Լրահոս
Օրվա լրահոսը

Փոքր ՀԷԿ-երի ոլորտում վաղուց ժամանակն է խոսքերից անցնելու հստակ քայլերի

Հուլիս 07,2014 12:52

Արդեն չորս տարուց ավել է՝ տարբեր ձևաչափերով բարձրաձայնվում է Հայաստանում փոքր ՀԷԿ-երի կառուցման ու շահագործման ընթացքում առաջացող էկոլոգիական և սոցիալ-տնտեսական լուրջ խնդիրների առկայության ու դրանց հրատապ լուծման անհրաժեշտության մասին։ Բնապահպանների, մասնագետների, ազդակիր համայնքների բազմաթիվ հիմնավոր բողոքները վկայում են, որ այս ոլորտն ունի լուրջ փոփոխությունների կարիք։ Սակայն սայլը տեղից չի շարժվում, և պետական մարմինների գործողությունները սահմանափակվում են միայն քննարկումներ կազմակերպելով, տարբեր հանձնաժողովներ ստեղծելով, որոնք առ այսօր ոչ մի գործնական և տեսանելի արդյունք չեն տվել։
Համահայկական բնապահպանական ճակատը (ՀԲՃ) այս ոլորտին վերաբերող հիմնական խնդիրների լուծման ուղղությամբ հստակ առաջարկներ էր ներկայացրել ինչպես նախորդ, այնպես էլ ներկա կառավարությանը (տես)։ Նախորդ կառավարության պատասխաններն ըստ էության չէին, որի պատճառով անիմաստ ենք համարում դրանց անդրադառնալը։
Ներկա կառավարությունից առայժմ պատասխան ենք ստացել միայն բնապահպանության նախարարությունից, որտեղ մասնավորապես նշված է, որ ՓՀԷԿ-երի շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննության փուլում կան որոշակի խնդիրներ՝ կապված ներկայացված նախագծերում անհրաժեշտ գիտական և օբյեկտիվ հիմնավորումների բացակայության հետ, իսկ շինարարական աշխատանքների ընթացքում հաճախ վնաս է հասցվում բնությանը և շրջակա միջավայրին, չեն տեղադրվում ձկների համար նախատեսված ձկնանցարաններ։ Չեն տեղադրվում նաև ջրի հոսքը կարգավորող փականներ, ինչի պատճառով չի ապահովվում էկոլոգիական թողքը։

HEK_2
Սակայն նախարարությունում գտնում են, որ մեր պնդումներն առ այն, որ հանրային լսումները կրում են ձևական բնույթ, և բոլոր ՓՀԷԿ-երի նախագծերին համատարած տրամադրվում է դրական եզրակացություն, չեն համապատասխանում իրականությանը։ Այս առումով դիմում ենք բնապահպանության նախարարությանը՝ խնդրելով ներկայացնել մի քանի դեպք, երբ հանրային լսումների արդյունքում ձևավորված և հստակ ներկայացված բացասական կարծիքը հաշվի է առնվել վերջնական որոշումը կայացնելիս, կամ որևէ ՓՀԷԿ-ի նախագծի տրվել է բացասական եզրակացություն։

Ամեն դեպքում, ՀՀ բնապահպանության նախարարությունը, որոշ հարցերում համակարծիք է մեզ հետ և փոքր ՀԷԿ-երի առաջ բերած խնդիրները նվազագույնի հասցնելու համար նախընտրելի է համարում․
– հրաժարվել բնական ջրահոսքերի (գետերի) վրա նոր փոքր ՀԷԿ-եր կառուցելու քաղաքականությունից և կառուցել դրանք միայն ոռոգման համակարգերի վրա,
– ստեղծված իրավիճակը թելադրում է էկոլոգիական թողքի հաշվարկման նոր մեթոդիկայի մշակման անհրաժեշտություն,
– ձևավորել մեխանիզմներ բնապահպանական թողքի քանակը կարգավորող ավտոմատ համակարգերի ներդրման համար,
– անհրաժեշտություն է առաջացել վերանայել փոքր ՀԷԿ-երի լիցենզիաների տրամադրման ընթացակարգը, ըստ որի՝ կառուցման լիցենզիա պետք է տրամադրվի ՀԷԿ-ի նախագծային փաթեթի շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննության դրական եզրակացություն ստանալուց հետո։

Պատասխանում նախարարությունը նշել է նաև, որ բարձրացրած խնդիրների մի մասը դուրս է բնապահպանության նախարարության լիազորությունների սահմաններից, ինչը, բնականաբար, մենք շատ լավ հասկանում ենք, որի պատճառով էլ դիմել էինք հենց ՀՀ կառավարությանը, որպեսզի նա քննարկեր այս խնդիրները բոլոր լիազոր մարմինների հետ և ներկայացներ մեզ համապարփակ պատասխան։ Սակայն, չգիտես ինչու, մեր առաջարկներն ուղարկվել են միայն բնապահպանության նախարարություն, ինչը ճիշտ մոտեցում չէ և վկայում է այն մասին, որ կառավարության ղեկավարը կամ տեղեկացված չէ այս խնդիրներից կամ էլ կառավարությունում դեռևս չեն ընդունում այս խնդիրների կարևորությունը։

Կոչ ենք անում ՀՀ կառավարությանը խոսքերից անցնել գործնական քայլերի և բոլոր շահագրգիռ պետական, մասնավոր ու հանրային շերտերի հետ քննարկման արդյունքում, հստակ միջոցառումներ ձեռնարկել փոքր ՀԷԿ-երի ոլորտում իրականացվող քաղաքականության վերանայման ուղղությամբ, քանի որ այլընտրանքային էներգետիկայի այս տեսակի նման զարգացումը արդեն առաջ է բերել լուրջ խնդիրներ։ Իսկ եթե հաշվի առնենք էկոհամակարգերի վրա երկարաժամկետ և կուտակային ազդեցության հանգամանքը, ապա բնությանն ու շրջակա միջավայրին հասցված վնասները կարող են անդառնալի լինել։

Տեսանյութում կարող եք տեսնել, թե ինչ վիճակում են հայտնվում մեր բնությունն ու շրջակա համայնքները ՓՀԷԿ-երի կառուցման և շահագործման արդյունքում։

 

Համահայկական բնապահպանական ճակատ (ՀԲՃ)

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031