«Մենք որոշեցինք, որ Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչումը չի լինելու մեր արտաքին քաղաքական օրակարգում», «Միջազգային խաղացողները մեր նահատակների մասունքներով իրար գլխի բամփում են, բայց մեր գլուխն է ցավում», «Միջազգային խաղացողները մեր նահատակների ոսկորները զենքայնացնում են, դրանով կրակում իրար վրա, բայց մենք ենք զոհվում այնպես, ինչպես եղել է 19-րդ դարի վերջին, 20-րդ դարի սկզբին ու վերջին՝ մինչև բոլորովին վերջերս», – այս եւ նման այլ մտքերի հեղինակը Նիկոլ Փաշինյանն է:
Aravot.am-ի խնդրանքով անդրադառնալով Փաշինյանի հայտարարություններին՝ պատմական գիտությունների դոկտոր, Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի նախկին տնօրեն Հայկ Դեմոյանը նշեց, որ կփորձի դրանք վերլուծել 3 մակարդակի վրա. «Փաշինյանը եւ իր թիմակիցները՝ ՔՊ-ն, չունեն բարոյականություն, նրանք 2018-ին խաբեության արդյունքում, վաղօրոք նախապատրաստված լինելով, կրկես բեմադրեցին: Այստեղ շատ լուրջ պատմական թեմա կարելի էր քննարկել, բայց մեր պատմաբանների 99%-ը լռում, համակերպվում է եւ չի տեսնում, թե պատմությունն իրենց քթի տակ արձանագրվում է սխալ, կեղծված ձեւով: Ի դեպ, նույն ՔՊ-ում կան պատմական գիտությունների թեկնածուներ, որոնք իրենց աստիճանը ստացել են գիտխորհրդով: Նրանք կեղծում են մեր պատմությունը, եւ որեւէ մեկը չի վերլուծում»:
Դառնալով տարբեր մակարդակներում վերլուծելուն՝ Հայկ Դեմոյանը նշեց. «Առաջինը, եթե բարոյականության համատեքստում դիտարկում ենք այդ հայտարարությունները, ապա այդտեղ մեկնաբանության կարիք չկա, որովհետեւ 2018-ից առաջ գործակալական խմբին ինչի համար նախապատրաստել էին, իրենց ուղղակի իրականացրել են իրենց գործառույթը, այսինքն՝ ինչքան բարոյազուրկ, պատվից եւ ինքնասիրությունից զուրկ գործողություն կա, իրենք դա անում են: Մի մասը դա անում է համոզմունքով՝ կարծելով, թե ինքը ճիշտ է, մի մասն էլ անում է, որովհետեւ գործակալ է:
Հայոց ցեղասպանության զոհերի, դրա հիմնապատճառների, հետեւանքների թեմայով անիմաստ է Նիկոլ Փաշինյանին մեկնաբանել, որովհետեւ Փաշինյանը Ցեղասպանության թանգարանում ի պաշտոնե հայտնվեց՝ վարչապետի իր կրկեսը խաղացնելուց հետո, ապրիլի 24-ի ուղերձ հղեց 2019 թ., որտեղ ձեւակերպում կա Հայոց ցեղասպանության հետեւանքների մասին: Ինքն ընդհանրապես կապ չունի ցեղասպանության հիշողության հետ, եւ ակնհայտ է, որ չի կարդացել որեւէ հուշագրություն, որեւէ գիրք Հայոց ցեղասպանության մասին: Անգամ եթե կարդացել է, չի էլ հասկացել, հետեւաբար դրա մասին անիմաստ է խոսելը:
Կարդացեք նաև
Ինչպես արդեն նշեցի, առաջինը բարոյականության հարթության մեջ դիտարկեցինք, որտեղ անելիք չունենք, որովհետեւ ամենաանբարո գործողությունները հայ ժողովրդի պատմության մեջ Փաշինյանը եւ իր թիմակիցներն արդեն արել են, ուզում են տիեզերք, թե այլ գալակտիկա փախչեն, միեւնույն է՝ իրենց անունները արձանագրված են Հայոց պատմության ամենաայլանդակ, ամենախայտառակ էջերում:
Մյուսը դիտարկեցինք Հայոց ցեղասպանության հիշողության հետ կապված: Սրանք ուղղակի բերեցին, գործակալներին դրեցին պաշտոնների, իրենք ստիպված էին ցուցադրությունների գալ, տնօրեններ հանել ու նշանակել, տարբեր սկանդալներ հրահրել այնտեղ, հուշարձանի վրա փող աշխատել, բայց էլի այդ մասին եւս պատմաբանները լռում են:
Երրորդը, պետք է քրեաիրավական հարթության մեջ դիտարկենք, որովհետեւ եթե Սահմանադրությունը, որը ուզում են իրենք փոխել, գործեր եւ օրենքները գործեին, իրենց արածը կդիտարկվեր զոհերի հիշատակը ծանակելու, ժխտողականության համատեքստում, ինչի համար իրենց կպատժեին: Ինքն, իհարկե, ուզում է օրիգինալ երեւալ, բայց նորից հիշեցնեմ՝ Փաշինյանը ռուս-թուրքական կենակցումից ծնված երեւույթ է, ոչ քաղաքական գործիչ է: Նա ուղղակի գործակալ է, որը հրամաններ է կատարում, իսկ նման գործակալների վերջը միշտ վատ է լինում՝ սա արդեն որպես պատմաբան եմ ասում: Այստեղ հարց է, թե իր հետ քանի թիմակիցներ կգնան, որ հիմա լավ պաշտոններ են զբաղեցնում»:
Զրույցի այլ մանրամասներ՝ հաջորդիվ:
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ


















































