Լրահոս
Օրվա լրահոսը

Ինչպես է պետք Հայոց ցեղասպանության հարցը տեղափոխել իրավական հարթություն

Մայիս 15,2014 14:57

Ինչպես է պետք Հայոց ցեղասպանության հարցը տեղափոխել իրավական հարթություն և պահանջել Թուրքիայից վերացնել Հայոց ցեղասպանության հետևանքները, ինչը ենթադրում է հայ ժողովրդի իրավունքների վերականգնումը նրա պատմական հայրենիքում: Մայիսի 15-ին այս թեմաների շուրջ դասախոսություն ունկնդրեցին ԳԱԱ Գիտակրթական միջազգային կենտրոնի պատմության բաժնի մագիստրատուրայի առաջին կուրսի ուսանողները:

Դասախոսություն-քննարկումն անցկացվեց «Հայոց ցեղասպանության գործով միջազգային դատական ատյանին հայցով դիմելու հիմքերն ու հնարավորությունները» ծրագրի շրջանակներում: Այն իրականացնում է «Օրենքի ուժով» իրավապաշտպան ՀԿ-ն` Հայաստանի երիտասարդական հիմնադրամի` որպես ՀՀ նախագահի գործընկեր կազմակերպության կողմից հայտարարված դրամաշնորհային մրցույթի շրջանակներում` «Հայոց ցեղասպանության՝ իբրև մարդկության դեմ գործած հանցագործության հետապնդման թղթածրարի պատրաստում» անվանակարգում:

«Օրենքի ուժով» իրավապաշտպան ՀԿ-ի նախագահ, ՀՀ ԳԱԱ Հայկական հարցի և Հայոց ցեղասպանության պատմության բաժնի վարիչ Արմեն Մարուքյանը կարևորեց Հայոց ցեղասպանության հարցը իրավական հարթություն տեղափոխելու խնդիրն ու նշեց. «Մեր հարևան պետությունը ժխտողական քաղաքականություն է վարում և կամավոր չի ցանկանում ճանաչել այդ փաստն ու վերացնել հետևանքները` կապված հատուցման հետ: Ակնհայտ է, որ տվյալ պարագայում այլ ելք չի մնում ՀՀ-ին, քան փորձել դատական կարգով լուծել այդ խնդիրը. հացը տեղափոխել իրավական հարթություն, քանի որ պատմական առումով խնդիրն արդեն հանգուցալուծված է»: Պարոն Մարուքյանը շեշտեց, որ պետք է իրավական նորմերի հիման վրա ստեղծել հայցադիմումն ու թղթածրարը, որպեսզի հնարավոր լինի հարցը տեղափոխել իրավական հարթություն: Արմեն Մարուքյանը նախադեպային համարեց նաև այն փաստը, որ ՀՀ նախագահի աշխատակազմի կողմից հատկացվող դրամաշնորհի շրջանակներում հարցին նման կարևորություն է տրվում ու մանրամասնեց. «Ուրախալի էր այն, որ հենց թղթածրարի պատրաստման անվանակարգ կար, և դա էր դրդող հանգամանքը, որ որոշեցինք մեր բաժնի աշխատակիցներով դիմել դրամաշնորհի»:

Ծրագրի համակարգող Համո Սուքիասյանն էլ տեղեկացրեց, որ այժմ գիտական ուսումնասիրություններով զբաղվող խումբը նյութերի հավաքման փուլում է և նախատեսում են նոյեմբերին տպագրել եռալեզու (անգլերեն, հայերեն, ռուսերեն) մի աշխատություն, որտեղ ընդգրկված են լինելու տեսական հիմնավորումներ, ուսումնասիրությունների արդյունքներ, որոնք հետագայում կօգտագործվեն թղթածրարի պատրաստման աշխատանքներում:

Հայաստանի երիտասարդական հիմնադրամի
հասարակայնության հետ կապերի ծառայություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031