Լրահոս
Օրվա լրահոսը

«Սիրահարվեցի ֆրանսիական երաժշտությանը, հայտնվեցի Փարիզում»

Մայիս 30,2014 13:55

Եղիսաբեթ թագուհու անվան մրցույթի հաղթող՝
կոմպոզիտոր Միշել Պետրոսյանը Երեւանում է

Անվանի կոմպոզիտոր Տիգրան Մանսուրյանը օրերս «հեռակա» ներկայացնելով ֆրանսաբնակ Միշել (Մուշեղ) Պետրոսյանին (լուսանկարում), ասաց, որ հայազգի տաղանդավոր կոմպոզիտորն անցյալ տարի մասնակցել է 1951 թվականից անցկացվող Եղիսաբեթ թագուհու անվան մրցույթին՝ արժանանալով Գրան պրիի: «Կոմպոզիցիա» անվանակարգում Միշելն առայժմ ոչ միայն առաջին հայ հաղթողն է, այլեւ առաջին մասնակիցը՝ Ֆրանսիայից: Նրա դաշնամուրի եւ նվագախմբի համար գրված կոնցերտը՝ «In the Wake of Ea», որն արդեն ունեցել է համաշխարհային պրեմիերա, հայ հանդիսատեսը հնարավորություն ունի ունկնդրել «Արամ Խաչատրյան» համերգասրահում մայիսի 30-ին՝ Էդուարդ Թոփչյանի ղեկավարությամբ, Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախմբի եւ ֆրանսիացի դաշնակահար Ռեմի Ժընիեի կատարմամբ: Երիտասարդ դաշնակահարը նույնպես Եղիսաբեթ թագուհու անվան մրցույթի դափնեկիր է:

Միշելի հետ հանդիպման ժամանակ պարզեցինք, որ այս երաժշտի դեպքում հնարավոր է դարձել ոչ լիարժեք երաժշտական կրթություն ստանալով ընդունվել այնպիսի բարձրագույն երաժշտական ուսումնական հաստատություն, ինչպիսին Փարիզի ազգային կոնսերվատորիան է: Երեւանում նա ընդամենը մի քանի տարի հաճախել է Սայաթ-Նովայի անվան երաժշտական դպրոցի թավջութակի դասարան, հետո նրան հրապուրել է կիթառը, ռոք երաժշտությունը, իբրեւ կիթառահար մասնակցել է «Dumbarton Oaks» ռոք խմբի փորձերին, այնուհետեւ հանդես եկել ներկայումս ամերիկաբնակ ջազմեն Վարդան Հովսեփյանի հետ, կարճ ժամանակահատված էլ մասնավոր դասեր է առել կոմպոզիտոր Ռուբեն Սարգսյանից եւ երաժշտագետ Լեւոն Հակոբյանից: Իսկ թե ինչպես հայտնվեց Փարիզում, մեր զրուցակիցն ասաց, որ պառճառը իր «սիրահարվելն» էր ֆրանսիական երաժշտությանը՝ կոմպոզիտորներ Դեբյուսիի եւ Մեսսիանի շնորհիվ: «Փարիզում հայտնվել եմ 1990-ականների սկզբում՝ 16 տարեկանում: Սկզբից կոմպոզիցիային զուգահեռ տարվել էի լեզուների ուսուցմամբ: Ի վերջո հաղթեց երաժշտությունը: Թափառել եմ աշխարհով մեկ, մտել-դուրս եկել տարբեր երաժշտական հաստատություններ, այդպիսով հարստացնելով Երեւանում ստացած երաժշտական ոչ մեծ պաշարս:

Իսկ հետո արդեն որոշում ընդունեցի եւ աշխարհից ժամանած 4 դիմորդների թվում դիմեցի Փարիզի ազգային կոնսերվատորիա եւ ընդունվեցի»,- ասաց կոմպոզիտորը: Մեր զրուցակիցը հիշյալ կոնսերվատորիա ընդունվելու պահանջներն անվանելով դաժան, մանրամասնեց. «Առաջին քննությանը, որը տեւում էր 12 ժամ, ինձ փակեցին մի դասարանում, որտեղ դաշնամուրն էլ էր փակ: Պահանջվում էր ներդաշնակել Բախի խորալներից մեկը, երկրորդ քննությունը դարձյալ փակ դասարանում էր՝ 8 ժամ տեւողությամբ: Իմ խնդիրն էր Շյոնբերգի դաշնամուրային որեւէ գործ փոխադրել նվագախմբի համար՝ հարազատ մնալով հեղինակի ոճին: Երրորդ քննությանը ներկայացված էր մեծանուն իտալացի կոմպոզիտոր Լուչիանո Բերիոյի երկերից մեկը, որը պետք է վերլուծեի: Այս երեք փորձությունն անցնելուց հետո միայն ինձ թույլատրվեց ներկայացնել իմ սեփական աշխատանքը:

Դա թավջութակի համար գրված մենանվագ գործ էր, որին ծանոթ էր Փարիզը. այն կատարել էր աշխարհահռչակ Ալեքսի Դեշարմը: Մի խոսքով՝ ընդունվեցի, սովորեցի եւ ավարտեցի ճանաչված Գի Րեբելի դասարանը»:

Հարցին, թե ինչպես աշխարհահռչակ ջութակահար Սերգեյ Խաչատրյանի կարիերայի դեպքում Եղիսաբեթ թագուհու անվան մրցույթը շրջադարձային էր, այնպես էլ, հավանաբար, ի՞ր դեպքում է, Միշելը պատասխանեց. «Սերգեյի դեպքում իսկապես այդպես էր, բայց կոմպոզիտորի պարագայում ժամանակ է անհրաժեշտ: Այնպես չէ, որ ստեղծագործությունը գրվում է մեկ օրում կամ մեկ ժամում»:

Միշելը օրերս հանդիպել է երաժշտագետ, Երեւանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի պրոռեկտոր, պրոֆեսոր Մհեր Նավոյանի հետ: Ֆրանսահայ կոմպոզիտորն ասաց, որ այդ հանդիպումը իր հետագա ստեղծագործական կյանքի համար գուցե ճակատագրական էր. «Նման երաժշտագետ, ինչպես Նավոյանն է, կերազեր Արեւմուտքի ցանկացած երկիր: Նա ինձ ներկայացրեց մինչ Կոմիտասը հայկական եւ ընդհանրապես արեւելյան երաժշտության մեջ առկա քառորդ տոները եւ ոչ միայն: Այսուհետ մշտապես կապ կպահպանեմ Երեւանի կոնսերվատորիայի հետ»: Հայաստանի հետ կապված իր մտադրությունների մասին առանց մանրամասնելու ասաց, որ առաջին օպերան մտադիր է բեմ բարձրացնել Երեւանի օպերային թատրոնում, Ցեղասպանության 100-րդ տարելիցի առիթով էլ հանրահայտ Շաթլեի թատրոնում կհնչի երգչախմբի, նվագախմբի եւ մենակատարների համար գրված օրատորիան:

ՍԱՄՎԵԼ ԴԱՆԻԵԼՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
29.05.2014

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031