Լրահոս
Օրվա լրահոսը

Հայ-ռուսական համագործակցության հիմնաքար դրվեց

Մայիս 02,2014 13:06

Այս անգամ երիտասարդ կոմպոզիտորների պարագայում

Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը օրերս կայացած երկու երեկոների ընթացքում հնչեցին Ռուսաստանի եւ ԱՊՀ երկրների երիտասարդ 14 կոմպոզիտորների ստեղծագործությունները: Վերջին 25 տարիներին սա առաջին մեծամասշտաբ միջոցառումն էր՝ ներկայացված ստեղծագործողների եւ ստեղծագործությունների քանակով: Երկերը հնչեցին Հայաստանի պետական երիտասարդական եւ Երեւանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի կամերային նվագախմբերի մատուցմամբ, դիրիժորներ Ռուբեն Ասատրյանի եւ Յուրի Գալստյանի ղեկավարությամբ: Ընդ որում, դիրիժորական փայտիկը վստահվել էր նաեւ կոնսերվատորիայի ուսանող Աննա Մանուկյանին:

«Առավոտը» հանդիպեց նախագծի հեղինակ ու կազմակերպիչ, կոմպոզիտոր Յուրի Գալստյանին, առաջին անգամ Հայաստան ժամանած ՌԴ կոմպոզիտորների միության անդամներ, վերջինիս երիտասարդական բաժանմունքի՝ «ԾՏսԿՑ»-ի ղեկավար Յարոսլավ Սուդիլովսկուն եւ Կազանի պետական կոնսերվատորիայի դասախոս Էլմիր Նիզամովին:
Յուրի Գալստյանը նշեց, որ նախագծի մտահղացումը վաղուց էր եւ «սառույցը տեղից շարժվեց» 2013թ. վերջերին:

«Նախագծի կայացմանը մեծապես օգնեց կոմպոզիտոր Արմեն Սմբատյանը, որի օգնությամբ հնարավորություն ստացա այս գաղափարը անձամբ ներկայացնել ՌԴ կոմպոզիտորների միության նախագահ Վլադիսլավ Կազենինին: Հավանություն տալով ծրագրին՝ պարոն Կազենինը պաշտոնական նամակ հղեց ՀՀ մշակույթի նախարարություն ու Կոմպոզիտորների եւ երաժշտագետների միություն: Ի դեպ, Մոսկվայում գտնվելուս օրերին ներկա եղա Սերգեյ Սմբատյանի ղեկավարած Հայաստանի երիտասարդական նվագախմբի համերգներին, ծանոթացրի հայ դիրիժորին եւ Սուդիլովսկուն, որի արդյունքում նրանք եկան համաձայնության՝ առաջիկայում համագործակցելու նպատակով»,- հայտնեց կոմպոզիտորը: Հարցին, թե հայ երիտասարդ ստեղծագործողները պատասխան այցով ե՞րբ հանդես կգան Մոսկվայում, պարոն Գալստյանի պատասխանը հակիրճ էր՝ առաջիկայում: Ռեպլիկին էլ, թե այսօրվա երիտասարդ կոմպոզիտորներից մասնագետը ո՞ւմ է տեսնում վաղվա հայ կոմպոզիտորական դպրոցի արժանի շարունակող, Յուրի Գալստյանը, հուրախություն մեզ, նշեց երկար ցանկ, այդ թվում՝ Հեղինե Սարգսյան, Դավիթ Բալասանյան, Արամ Հովհաննիսյան, Վահրամ Սարգսյան, Արթուր Ակսելյան…
«ԾՏսԿՑ»-ի ղեկավար Յարոսլավ Սուդիլովսկուն խնդրեցինք սեղմ ներկայացնել իր ղեկավարած բաժանմունքի հիմնական նպատակը: «2009-ին հիմնված «ԾՏսԿՑ»-ը առաջին պաշտոնական երիտասարդական կազմակերպությունն է, որը միավորում է Ռուսաստանի երիտասարդ կոմպոզիտորներին եւ երաժշտագետներին, ինչպես նաեւ Բելառուսի, Թուրքմենստանի եւ Ուզբեկստանի երաժիշտներին: Մեր նպատակն է հիմք դնել 21-րդ դարի ռուսական կոմպոզիտորական դպրոցի»,- ասաց կոմպոզիտորը: Հարցին, թե ինչո՞ւ հատկապես ձեր բաժանմունք ներգրավեցիք նաեւ բելառուս, թուրքմեն եւ ուզբեկ ստեղծագործողների, պարոն Սուդիլովսկին պատասխանեց. «Չմոռանանք, որ կային ժամանակներ, երբ ԱՊՀ երկրների ստեղծագործողները արարում էին մեծ երկրում՝ ԽՍՀՄ-ում: Բացի տարբեր ժողովրդական արվեստներ ունենալուց, ԱՊՀ երկրների երաժիշտները կրթվում, դաստիարակվում էին իսկապես հզոր ռուսական դասական երաժշտարվեստի դպրոցում: Առաջիկայում «ԾՏսԿՑ»-ի անդամ ստեղծագործողներ կդառնան ԱՊՀ մյուս երկրների երաժիշները նույնպես: Իհարկե, ցանկություն ունենք, որ ստեղծագործական կապերը ամրանան ու զարգանան մեր եւ հայ երիտասարդների միջեւ եւս»:

Էլմիր Նիզամովը՝ հիացած Երեւանում կայացած երկու համերգներով, հայտնեց. «Սա իսկապես անմոռանալի համերգային շրջագայություն էր: Համերգներն անցան բարձր մակարդակով: Մեծ տպավորություն թողեց ինձ վրա հանդիսատեսը: Հաճելի էր տեսնել հայերիդ մեծ հետաքրքրությունը ժամանակակից երաժշտության հանդեպ: Շատ էի լսել, նաեւ համոզվեցի, որ հայ երաժիշտներն ունեն կատարողական բարձր դպրոց եւ երկու նվագախմբի արտիստներն էլ հիանալի հաղթահարեցին ժամանակակից հեղինակներիս, թույլ տվեք ասել՝ ոչ այնքան դյուրին ստեղծագործությունները, իհարկե, իրենց դիրիժորների՝ Յուրի Գալստյանի եւ Ռուբեն Ասատրյանի օգնությամբ»:

ՍԱՄՎԵԼ ԴԱՆԻԵԼՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031