Լրահոս
Օրվա լրահոսը

Ժակլին Սարխոշյանը բելառուսական փառատոնի ժյուրիում է

Հունիս 13,2014 14:05

Իսկ հայ երեխաները երբեք չեն մասնակցել
«Ոսկե մեղու» միջազգային մանկական ստեղծագործական փառատոնին

Ազգային օպերային թատրոնի պրիմա պարուհի Ժակլին Սարխոշյանը երկրորդ տարին է՝ Բելառուսի Կլիմովիչի քաղաքում անցկացվող «Ոսկե մեղու» միջազգային մանկական ստեղծագործական փառատոնի ժյուրիի անդամ է: Փառատոնն անցկացվում է 14-րդ անգամ: Արվեստագետի հետ «Առավոտի» հանդիպման նպատակն էր՝ պարզել, թե ինչու այդ փառատոնին մշտապես ներկայանում են անհատ կատարողներ եւ խմբեր ԱՊՀ եւ եվրոպական երկրներից, մինչդեռ հայ երեխաները չեն ներկայացվում:

Ժակլին Սարխոշյանը նշեց, որ փառատոնն անցկացվում էր 6 տարբեր անվանակարգերով, իսկ ինքը Մոսկվայի, Սանկտ Պետերբուրգի, Ուկրաինայի, Բելառուսի գործընկերների հետ աշխատել է «Ժողովրդաբեմական պար» եւ «Էստրադային պար» անվանակարգերի հանձնախմբերում: «Ափսոսում եմ, որ մեր երեխաները հնարավորություն չունեն մասնակցելու այս միջոցառմանը: Չէ՞ որ հենց մանուկ հասակից է պետք շփվել այլ ազգերի մշակույթների հետ, որի շնորհիվ երեխաները կճանաչեն եւ կսովորեն հարգել, սիրել այլ մշակույթներ: Իսկ պարը ազգություն չունի եւ հասանելի է աշխարհի բոլոր ժողովուրդներին»,- հայտնեց պարուհին: Նա հորդորեց պետական այրերին եւ մեծահարուստներին՝ մեր երեխաներին չզրկել նման հաճույքից, մանավանդ որ՝ այս դեպքում անհրաժեշտ էր միայն ճանապարհածախսը հոգալ: Նա հավելեց, թե տարբեր անվանակարգերի հանձնախմբերի անդամներ բացման օրը երեխաների հետ բեմ են բարձրացել, իսկ ինքն էլ հանդես է եկել Ռոդիոն Շչեդրինի «Կարմեն» սյուիտից հատվածով:

17

Ժակլին Սարխոշյանը՝ Կարմենի կերպարում:

Բալետի պարուհին հիացած էր Բելառուսի մշակույթի նախարար Բորիս Սվետլովի, իր խոսքերով՝ երեխաների նկատմամբ հոգատար վերաբերմունքից: «Պարոն Սվետլովը փառատոնի վերջում ինձ ասաց, թե բարձր է գնահատում հայ մշակույթը եւ մեր մշակույթի նախարարի հետ բանակցությունների արդյունքում հավանաբար աշնանը Հայաստանում կանցկացվեն Բելառուսի մշակույթի օրեր»,- տեղեկացրեց Ժակլին Սարխոշյանը:
Անդրադառնալով առաջիկայում Վրաստանում կայանալիք Սայաթ-Նովայի հոբելյանին նվիրված միջոցառմանը, որին կմասնակցի նաեւ պարուհին, կեսկատակ-կեսլուրջ հարցրինք՝ վերջին շրջանում հաճախ չե՞ն իր հյուրախաղերը հատկապես Վրաստան, փաստելով, որ Բելառուսից առաջ արվեստագետը մասնակցել է նաեւ «Դարավոր Հայաստանը մեր օրերում» միջոցառմանը. «2010թ. մեր թատրոնի բալետային խմբով մեկնել էինք Վրաստան հյուրախաղերի, հավանաբար այդ ժամանակ է տպավորվել պարս: Եվ հետո, վրացիներն ասացին, թե իրենք բաց չեն թողնում հայաստանյան TV-ներով հեռարձակվող «Պարիր, թե կարող ես» մրցույթը եւ տպավորված էին հայ-վրացական «Միմինո» ծրագրով»:

Պարուհին հայտնեց, որ Թբիլիսիի Ռուսթավելու անվան պետական դրամատիկական թատրոնում հունիսի 17-ին եւ 18-ին, հայ արվեստի վարպետների եւ կոլեկտիվների մասնակցությամբ կկայանա աշուղ Սայաթ-Նովայի 300-ամյակին նվիրված երեկո, որին կմասնակցեն նաեւ Հայաստանի ու Վրաստանի նախագահները:
Նա հավելեց, որ այդ նպատակով ռեժիսոր Վիգեն Չալդրանյանի բեմականացրած ներկայացման մեջ ինքը կմարմնավորի մեծանուն աշուղի սիրած էակին՝ Աննային, իսկ բալետի արտիստ Սերգեյ Սաֆարյանը՝ Սայաթ-Նովային: Բեմադրության մեջ ընդգրկված են «Հովեր» կամերային երգչախումբը (ղեկավար՝ Սոնա Հովհաննիսյան), պարարվեստի «Բարեկամություն» անսամբլը (ղեկավար՝ Նորայր Մեհրաբյան), երգչուհի Եվա Ռիվասը, «Կադանս» անսամբլը (պրոդյուսեր՝ Նիկա Բաբայան) եւ ուրիշներ: Հիշեցնենք, որ ՅՈՒՆԵՍԿՕ-ի որոշմամբ 2012թ. հոբելյանական տոնակատարությունների շարքում ընդգրկվել էր նաեւ Սայաթ-Նովայի 300-ամյակը: Իմիջիայլոց, 2013թ. «Սայաթ-Նովա» աշուղական անսամբլի ղեկավար Թովմաս Պողոսյանը հայտարարել էր, թե Սայաթ-Նովայի հոբելյանը կնշվի մինչեւ 2022թ., քանի որ աշուղի ծննդյան տարեթիվը հստակ չէ:

ՍԱՄՎԵԼ ԴԱՆԻԵԼՅԱՆ

Լուսանկարում` Բալետի հայ պարուհին՝ Բելառուսի մշակույթի նախարարի հետ:

«Առավոտ» օրաթերթ
12.06.2014

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30