Վարչապետ Նիկոլ Փաշինյանը սխալմամբ կարծում է, թե Ադրբեջանին և Թուրքիային շարունակական զիջումներ անելով՝ կարող է հասնել խաղաղության և բարեկամության։
Նա չի գիտակցում, որ բռնարարին զիջումներ անելով՝ միայն խրախուսում է նրան ավելի մեծ պահանջներ ներկայացնել։ Եթե Փաշինյանը գոնե մի փոքր ողջախոհություն ունենար, առաջին իսկ օրվանից կմերժեր Ադրբեջանի և Թուրքիայի անընդհատ աճող պահանջները։
Թուրք վերլուծաբան Սելենայ Էրվա Յալչընի՝ «Եվրասիական հետազոտությունների կենտրոնի» հրապարակած վերջին հոդվածը ցույց է տալիս, որ որքան էլ Փաշինյանը փորձի հաճոյանալ Հայաստանի թշնամիներին, նրանք շարունակելու են քննադատել նրան՝ բավարար չափով իրենց չհնազանդվելու համար։
Յալչընը գրել է. «Կարգավորման գործընթացի համատեքստում քննադատության ենթակա են այն հարաբերությունները, որոնք Հայաստանը զարգացրել է այն պետությունների հետ, որոնց քաղաքականությունը հիմնված է հակաթուրքական հռետորաբանության վրա։ Հնդկաստանի հետ խորացող պաշտպանական համագործակցությունն ու սպառազինության գնումները, ինչպես նաև Հունաստանի ու Կիպրոսի Հանրապետության հետ բարձր մակարդակի երկխոսությունը և պաշտպանության ոլորտում ներդրումների ու համագործակցության համաձայնագրերը հաստատում են, որ …․ Հայաստանի ներգրավվածությունը «հակաթուրքական ճակատում» մնում է շատ ակտիվ: Կարգավորման երկարատև գործընթացը և Թուրքիայի հետ հարաբերությունների վերաբերյալ պաշտոնյաների որդեգրած չափավոր տոնը որևէ զգայունություն չեն առաջացրել Հայաստանի մոտեցումներում այն երկրների նկատմամբ, որոնք պահպանում են հակաթուրքական դիրքորոշում: Սա կասկածներ է առաջացնում վստահության վրա հիմնված հարաբերությունների զարգացման վերաբերյալ»:
Կարդացեք նաև
Յալչընը կազմել է Հայաստանի այն համագործակցությունների համապարփակ ցանկը, որոնք ձևավորվել են այն երկրների հետ, որոնց նա բնութագրում է որպես Թուրքիայի նկատմամբ թշնամաբար տրամադրված.
ա) 2025 թվականի մայիսից ի վեր Հայաստանի և Հնդկաստանի միջև տեղի է ունեցել 20 բարձր մակարդակի և դիվանագիտական շփում, որոնց ընթացքում քննարկվել են «պաշտպանական արդյունաբերությանը, ռազմական վերապատրաստմանը, զինամթերքի մատակարարմանը, առևտրին, առողջապահությանը, կրթությանը, մշակույթին, բարձր տեխնոլոգիաներին և տարածաշրջանային անվտանգությանը վերաբերող հարցեր»։
բ) 2025-26 թվականների ընթացքում «Հայաստանի և Հունաստանի միջև տեղի է ունեցել մոտ տասը հանդիպում։ Դրանք ներառել են բարձր մակարդակի պաշտոնական այցեր, ինչպես նաև նախարարների, ռազմական պաշտոնյաների և դիվանագիտական ներկայացուցիչների մասնակցությամբ շփումներ։ Կարևոր քայլեր են ձեռնարկվել հարաբերությունների ամրապնդման ուղղությամբ՝ հատկապես պաշտպանության, ռազմական պատրաստության, մշակույթի, կրթության, գիտության և տեխնոլոգիաների ոլորտներում .․.. 2025 թվականի հոկտեմբերի 23-ին երկու երկրների միջև ստորագրվել է 2026 թվականի պաշտպանական համագործակցության ծրագիրը։ Այնուհետև, 2026 թվականի ապրիլի 22-ին Հայաստանի, Հունաստանի և Կիպրոսի Հանրապետության միջև անցկացվել են եռակողմ պաշտպանական խորհրդակցություններ, որոնց ընթացքում ստորագրվել է պաշտպանական համագործակցության տարեկան եռակողմ ծրագիր»։
