Լրահոս
Օրվա լրահոսը

Արարատյան հայրապետական թեմի երիտասարդները Ցեղասպանությանը նվիրված միջոցառումներ են իրականացնում

Հունիս 21,2014 18:20

Եղեռնի 100-ամյակին ընդառաջ Արարատյան հայրապետական թեմի երիտասարդները գերաշնորհ տեր Նավասարդ արքեպիսկոպոս սրբազանի օրհնությամբ և անմիջական աջակցությամբ յուրաքանչյուր ամսի 24-ին՝ խորհրդանշական այդ օրը, Հայոց ցեղասպանությանը նվիրված որևէ ծրագիր են իրականացնում:

Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Ավանի Ս. Աստվածածին եկեղեցու «Ծիրանավոր» երիտասարդաց միության ատենապետ Հասմիկ Միրզոյանը և հավելեց, որ նախորդ ամսի 24-ին, օրինակ, Ցեղասպանությանը նվիրված ֆիլմ են դիտել և ապա բանավեճ-քննարկում կազմակերպել:

«Իսկ այս ամիս Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում կլինի մեծ հսկման ժամերգություն, որը կանցկացվի Նավասարդ սրբազանի ձեռամբ, և կլինի նաև հոգեհանգստյան արարողություն»,- տեղեկացրեց Հ. Միրզոյանը՝ հավելելով, որ այս ծրագիրը շարունակական բնույթ կկրի, և յուրաքանչյուր ամսվա 24-րդ օրը Թեմի երիտասարդությունը հանդես կգա Ցեղասպանության հետ կապված որևէ ծրագրով:
«Հայ առաքելական սուրբ եկեղեցին մեր ժառանգությունն է, որը պիտի պահենք ու պահպանենք մեր գործնական հավատով,- ասում է Հ. Միրզոյանը,- ինչպես Ավետարանում է ասվում, հավատն առանց գործի մեռած է, այսինքն՝ ես կարծում եմ, որ միայն եկեղեցի գնալը, մոմ վառելն ու անձնական աղոթքը դեպի վեր առաքելը բավարար չէ եկեղեցին շեն պահելու համար: Ավետարանում ասվում է՝ հիշեք ձեր Արարչին ձեր երիտասարդության օրերին: Կարծում եմ՝ մենք այսօր ունենք այդ հրաշալի հնարավորությունը՝ հիշելու մեր Արարչին մեր երիտասարդության օրերին և տեր կանգնելու մեր եկեղեցուն»:

Արարատյան հայրապետական թեմի Կոնդի Ս. Հովհաննես եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Վահան քահանա Առաքելյանն էլ խոսեց այսօրվա խորհրդի մասին. Հայ առաքելական եկեղեցին այսօր մեծ շուքով տոնում է Ելն ի Վիրապեն տոնը, որը խորհրդանշում է Ս. Գրիգոր Լուսավորչի՝ Խոր Վիրապից դուրս գալը, և այդ առթիվ այսօր Հայ առաքելական բոլոր եկեղեցիներում սուրբ և անմահ պատարագ է մատուցվում:

Իսկ վաղը Կաթողիկե Սուրբ Էջմիածնի տոնն է, որի առթիվ Արարատյան հայրապետական թեմը կազմակերպում է ուխտագնացություն դեպի Ս. Էջմիածին: «Երևանի և Արարատի մարզի բոլոր եկեղեցիների կողմից ավտոբուսներ են հատկացվել, որոնք ուխտավորներին կտանեն Մայր տաճար,- ասում է քահանան:- Թեմի առաջնորդ Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի ձեռամբ այդ օրը Մայր տաճարում սուրբ և անմահ պատարագ կմատուցվի»:

Ինչպես տեղեկացրեց Տեր Վահան քահանա Առաքելյանը, ուխտագնացությանը կմասնակցեն նաև ՀՀ նախագահը, Երևանի քաղաքապետը, Արարատի մարզպետը և ուրիշներ:

Սիրանուշ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30