Լրահոս
Օրվա լրահոսը

Նռնակաձիգը  լքելով զորամասը՝ անմեղսունակի հետ խանութ  է թալանել

Մայիս 02,2014 16:46

 

Վանաձորցին նախկինում դատված է:

 

Վանաձոր քաղաքի բնակիչ, 1994թ. ծնված Արման Մարուքյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա հանդիսանալով պաշտպանության նախարարության զորամասերից մեկի  պարտադիր ժամկետային զինծառայող, նռնակաձիգ, զինվորական ծառայությունից վերջնականապես խուսափելու նպատակով 2013թ. նոյեմբերի 29-ին  ժամը 06.45-ի սահմաններում ինքնակամ թողել է  զորամասը եւ   դեկտեմբերի 29-ին ձերբակալվել ոստիկանության քննչական գլխավոր վարչության Լոռու մարզի քննչական բաժնի աշխատակիցների կողմից:

Ըստ «Դատալեքս» կայքի՝ նախկինում դատված Ա. Մարուքյանը նախնական համաձայնության գալով Վանաձոր քաղաքի բնակիչներ, 1984թ. ծնված  Գրիգոր Կիրակոսյանի եւ անմեղսունակ վիճակում գտնվող Մովսես Էքսուզյանի հետ, ուրիշի գույքը գաղտնի հափշտակելու նպատակով, 2013թ. դեկտեմբերի լույսի 24-ի գիշերը մուտքի դռան փականը բացելու միջոցով մուտք է  գործել Վանաձորի բնակչուհի Շ.Ք.-ին պատկանող  խանութ եւ կատարել 800 հազար դրամ արժողությամբ հագուստների եւ կոսմետիկայի  հափշտակություն:

Ա. Մարուքյանը եւ  Գ. Կիրակոսյանը կալանավորված են: Ա. Մարուքյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենքսգրքի 362 հոդվածի 1-ին մասով (« Դասալքությունը՝ զինվորական ծառայությունից վերջնականապես խուսափելու նպատակով զորամասը կամ ծառայության վայրն ինքնակամ թողնելը, ինչպես նաեւ նույն նպատակով ծառայության չներկայանալը») եւ 177 հոդվածի 2-րդ մասի 1,2,3 կետերով («Գողությունը, որ կատարվել է մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ, խոշոր չափերով, պահեստարան կամ շինություն ապօրինի մուտք գործելով»): Գ. Կիրակոսյանին մեղադրանք է առաջադրվել 177 հոդվածի 2-րդ մասի 1,2,3 կետերով: Սույն քրեական գործով դատավարությունն ընթանում է Տավուշի մարզի առաջին ատյանի դատարանի Բերդի նստավայրում:

 

Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031