գ) «2025 թվականի մայիսից ի վեր Հայաստանի և Կիպրոսի Հանրապետության միջև դիվանագիտական, տնտեսական և ռազմական ոլորտներում տեղի են ունեցել բազմաթիվ շփումներ .․.. 2026 թվականի մայիսի 4-ին Կիպրոսի Հանրապետության նախագահ Քրիստոդուլիդեսը Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովի շրջանակում այցելել է Երևան և հանդիպել վարչապետ Փաշինյանի հետ։ Հանդիպման ընթացքում քննարկվել են երկկողմ հարաբերությունների խորացման, տնտեսական համագործակցության, տարածաշրջանային կայունության և TRIPP նախագծին առնչվող հարցեր։ Առանձնահատուկ նշանակություն ունեն 2026 թվականի ապրիլի 22-ին Հայաստանի, Հունաստանի և Կիպրոսի Հանրապետության միջև անցկացված եռակողմ պաշտպանական խորհրդակցությունները, որոնց արդյունքում երեք երկրների միջև ստորագրվել է պաշտպանական համագործակցության եռակողմ ծրագիր։ Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել տարածաշրջանային և միջազգային անվտանգության մարտահրավերներին, պաշտպանության ոլորտի զարգացումներին, ինչպես նաև ռազմական համագործակցության հետագա ընդլայնման հնարավորություններին։ Ակնհայտ է, որ Հայաստանի ռազմական համագործակցությունը Հունաստանի և Կիպրոսի Հանրապետության հետ դուրս են եկել զուտ երկկողմ հարաբերությունների շրջանակից՝ եռակողմ և տարեկան ծրագրերի միջոցով ձեռք բերելով ինստիտուցիոնալ բնույթ»։
Զարմանալի է, որ Յալչընը մոռացել է Հայաստանի կողմից շուրջ 300 միլիոն դոլարի ֆրանսիական զրահատեխնիկայի և այլ ռազմական սարքավորումների ձեռքբերման փաստը։
Չնայած Թուրքիայի հետ լավ հարաբերություններ հաստատելու՝ Փաշինյանի բոլոր ջանքերին, այդ թվում՝ վերջին չորս տարիների ընթացքում Թուրքիա կատարած երեք այցերին և ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի շրջանակներում Նյու Յորքում Թուրքիայի ներկայացուցչությունում, նախագահ Էրդողանի հետ ունեցած հանդիպմանը, թուրքական կողմը շարունակում է դժգոհություն հայտնել։
Այս այցերը չեն ներառում արտգործնախարար Արարատ Միրզոյանի՝ իր թուրք գործընկերոջ հետ ունեցած վեց հանդիպումները կամ Թուրքիա կատարած մի շարք այցերը։ Ավելին, որպես Հայաստանի խորհրդարանի նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանը, 2022 թվականից սկսած պարբերաբար հանդիպել է Թուրքիայի հատուկ ներկայացուցիչ Սերդար Քըլըչի հետ՝ հայ-թուրքական սահմանը բացելու նպատակով, սակայն մինչ օրս այն շարունակում է փակ մնալ։ Նույնիսկ 2022 թ․ ձեռք բերված պայմանավորվածությունը, որով երրորդ երկրների քաղաքացիներին պետք է թույլատրվեր հատել հայ-թուրքական սահմանը, մինչ օրս չի կատարվել։
Թուրքիայի իշխանությունները շարունակում են պնդել, որ հայ-թուրքական սահմանը չեն բացի, քանի դեռ Հայաստանն ու Ադրբեջանը չեն ստորագրել բանակցված խաղաղության պայմանագիրը։ Մինչդեռ նախագահ Ալիևը հրաժարվում է ստորագրել այդ փաստաթուղթը, քանի դեռ Հայաստանը չի փոփոխել իր Սահմանադրությունը։ Սակայն Փաշինյանը չի կարող բավարարել այդ պահանջը, քանի որ նրա կուսակցությունը խորհրդարանում չունի նոր Սահմանադրության ընդունման վերաբերյալ հանրաքվե նախաձեռնելու համար անհրաժեշտ երկու երրորդ մեծամասնությունը։
Մինչդեռ Փաշինյանը շարունակում է զիջումների գնալ Թուրքիային՝ լռեցնելով Արարատ լեռան որևէ հիշատակում կամ Հայոց ցեղասպանության ճանաչմանն ուղղված ցանկացած կոչ։
Բացի Հայաստանի Սահմանադրությունը փոփոխելու պահանջից, Ալիևը նաև պահանջում է Հայաստանում բնակեցնել 300 հազար ադրբեջանցիների, Ադրբեջանին վերադարձնել Հայաստանի տարածքում գտնվող նախկին ադրբեջանաբնակ անկլավները և միլիարդավոր դոլարների փոխհատուցում վճարել Արցախի «բռնագրավման» դիմաց։ Այս պահանջներն առաջ են քաշվում այն պայմաններում, երբ ադրբեջանական զինված ուժերը շարունակում են բռնագրավված պահել Հայաստանի Հանրապետության արևելյան հատվածի որոշ տարածքներ, Բաքուն ապօրինաբար պահում է առնվազն 19 հայ քաղբանտարկյալների և մերժում է արցախահայերի՝ իրենց պատմական հայրենիք վերադառնալու իրավունքը։
Ակնհայտ է, որ զիջողականությունը խաղաղություն չի բերում, երբ դիմացի կողմը յուրաքանչյուր զիջում ընկալում է որպես է՛լ ավելի շատ պահանջներ առաջ քաշելու հնարավորություն։
Հարութ Սասունյան
Թարգմանությունը՝ Ռուզաննա Ավագյանի


















































