Լրահոս
Տատիս բաժակը
Օրվա լրահոսը

Արամը հաղթանակին մոտ է. «Հայկական ժամանակ»

Մայիս 06,2014 11:23

Դանիայի մայրաքաղաք Կոպենհագենում այսօր, Երեւանի ժամանակով ժամը 23:00-ին (Հանրային հեռուստաընկերությունը ուղիղ հեռարձակում է կազմակերպելու) մեկնարկելու է «Եվրատեսիլ-2014» երգի միջազգային մրցույթը, որի բացման հանդիսավոր արարողությունը տեղի է ունեցել մայիսի 4-ին։

Առաջին կիսաեզրափակիչի առաջին ելույթը կլինի Հայաստանը ներկայացնող Արամ MP3-ինը՝ իր «Not Alone» երգով։ Իսկ մինչ այդ, նա ոչ թե փոքր-ինչ դադար կվերցնի՝ ուժերը հավաքելու եւ վճռական «մարտին» նախապատրաստվելու համար, այլ աշխատելու է նույն ծանրաբեռնվածությամբ։ Երեկ, օրինակ, նախատեսված էր երկու համերգ, իսկ դրանցից մեկը մասնագիտական ժյուրիի համար։ Իսկ բազմաթիվ կանխատեսումների համաձայն, հենց Արամն է նվաճելու հաղթողի տիտղոսը։ Հետաքրքրությունը մեր մասնակցի ու նրա երգի նկատմամբ Եվրոպայում անչափ մեծ է, նույնիսկ աննախադեպ։ «Իմ «Եվրատեսիլ»-ի հայաստանյան պատվիրակությունը ղեկավարելու երեք տարիների հետ համեմատած, այո, ընդունելությունը շատ է տարբերվում, չեմ կարող թաքցնել։ Շատ մեծ է ուշադրությունը միջազգային մամուլի կողմից։ Մենք ամեն օր հարցազրույցների խնդրանքներ ենք ստանում առաջատար լրատվամիջոցներից։ Անընդհատ՝ Արամի գրաֆիկը շատ հագեցած է։ Մեր մամուլի քարտուղարը այնպես է կազմակերպել, որ ամբողջ օրը ճիշտ պլանավորված անցնի եւ նա հասցնի ե՛ւ փորձերին մասնակցել, ե՛ւ մամուլի ու մրցույթի մասնակիցների հետ հանդիպումներ ունենալ։ Մի խոսքով, բոլորը հետաքրքրված են Արամով, հիմնականում նրան տեսնում են հաղթողի դերում»,- երեկ Դանիայից մեզ փոխանցեց մրցույթի հայաստանյան պատվիրակության ղեկավար Գոհար Գասպարյանը։

Ընդ որում՝ Հայաստանի համար «Եվրատեսիլ–2014»-ում հաղթանակ են կանխատեսում ոչ միայն բուքմեյքերները, այլ նաեւ տարբեր երկրների պատվիրակություններ։ «Իհարկե, այս ամենը միայն խոսքեր են, մենք դեռ չենք կարող ժամանակից շուտ ոգեւորվել։ Ուղղակի սա մեզ հույս է տալիս։ Իսկապես մենք շատ մոտ ենք հաղթանակին»,- ասաց Գոհար Գասպարյանը։ Դեռեւս Հայաստանում Արամ MP3-ը հայտարարել էր, որ ուժեղ մրցակից համարում է Հունգարիայի մասնակցին։ Երեկ հետաքրքրվեցինք, թե նա շարունակո՞ւմ է այդ կարծիքին մնալ։ Մեր երկրի պատվիրակության ղեկավարը պատասխանեց, որ մրցակիցները շատ են, որ բոլորն էլ լավն են, բայց Հունգարիան, համաձայն բուքմեյքերների կանխատեսումների, բավականին ցածր հորիզոնականներում է, իսկ ահա Շվեդիայի երգչուհին համարվում է Արամի հիմնական մրցակիցը։ «Այսինքն՝ Շվեդիայի մասնակիցն է այն արտիստը, որը կարող է խաթարել մեր հաղթանակը։ Պետք է այնպես անենք, որ դա տեղի չունենա»,- ծիծաղելով նկատեց Գոհար Գասպարյանը։ Ինչ վերաբերում է Ավստրիայի մասնակից Կոնչիտա Վուրստի հետ կապված հայտնի պատմությանը, ապա նա չի կարծում, թե մեր երկիրը կարող է դրա պատճառով ձայներ կորցնել։ «Սա ավելի շատ Կոնչիտայի փիարն էր, նրանց մտածածն էր ու սեւ փիար էր Արամի նկատմամբ։ Բայց, ինչպես գիտեք, սեւ փիարն էլ է փիար, այնպես որ ինչ-որ չափով սա սկանդալ էր, իսկ սկանդալները մեծ տարածում են գտնում։ Ու կապ չունի, ինչպիսի սկանդալներ են՝ եթե դու պոպուլյար ես, պահանջված ես, հաղթողի կարգավիճակին ես հավակնում, միեւնույնն է, հետաքրքիր է ցանկացած սկանդալ, որ կապված է քեզ հետ։ Այսինքն՝ սա «Եվրատեսիլ»-ի միակ սկանդալն էր, առանց դրա հետաքրքիր չէր լինի։ Իսկապես՝ միակ սկանդալն էր։ Իսկ «Եվրատեսիլ»-ը հիմա կարիք ունի փիարի։ Այսինքն՝ ցանկացած բան օգտագործել են, որ փորձեն հաղթողին կոտրել։ Տեսնում են՝ ինչ պոտենցիալ կա հաղթելու եւ ցանկանում են կոտրել իրենց մեկնաբանություններով, բայց դա մեզ չի կոտրում, ընդհակառակը՝ թեւեր է տալիս, որ ավելի մարտական տրամադրվենք, ավելի ուժեղ գտնվենք»,- ասաց Հայաստանյան պատվիրակության ղեկավարը՝ ավելացնելով, որ Արամն ու Կոնչիտան շատ նորմալ հարաբերություններ ունեն եւ փորձերի ժամանակ հանդիպում ու շփվում են, ինչպես յուրաքանչյուր այլ մասնակցի հետ. «Դա լրագրողների հորինած սկանդալն էր, իրենք իրար հետ ոչ մի խնդիր չունեն»:

Աննա ԶԱԽԱՐՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական ժամանակ» թերթի այսօրվա համարում

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031