Լրահոս
Տատիս բաժակը
Օրվա լրահոսը

Պե՞տք է վերանայել «Հայոց եկեղեցու պատմություն» դասագրքի բովանդակությունը

Հունիս 14,2014 00:08

Կարծիքներ կան, որ «Հայոց եկեղեցու պատմություն» դասագրքի բովանդակությունը հաճախ աստվածաշնչյան տեքստի վերարտադրություն է, և առարկայի անվան տակ իրականացվում է հայ առաքելական եկեղեցու քարոզչություն՝ սերմանելով անհանդուրժողականություն այլ կրոնների նկատմամբ:

«Հայոց եկեղեցու պատմություն» դասագրքում ամբողջացվում է հայի ազգային նկարագիրը: Ճիշտ է, դասագրքում տեղ են գտել որոշ կրոնական թեմաներ, սակայն դրանք միայն հայ առաքելական եկեղեցու դավանանքին չեն վերաբերում: Անդրադարձներ կան հին հունական դիցաբանությանը, զրադաշտականությանը, բուդդայականությանը, իսլամին, քրիստոնեությանն ու նրա տարբեր ուղղություններին: Սա աշխարհիկ առարկա է և երեխաներին կրոնական դոգմաներ չի պարտադրում: Դասագիրքը կրթադաստիարակչական նշանակություն ունի և լրացնում է հայագիտական առարկաներից՝ հայոց պատմությունից, գրականությունից ստացած գիտելիքները»,- «Մեդիա կենտրոնում» հունիսի 13-ին տեղի ունեցած «Քրիստոնեական բարոյախոսության դասերը հանրակրթական դպրոցներում և «Հայոց եկեղեցու պատմություն» դասագիրքը» թեմայով քննարկման ժամանակ ասաց ԿԳՆ Կրթության ազգային ինստիտուտի հայագիտական և սոցիալ-մշակութային առարկաների բաժնի մասնագետ Հասմիկ Մարգարյանը:

Հիշեցնենք, որ արդեն 10 տարի է, ինչ Հայաստանի հանրակրթական դպրոցներում դասավանդվում է «Հայոց եկեղեցու պատմություն» առարկան:
2013 թ. հունիսին ՄԱԿ-ի Երեխայի իրավունքների հանձնաժողովը հանդես էր եկել առաջարկով` վերանայելու դպրոցների ուսումնական ծրագիրը` դրանում արտացոլելով բոլոր երեխաների կրոնի ազատությունը և վերացնել «Հայոց եկեղեցու պատմություն» առարկայի պարտադիր դասավանդումը:

ՀՀ ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը, անդրադառնալով խնդրին, ասել է, որ նախարարությունը չի ընկրկի, և արևմտամետ ՀԿ-ները նախարարությանը չեն ստիպի հանել ցածր դասարաններում դասավանդվող քրիստոնեական բարոյախոսության դասերը:
Քննարկման ժամանակ, ի պատասխան Հասմիկ Մարգարյանի` հոգեբան-մանկավարժ, «Հայոց եկեղեցու պատմության դպրոցական դասագրքերի բովանդակային վերլուծությունն ու դրանց ազդեցությունը երիտասարդ սերնդի վրա» ուսումնասիրության համահեղինակ Արմինե Դավթյանն ընդգծեց, որ դասագրքում որոշ նյութեր դոգմատիկ են, և երեխաները պարզապես չունեն այլընտրանք:

Նա նաև տեղեկացրեց, որ 2012 թ. հրատարակվել է մի ձեռնարկ, որում տեղ են գտել կրոնական փոքրամասնությունների բողոքները. «Ես չեմ պատկերացնում, թե սրանից որքա՞ն ավելի բողոքներ պիտի լինեն, որ հիմք ծառայեն դասագրքի բովանդակության վերանայմանը»,- ասաց Ա. Դավթյանը:

Հ. Մարգարյանն էլ վստահեցրեց, որ դասագրքի հետ կապված դժգոհություններ չեն լսել:
Նա նաև նկատեց, որ կրոնի պատմություն անցնում են աշխարհի տարբեր երկրներում՝ Ֆրանսիայում, Իսպանիայում, Իսրայելում. «Իսպանիայում, օրինակ, այդ նույն ՄԱԿ-ը ինչո՞ւ չի պարտադրում կրոնի պատմությունը հանել,- ասաց Հ. Մարգարյանը և հավելեց,- մենք ուզում ենք հայի տեսակը պահպանել, իսկ ինչպե՞ս պիտի դա անենք: Բնականաբար, ազգային արժեքներն ուսուցանելով: Մի մտածեք, որ սրանք դոգմաներ են, այդպիսի բան չկա մեր դասագրքերում: Ունենք, օրինակ, «Ընտանիք» թեմա, որում շեշտադրվում է ընտանիքի կարևորությունը»:

Ա. Դավթյանը, սակայն, մինչև վերջ մնաց այն համոզման, որ պետք է վերանայել դասագրքի բովանդակությունը՝ այլընտրանքի հնարավորություն տալով բոլոր աշակերտներին:
Սիրանուշ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30