Լրահոս
Օրվա լրահոսը

ՄԻԱՎ-ով ապրող մարդկանց առաջ փակվում են բուժհաստատությունների դռները, իսկ նրանց երեխաներին հանում են մանկապարտեզից

Հուլիս 07,2014 15:56

Հայաստանում մարդու իմունային անբավարարության վիրուս (ՄԻԱՎ) ունեցող մարդիկ ապրում են հույսով ու փոքրիկ երազանքով, որ կգա այն օրը, երբ վերջապես հասարակությունն իրենց կընդունի առանց վախերի, «զարմացած հայացքով» չի փորձի գաղտնազերծել դիմացինի կյանքը, ներխուժել հոգու մեջ ու սպասել չհնչեցրած հարցերի պատասխանների:

Կյանքը նրանց համար հոսում էր նույն հունով մինչև այն պահը, երբ անսպասելի տեղեկանում են սեփական հիվանդության մասին, որից հետո, հաղթահարելով հիվանդության ֆիզիկական ու հոգեբանական խնդիրները, փորձում են շարունակել ապրել: Սակայն հասարակությունը հաճախ շատ ավելի դաժան է, քան վիրուսն ինքնին, կյանքի ամենատարբեր ոլորտներում խտրականությունը նույնքան անհաղթահարելի, որքան՝ վիրուսը:

«Իրական աշխարհ, իրական մարդիկ» (ԻԱԻՄ) ՀԿ համանախագահ Սեմ Թադևոսյանը նշում է, որ ՄԻԱՎ-ով ապրող մարդկանց իրավունքները հիմնականում խախտվում են բուժհաստատություններում:

«Միակ առողջապահական հիմնարկը, որտեղ չի խախտվում՝ՁԻԱՀ-ի կանխարգելման կենտրոնն է: Սկզբում կարծում էինք, որ ժամանակ է պետք, ու հետագայում կփոխվեն, ի վերջո, բուժաշխատողներն այդքան թրեյնինգների են մասնակցում, բայց կյանքը ցույց է տալիս, որ կարծրատիպեր կոտրելը բավական դժվար է: Չի ստացվում, միշտ խախտվում է, ու կարգավիճակ է բացահայտվում, ինչը գրեթե միշտ բուժաշխատողներն են անում»,- ասում է Թադևոսյանը:

Կազմակերպությունը փորձում է բարելավել ՄԻԱՎ-ով ապրող մարդկանց կյանքի որակը, պաշտպանում է նրանց և նրանց ընտանիքների իրավունքները:

ԻԱԻՄ-ի սոցիալական աշխատող Լիլիթ Ալեքսանյանը նշում է, որ ՀՀ օրենսդրության համաձայն՝ յուրաքանչյուր մարդ, անկախ ՄԻԱՎ կարգավիճակից, ունի սահմանադրական իրավունքներ, սակայն դրանք հաճախ խախտվում են բժիշկների կողմից:
«2013 թ. օգնեցի մեր շահառուներից մեկին կազմակերպելու անհրաժեշտ վիրահատությունը պետության կողմից երաշխավորված անվճար բժշկական օգնության ծառայությունների շրջանակներում: Ուղեկցել եմ նրան տվյալ բժշկական հաստատություն, մոտ կես ժամ զրուցել եմ բժշկի հետ՝ համոզելով նրան իրականացնել վիրահատությունը, չնայած նա պարտավոր էր դա անել: Զրույցի ընթացքում հիշեցրել եմ նաև իմ հիվանդի գաղտնիության պահպանման իրավունքի մասին»,-պատմում է Ալեքսանյանը:
Բժիշկն իրականացրեց վիրահատությունը, սակայն ողջ անձնակազմը իմացավ հիվանդի ՄԻԱՎ կարգավիճակի մասին՝ պատճառաբանելով, թե բացահայտել է կարգավիճակը, որպեսզի աշխատակազմը բժշկական ձեռնոցներ օգտագործի:

«Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին» ՀՀ օրենքի 5-րդ հոդվածում նշվում է, որ բուժաշխատողները պարտավոր են պահպանել իրենց հիվանդների անձեռնմխելիության և գաղտնիության իրավունքները, ինչը հաճախ խախտվում է նույն բուժաշխատողների կողմից:

«Մարզերից մեկում դեպք եղավ, երբ բրիգադիրը մի քանի հոգու տարել էր Ռուսաստան աշխատելու, աշխատանքային պայմանագիր ձեռք բերելու նպատակով իրականացվող անալիզներից հետո պարզվել էր, որ խմբում մեկը ՄԻԱՎ ունի, և նրան հետ են ուղարկել Հայաստան: Ու մինչ այդ մարդը տեղ կհասներ, ամբողջ գյուղն արդեն գիտեր հիվանդության մասին»,- պատմում է Թադևոսյանը: – Ամբողջ գյուղում աղմուկ էր բարձրացել, երեխաներին անգամ մանկապարտեզից հանել էին, դայակը հրաժարվել էր երեխաների կոշիկները կոճկել, ասել էր՝ քո հայրը հիվանդ է: Այդ դեպքը գյուղում մատի փաթաթան էր դարձել»:

Հաճախ բժիշկները փորձում են հրաժարվել ՄԻԱՎ-ով հիվանդին վիրահատել՝ մերժումն արդարացնելով անհրաժեշտ մասնագետի, սարքավորման բացակայությամբ, տարբեր պատճառաբանություններով հնարավորինս խուսափում են:
«Վերջերս էլ մի դեպք տեղի ունեցավ, երբ տվյալ հիվանդանոցի բաժնի վարիչը, ինձ մոտենալով, ասաց. «Ի՞նչ կլինի այդ հիվանդին այլ հիվանդանոց տարեք, մեզ մոտ մի արեք էլի վիրահատությունը, հարցնում եմ՝ ինչո՞ւ կամ ի՞նչ տարբերություն, ասում է. «Դե, գիտեք, մեզ մոտ բժիշկները երիտասարդ են, բա որ հանկարծ մատը կտրեն»,- պատմում է Ալեքսանյանը:

«ՄԻԱՎ-ով հիվանդների իրավունքները խախտում են բժիշկները, ովքեր տիրապետում են փոխանցման ուղիներին: Բայց, ցավոք, մեր դեպքերի գրեթե գերակշիռ մասը տեղի է ունենում հենց առողջապահական հիմնարկներում, շատ հայտնի բժիշկների կողմից: Այնպիսի հարցեր են տալիս նույն բժիշկները, օրինակ՝ եթե հանկարծ մատս կտրեմ, երեք հատ ձեռնո՞ց հագնեմ: Լավ, ասենք՝ մատը կտրեց, բայց մատը կտրելուց վարակվելու հավանականությունը շատ չնչին է, եթե ներարկում չկա»:

Սեմ Թադևոսյանը, շեշտում է, որ ցանկացած հիվանդի յուրաքանչյուր բժիշկ պետք է ընդունի որպես պոտենցիալ ՄԻԱՎ վարակակիրի, նա իր զգուշության համար պետք է պահի անհրաժեշտ ստերիլ բոլոր պայմանները, քանի որ հաճախորդը գուցե տեղյակ էլ չէ, որ ինքը հիվանդ է:

Ըստ ՀՀ առողջապահության նախարարության ՁԻԱՀ-ի կանխարգելման հանրապետական կենտրոնի տվյալների՝ մեր երկրում մարդու իմունային անբավարարության վիրուսով վարակվածության դեպքերի արձանագրումը սկսվել է 1988 թվականից և այդ ժամանակից ի վեր Հայաստանում գրանցվել է ՄԻԱՎ վարակի 1761 դեպք, որոնցից 238-ը` 2013 թ. ընթացքում, ինչն առավելագույնն է բոլոր նախորդ տարիների համեմատությամբ:
ՄԻԱՎ վարակակիր հիվանդների ընդհանուր կազմում գերակշռում են արական
սեռի ներկայացուցիչները 70%, հիվանդների մեծամասնությունը՝ 54 տոկոսը, երիտասարդներ են (25-39 տարիքային խմբում):

«Բժշկական ծառայությունների մասին» ՀՀ օրենքը (1996) նշում է, որ բոլոր մարդիկ բժշկական օգնություն և սպասարկում ստանալու իրավունք ունեն: Սա նշանակում է, որ անկախ անձի ՄԻԱՎ կարգավիճակից, բուժաշխատողները պարտավոր են ապահովել բժշկական սպասարկում և բուժում:

Լիլիթ Ալեքսանյանը պատմում է, թե ինչպես իրենց հիվանդներից մեկը երեք բուժհաստատություն է դիմել դիմածնոտային վիրահատության համար, սակայն երեքում էլ մերժում ստացել:

«Բժիշկը բղավելով ու շատ վատ տոնով բացահայտ ասել է, որ իր կյանքը չի վտանգելու այդ վիրահատությունն անելու համար, եթե անգամ աղմուկ բարձրացնեն: Այն վիճակն էր, որ այդ հիվանդը ցավերի մեջ էր ու, չդիմանալով, սեփական ծախսերով գտավ մեկ այլ բժշկի և վերջապես վիրահատվեց»,- պատմում է Ալեքսանյանը:
Գնահատելով վերջին տարիների դինամիկան՝ նրանք նշում են, որ փոքր-ինչ տեղաշարժ կա, ինչը նաև իրենց նման կազմակերպությունների տրամադրած տեղեկատվության, իրազեկության բարձրացման շնորհիվ է:

Ըստ ԻԱԻՄ-ի՝ ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի վերաբերյալ շատ փաստեր կան, որ Հայաստանում բուժաշխատողները լիովին չեն ըմբռնում կամ թյուր կարծիք ունեն: Ինչպես 2005 թ. նշել է ՅՈՒՆԵՍԿՕ-ն, «Հայաստանում բուժաշխատողների շրջանում ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի վերաբերյալ գիտելիքների մակարդակն ընդհանուր առմամբ շատ ցածր է»: Բուժաշխատողներն ապատեղեկացված են կամ թյուր կարծիք ունեն ՄԻԱՎ-ի տարածման ուղիների մասին:

«Թեստեր են լրացնում, թվում է լրիվ տիրապետում են փոխանցման ուղիներին: Սակայն հարցին՝ եթե երեխայիդ ուսուցիչը ՄԻԱՎ-ով հիվանդ լինի, պատասխանում են, որ չեն ուզի: Այդ «չէ»-ն փոխվում է այն ժամանակ, երբ դեպքը պատահում է իրենց կամ իրենց հարազատի, ընկերոջ հետ: Այդ դեպքում նույն մարդը 180 աստիճանով փոխվում է»,- ասում է Սեմ Թադևոսյանը:

Ալեքսանյանը պատմում է, որ իրենց շահառուներից մեկի երեխայի կույրաղիքի վիրահատությունից հետո բժիշկը, իմանալով, որ երեխայի հայրը ՄԻԱՎ վարակակիր է և ենթադրելով, որ երեխան էլ ՄԻԱՎ կունենա, հրաժարվում է բուժումը շարունակել՝ մեղադրելով հորը երեխայի ՄԻԱՎ կարգավիճակը թաքցնելու մեջ, սպառնալով, որ կտարածի տեղեկատվությունը:

«Հայրը շոկային վիճակում էր ու շատ վախեցած, ավելի շատ վշտացած էր, որովհետև իրականում դուստրը ՄԻԱՎ վարակակիր չէր»,- պատմում է ԻԱԻՄ-ի սոցիալական աշխատողը:

Որպես կանոն՝ ՄԻԱՎ-ով մարդիկ գերադասում են լռել, չեն պայքարում իրենց իրավունքների վերականգնման համար, քանի որ վստահ չեն, թե Հայաստանում հարցը լուծում կստանա:

«Մինչև հիմա որևէ բողոքի դեպք չենք ունեցել: Մենք, իհարկե, նրանց հորդորում ենք պաշտպանել սեփական իրավունքները, քայլ անել, ընթացք տալ գործին, ու եթե մի քանի բժիշկ էլ գործից հեռացվեն, ապա մյուսները կհասկանան, որ եթե մարդկայնորեն դա չեն պահելու, ապա գոնե օրենքի շրջանակներում՝ պարտավոր են»,- ասում է Թադևոսյանը:

Գայանե ՄԿՐՏՉՅԱՆ

Լուսանկարը՝ life.panorama.am

«Հանուն հավասար իրավունքների» նախաձեռնություն

Ծրագրի ղեկավար և խմբագիր՝ Գայանե Աբրահամյան

Հեռախոս: +37498 566 886 Էլ. հասցե: [email protected] Ֆեյսբուք:

https://www.facebook.com/profile.php?id=100007800990200

Թվիթեր: https://twitter.com/4equalrightsarm

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Վարազ Սյունի (Ամստերդամ) says:

    Խայտառակություն: «3000 տարվա քաղաքակրթություն ունեցող» Հայաստանում դեռ միջնադարյան բարքեր են:

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031