Լրահոս
Օրվա լրահոսը

Նատալյա Ռոտենբերգից շատ եմ ոգեշնչվել, ծրագրերն իրականացնելու ճանապարհին իրենց չի վախեցնում ոչ մի խոչընդոտ․ Ժակլին Սարխոշյան

Սեպտեմբեր 04,2023 10:33

Ինչու պետք է երեւանցին հենց ձեզ իր ձայնը տա: Aravot.am-ի այս հարցին ի պատասխան՝ Երեւան քաղաքի ավագանու ընտրություններում 5-րդ համարի ներքո հանդես եկող «Ուժը հայրենյաց» կուսակցության ցուցակում ընդգրկված ՀՀ վաստակավոր արտիստ, բալետի պարուհի Ժակլին Սարխոշյանը հետեւյալ կերպ արձագանքեց. «Որովհետեւ մեզ մոտ առաջին համարը կին է (արդարադատության երրորդ դասի պետական խորհրդական, իրավաբանական գիտությունների թեկնածու Նելլի Հարությունյան-Գ.Հ.): Իսկ կինը միշտ հետեւողական է, պարտաճանաչ է ու կարգապահ, երկրորդն էլ մայր է, ամեն ինչ հասցնում է եւ ընտանիքում եւ աշխատավայրում»:

Անդրադառնալով Երեւանի խնդիրներին, որոնց վերաբերյալ իրենց դիմում են քաղաքացիները, Ժակլին Սարխոշյանն ասաց. «Երբ հանդիպում ենք ընտրողներին, բազմաթիվ հարցեր են բարձրացնում, առաջինն այն է, որ ջուր չկա, դույլերով ջուր են կրում, որպեսզի իրենց այգիները ջրեն, քաղաքը փոշոտ է, հենց քամիներ են լինում, ամբողջ ավազը լցվում է խաղահրապարակներում խաղացող երեխաների աչքերի մեջ»: Ի թիվս այլնի, նա առանձնացրեց օդի աղտոտվածության, աղբահանության, կանաչապատման խնդիրները:

«Որտեղով անցնում ես, աղբ է, անգամ Մաշտոցի պողոտայով քայլելիս, որ հենց Կենտրոնում է գտնվում: Նաեւ ինքնագլորներն են խանգարում մարդկանց, այդ հարցն էլ պետք է կարգավորվի, ստիպված պետք է այնպես քայլես, որ վրայովդ չանցնեն: Բնակարանաշինության հարցն էլ կարեւոր է: Իմ օրինակով ասեմ՝ ես երկրից գնացի, որ դրսում աշխատեմ ու տուն ունենամ: Ես կոնկրետ արվեստագետների մասին եմ խոսում: Գոնե այն մարդիկ, որոնք պետական աշխատող են, ստանան բնակարաններ պետության կողմից: Ես նաեւ մտածում եմ, որ արվեստի ու սպորտի ոլորտի մարդկանց պետք է 20 տարվա աշխատանքից հետո հնարավորություն ընձեռել պետության հաշվին 2-րդ մասնագիտություն ստանալու, որպեսզի այդ ոլորտներում կարիերան ավարտելուց հետո 40 տարեկանում տաքսի չքշեն եւ իրենց ավելորդ զգան»:

Իսկ ինչո՞ւ որոշեց քաղաքականությամբ զբաղվել՝ լինելով կայացած մարդ եւ ճանաչված արվեստագետ, այս մասին էլ Ժակլին Սարխոշյանը հետևյալն ասաց. «Ես դրա համար 2 պատճառ ունեմ, առաջինը, որ մի շարք խնդիրների տարիներ շարունակ լուծում չի տրվում, գումարած այն, որ ուզում եմ անպայման բալետային միջազգային փառատոն լինի Հայաստանում: Ինչու բոլորն ունեն, մենք չունենք, չէ՞ որ մենք էլ բալետային աստղեր ենք ունեցել…

Վերջերս կանանց մի խմբի հետ էի հանդիպում: Հարցրի՝ վերջին անգամ ե՞րբ են եղել թատրոնում, 70 հոգուց ոչ ոք ձեռք չբարձրացրեց: Նրանք կարի արտադրամասում էին աշխատում եւ 80 հազար դրամ աշխատավարձ էին ստանում: Ասացին, որ դրա համար ժամանակ ու հնարավորություն չունեն: Հետեւաբար պետք է ամիսը գոնե մեկ անգամ լինի բարեգործական ներկայացում, որ նման մարդիկ էլ կարողանան ներկա լինել, քանի ոչ չեն կարող իրենց 80 հազար աշխատավարձից ներկայացումների տոմսերին գումար հատկացնել:

Երկրորդ պատճառը, որ որոշեցի մասնակցել ընտրություններին, հետեւյալն է. այժմ ես աշխատում եմ մարմնամարզության դպրոցում՝ Նատալյա Սերգեւենայի (Ռոտենբերգի) մոտ, իրենից շատ եմ ոգեշնչվել, ծրագրերն իրականացնելու ճանապարհին իրենց չի վախեցնում ոչ մի խոչընդոտ: Վերջերս էլ 6 ոսկի, արծաթ եւ բրոնզ բերեցինք Դուբայից, հասկացա, որ այդ մարդու հետ կարելի է ճանապարհ գնել: Այժմ աջակցում եմ Նատալյա Ռոտենբերգին եւ մեր ցուցակի առաջին համար Նելլի Հարությունյանին»:

 Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930