Լրահոս
Օրվա լրահոսը

Վազգեն Սիսլյան. «Արտաքին քաղաքականությունը վախվորած է եւ շատ զգուշավոր»

Հունիս 07,2014 18:03

ՍԴՀԿ քաղաքային վարչության անդամ, ազատամարտիկ Վազգեն Սիսլյանը, այսօր հանդես գալով ՍԴՀԿ հրավիրած հավաքին, որի ժամանակ ներկայացվում էր Հայաստանի զարգացման ճանապարհային քարտեզը, խոսեց ՀՀ արտաքին քաղաքականության մասին:

Նրա ձեւակերպմամբ՝ այսօր Հայաստանն իրականացնում է վախվորած քաղաքականություն, որը նման է փոքր երեխային հատուկ զգուշավոր վարքագծի, երբ «պստիկը» չի հասկանում, թե այս կամ այն քայլը ինչ հետեւանքի կբերի, զգուշությամբ հաշվարկում է ամեն քայլը: Արդյունքում, երբ Հայաստանի արժանապատվությանը դիպչող հայտարարություններ են հնչում, մեր ԱԳՆ-ն կամ չի պատասխանում կամ պատասխանում է այնքան զգուշավոր ու ոչ ադեկվատ, որ որեւէ ազդեցություն չի թողնում: Այս համատեքստում նա հիշեց Ուորլիքի, Վոլինկինի հայտարարությունները. «ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ Ուորլիքը խոսեց արյունով ազատագրված Արցախի շրջանների վերադարձի մասին եւ եղավ վախվորած մի պատասխան, որն ուժեղացրեց թշնամիների մոտ՝ հայկական հողերը բռնագրավելու մոլուցքը: Դրանից հետո ՌԴ դեսպանը Վոլինկինը խառնվեց Հայաստանի ներքին գործերին, եւ մեր օրենսդրությանը համապատասխան գործող ՀԿ-ները փակելու կոչ արեց, ու էլի հնչեց ոչ ադեկվատ պատասխան…»:
Ապա, խոսելով այլ արտաքին քաղաքական խնդիրներից՝ Վ. Սիսլյանը շեշտեց, որ Արցախը պետք է վերադառնա բանակցությունների սեղան. «Եթե Կոսովոյի ալբանացիները կարող են ձգտել եւ ստանալ անկախություն, ապա Արցախի հայը ոչ միայն կարող է, այլեւ արդեն իր ուժերով ստացել է այդ անկախությունը եւ պետք է մեր իշխանությունները պահանջեն, որ Արցախը վերադառնա բանակցությունների սեղան»:

Նա անդրադարձավ նաեւ հայ-թուրքական հարաբերություններին, ու շեշտելով, որ հնչակյանները երբեք թունդ ազգայնամոլներ չեն եղել, «երբեք ու երբեք» Թուրքիայի ժողովրդին թիրախ չեն ընկալել, այլ պայքարել են ընդդեմ իրար հաջորդող եւ հակահայկական քաղաքականություն վարող Թուրքիայի իշխանությունների դեմ, այժմ պահանջում են լինել պահանջատեր եւ շրջանառությունից հանել հայ-թուրքական արձանագրությունները, եւ Անկարայի հետ առնչվել միայն հստակ պահանջներ առաջ քաշելով, այն է՝ Ցեղասպանության ճանաչում, անկախ եւ միացյալ Հայաստանի կերտում:
Վերջում նա կոչ արեց բոլոր հայրենասեր ուժերին՝ ականջալուր լինել իրենց ճանապարհային քարտեզին, համախմբվել այդ գաղափարների շուրջ. «Մենք ներսում թշնամիներ եւ անգամ հակառակորդներ չունենք, մեր թշնամին սահմանից այն կողմ է, եկեք ժամանակ չվատնենք քաղաքական խարդավանքների վրա»:

Մելանյա ԲԱՐՍԵՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30