում էր անձը՝ ի շահ պետության, եւ նրանք, երեւի, իրավացի են: Բայց, զարմանալի ձեւով, այդուհանդերձ, որոշ անձինք պահպանում էին իրենց հոգեւոր առանցքը՝ խիղճը, պատիվն ու առաքինությունը:

5-4 5-3 5-2

***
Եվ հետո, ինչպես 90-ականներին գրեց Հրանտ Մաթեւոսյանը, այդ տարիներին մարդիկ մեծ երկրի քաղաքացիներ էին, եւ դա զերծ էր պահում գավառականությունից, մանրոգությունից: Լայնախոհ, բազմակողմանի զարգացած մարդիկ շատ էին: Մեր հերոսի՝ Իլյա Կեւորկովի կյանքի նկարագիրն էլ է դա վկայում. ծնվել է Հին Նախիջեւանում, ծնողների հետ 1915թ. գաղթել է Ռուսաստան, մեծացել Պյատիգորսկում, մասնակցել Ռուս-ֆիննական պատերազմին, Մեծ հայրենականի առաջին իսկ օրերից զորակոչվել ճակատ, գործուղվել է Թեհրան. այդտեղից է սկիզբ առել Գեւորգ ու Գոհար Վարդանյանների հետ նրա մտերմությունը: Պատերազմից վերադարձել է շքանշաններով ու մեդալներով. դրանց մեջ ամենաշատը սիրում էր ֆրանսիական Պատվո լեգեոնի Կոմանդորի շքանշանը: Հետագայում տեղափոխվել է Երեւան, աշխատել է Կիրովականում, նորից Երեւանում:

***
Բարիքներ ձեռք բերելու գործում վերջինն էր, պատասխանատվությունն իր վրա վերցնելու գործում՝ առաջինը: «Ոչինչ, մի մտածեք, ես դրա պատասխանը կտամ»,- ասել է նա մի շատ սուր իրավիճակում:

***
Միշտ լավ հագնված, ձիգ ու կոկիկ՝ այս կեցվածքը տանում է արտաքինից առ ներքին՝ բարձր ճաշակ, ինքնահսկողություն, զգաստություն: Նա իր հանդեպ խիստ պահանջկոտ էր, ուստի եւ իրեն իրավունք էր վերապահում ուրիշներից էլ շատ բան պահանջել: Նա գիտեր առանց նվաստացնելու դիտողություն անել, ուրիշների շնորհքն ու ջանքը նկատել, գնահատել:

***
Օժտված էր կանխազգալու ունակությամբ. մեր ժողովուրդը հավատում է, որ այդպիսիք են Զատկի առաջին օրը բոլոր ծնվածները: Կանխազգացել է նաեւ իր մահը: Իր վերջին գործուղումից առաջ կանչել է ավագ դստերը, կարգադրություններ արել: Բարեհաջող գնացել է, հետ եկել, քնել ու չի արթնացել: Արդար քնով է քնել ու արդար մահով մահացել:

***
Նրա մտերիմները՝ Արամ Խաչատրյան, Գիա Կանչելի, Արաքսի Սարյան, Էդվարդ Միրզոյան, Ալեքսանդր Հարությունյան, իրենց հուշերում քանիցս կրկնում են՝ «բարի, գթասիրտ, մարդկանց հանդեպ ոչ անտարբեր…»:
Դա պատահականություն չի կարող լինել:

Կիրովականից վերադառնալով Երեւան՝ Կեւորկովը ստանում է նոր բնակարան Աբովյան փողոցի շենքերից մեկի երկրորդ հարկում: Օրդերը ձեռքին՝ նա փողոցում հանդիպում է սրտի հետ խնդիրներ ունեցող իր ծանոթին: Իմանալով իրողությունը՝ նա խնդրում է, որ Կեւորկովը իր հետ փոխանակի բնակարանը, քանի որ իրեն դժվար է չորրորդ հարկ բարձրանալ: Առանց մի պահ իսկ մտածելու՝ Կեւորկովը նրա հետ միասին գնում է գործկոմ ու կատարում այդ փոխանակումը: Ու նրա մտքով էլ չի անցնում պարզել՝ արդյոք այդ բնակարանների տարածքը համարժե՞ք էր, ինչպիսի՞ն էին առաջարկվող բնակարանի պայմանները: Սովորաբար ասում են՝ «ռուսական մեծ հոգի». Կեւորկովը հայկական մեծ հոգի էր:

***
Հայաստանի այսօրվա աշխույժ տուրիզմի հիմքերը Կեւորկովն է դրել՝ կառուցելով Երեւանում մի շարք խոշոր հյուրանոցներ, Սեւանում՝ մոթել եւ Մարգարայի ստուգիչ անցակետը, ստեղծելով սպասարկման գործուն համակարգ:

***
Նա չհասցրեց տեսնել իր թոռներին՝ վաթսուներեք տարեկանում մահացավ: Բայց նրա թոռները պապին ծանոթանալու շատ առիթներ ունեն. Երեւանի մեծ ու գեղեցիկ մի քանի շենքեր, մտերիմների վառ հուշեր, նրա հիշատակին նվիրված Աճեմյանի «Իմ հին ընկեր» երգը:

ՆԱՏԱԼՅԱ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Spartak says:

    Շատ դժվարությամբ կարդացի, կարելի էր շարահյուսական ուղղումներ անել: Այս մարդն արդյո՞ք առնչություն ունի Ղարաբաղի մարզկոմի տխրահռչակ Կևորկովի հետ:Աստված չանի:

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930