Լրահոս
Օրվա լրահոսը

Շանթ Հարությունյանին սպառնացել են, որ իր վրա նոր հոդվածներ են ավելացնելու

Հունիս 27,2014 13:51

«Այստեղ կա մի աշխատող, որը  կրում է պետական համազգեստ, նրանից հարցնում եմ անունն ու ազգանունը, չի ներկայանում: Ամեն անգամ ասում է՝ խոստանում եմ, քո վրա մի հոդված էլ է ավելանալու, ամեն ինչ անելու եմ, որ մի հոդված էլ ավելանա… հայտարարում եմ՝ այստեղ կա KGB-ի բ…զ, գործակալ»,- այսօր դատարանում դատական նիստի ժամանակ հայտարարեց Շանթ Հարությունյանը: Նրան ընդհատեց դատավոր Մնացական Մարտիրոսյանը:

Ամբաստանյալներ Արմեն Հովհաննիսյանի եւ Տիգրան Պետրոսյանի փաստաբան Արա Զաքարյանն էլ ներկայացրեց իր պաշտպանյալ Արմեն Հովհաննիսյանի վերաբերյալ ոստիկան Գեղամ Խաչատրյանի ցուցմունքների հակասությունը:

«Արմեն Հովհաննիսյանը իբր թե հրել է ոստիկաններ Արա Մարտիրոսյանին եւ Գեղամ Խաչատրյանին: Գործում առկա նյութերով չի հիմնավորվում, որ իմ պաշտպանյալը նման գործողություններ է կատարել: Գեղամ Խաչատրյանը իր առաջին ցուցմունքում նշել է, որ Արմենն իրեն հրել է, բայց առերես հարցաքննության ժամանակ ոչինչ չի ասել, ու դա որեւէ ապացույցով, այդ թվում՝ նաեւ տեսագրությամբ չի ապացուցվել: Եթե նրան հրած լիներ, տուժողը առերես հարցաքննության ժամանակ կասեր: Տուժող Գեղամ Խաչատրյանն ասել է, որ ունի գերազանց հիշողություն ու դեպքերի մանրամանսերը լավ հիշում է»,- ասաց պարոն Զաքարյանը:

Նա դատավորին ասաց. «Եթե դուք այսօր էլ պնդեք ձեր մերժման մասին որոշումը, ապա պարտավոր եք բերել ծանրակշիռ պատճառաբանություններ, հակառակ դեպքում սա բացահայտ կամայականություն է»: Արա Զաքարյանը նաեւ պնդեց, որ մերժումը հաստատելու դեպքում, դատարանը պետք է միջնորդի պետբյուջեից գումարներ տրամադրել Արմեն Հովհաննիսյանի երեք անչափահաս երեխաների ապրուստը հոգալու համար, քանի որ այդ ընտանիքի միակ եկամտի աղբյուրն իր կալանավորված պաշտպանյալն է:

Նա նաեւ ասաց, որ ակցիաների ընթացքում ոստիկանների եւ ակցիայի մասնակիցների միջեւ տեղի է ունենեցած  միջադեպը  չի կարող որակվել խուլիգանություն: Փաստաբանի խոսքով՝ ոստիկան Արա Մարտիրոսյանին հրել է ոչ թե Արմեն Հովհաննիսյանը, այլ իր մյուս պաշտպանյալը՝ Տիգրան Պետրոսյանը:

Շանթ Հարությունյանը կրկին ընդհատեց դատական նիստը, դժգոհեց, որ դատական նիստը սկսվում է փաստաբան Արաք Զաքարյանի խոսքով.«Մեր դատը պետք է  սկսվի մեզնից, թող ինքը գնա  արդարադատության խորհրդում դասախոսություններ կարդա կալանքի խափանման մասին: Առաջինը մեղադրյալներին հարցրեք՝ ունե՞ք ասելու բան, որովհետեւ ես եմ դատվողը: Միտում եմ տեսնում»:

 

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30