Լրահոս
Օրվա լրահոսը

«Հայաստանի սոցիալ-տնտեսական վիճակն ուղղակիորեն ազդում է ցեղասպանության հարցի լուծման վրա»

Ապրիլ 28,2014 20:22

Այսօր «Թռիչք» կրթամշակութային և խորհրդատվական ՀԿ-ն երիտասարդների եւ ԶԼՄ-ների մասնակցությամբ Վանաձորում կլոր սեղան քննարկում էր կազմակերպել` նվիրված Հայոց ցեղասպանության թեմային:

«Սա մեր հերթական քննարկումն է: Քննարկումների նպատակն է հասարակության տարբեր խմբերի հնարավորություն տալ թեմայի շուրջ արտահայտվելու, սեփական կարծիքը հայտնելու եւ մասնակցելու մեր նախատեսած բանաձեւի կազմմանը»,-լրագրողների հետ զրույցում ասաց «Թռիչք» ՀԿ նախագահ Հովհաննես Նիկողոսյանը:
Նա մանրամասնեց, որ քննարկումների ընթացքում եղած առաջարկներն ու նյութերը հավաքվելու են եւ արդյունքում ցեղասպանության վերաբերյալ ստեղծված բանաձեւը հանրայնացվելու է` ներգրավելով հասարակական լայն շերտեր:

Հովհաննես Նիկողոսյանը նշեց, որ թեեւ այսօր ցեղասպանության ճանաչումը բավականին ճանապարհ է անցել, այնուամենայնիվ, ամենակարեւոր պահերը դեռեւս չեն հասունացել:
«Այն գերտերությունները, որոնք եղանակ են ստեղծում միջազգային ասպարեզում, դեռ չեն ցանկանում ճանաչել Հայոց ցեղասպանությունը: Այստեղ ամենակարեւորը Թուրքիայի գործոնն է, որ դժվար թե մոտ ժամանակներում ճանաչի, բայց ամեն ինչ պետք է անել, որ կարողանանք հասնել Թուրքիայի քաղաքակիրթ որոշում կայացնելուն»,-Aravot.am-ի հարցին իր պատասխան նշեց կազմակերպության նախագահը:

Նա նկատեց, որ նման քննարկումները ուղղված են մեր ներքին ուժերի համախմբմանը:
«Կարծում եմ, որ մինչեւ մենք ներսից ուժեղ չլինենք, մեզ հետ հաշվի չեն նստելու: Ներսից ուժեղ նշանակում է, որ մենք ունենանք ներազգային հայեցակետ այդ հարցի հետ կապված, եւ, ընդհանրապես, Հայաստանի հեռանկարների հետ կապված ունենանք մեր սեփական մոտեցումները, համախմբված լինենք, եւ գոնե այս հարցի հետ կապված տարաձայնություններ եւ անջատողական մոտեցումներ չունենանք»,-եզրափակեց Հովհաննես Նիկողոսյանը` նկատելով, որ Հայաստանի սոցիալ-տնտեսական վիճակն ուղղակիորեն ազդում է ցեղասպանության հարցի լուծման վրա, իսկ երկրից մեծ չափերի հասնող արտագաղթը հակառակ երեւույթներ է ծնում:
Անուշ ԲՈՒԼՂԱԴԱՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930