Լրահոս
Օրվա լրահոսը

Ոստիկանության ներկայացուցիչը չկարողացավ ներկայացնել, թե ինչու են դատի տվել քաղաքացուն

Հուլիս 17,2014 17:26

Այսօր ՀՀ վարչական դատարանում կայացավ ՀՀ ոստիկանությունն՝ ընդդեմ «Նախախորհրդարանի» անդամ Վարդան Հակոբյանի գործով հերթական դատական նիստը (նախագահող դատավոր Ա. Միրզոյան): ՀՀ ոստիկանությունը դատարանում պահանջում է Վարդան Հակոբյանին ենթարկել վարչական պատասխանատվության՝ ոստիկանի օրինական պահանջը չկատարելու համար:

Հիշեցնենք, որ «Ազատագրենք հուշարձանն օլիգարխից» շարժումը 2013-ի հոկտեմբերի 24-ին բողոքի ակցիա էր իրականացնում Ամիրյան 24 հասցեում և պահանջում դադարեցնել «Ֆլեշ» ՍՊԸ-ի կողմից իրականացվող ապօրինի շինարարությունը: Հենց այս ակցիայի ժամանակ էլ Վարդան Հակոբյանը բերման է ենթարկվել:

Նշենք, որ Վարդան Հակոբյանի ներկայացուցիչներ Տիգրան Եգորյանն ու Սերգեյ Գրիգորյանը ներկայացրել են հակընդդեմ հայց՝ ոչ իրավաչափ ճանաչել ոստիկանության միջամտող գործողությունները, այդ թվում սեփական կարծիքն ազատ արտահայտելու, ազատ խոսքի, միավորումներ կազմելու, ազատ տեղաշարժվելու, անձնական ազատության և անձեռնմխելիության, խտրական վերաբերմունքից զերծ մնալու իրավունքներին միջամտելը:

ՀՀ ոստիկանության ներկայացուցիչ Սոնա Մելիքյանը հայտարարեց, թե 2013-ի Վարդան Հակոբյանը խոչընդոտել է հոկտեմբերի 24-ին Ամիրյան 24 հասցեում իրականացվող շինարարական աշխատանքներին: Դատավորը հարցրեց՝ ի՞նչ է արել՝ «Կռանի՞ց է կախվել»: Դատավորն այդպես էլ հարցի պատասխանը չստացավ, խնդրեց ներկայացնել կոնկրետ արարքը: Ոստիկանության ներկայացուցիչն անընդհատ հնչեցնում էր, որ Վարդանը կանգնել է շինհրապարակի փոսի վրա և խոչընդոտել աշխատանքներին:
Նախագահող դատավորը հարցրեց, արդյոք փոսի վրա կանգնելը իրավախախտո՞ւմ է, ինչպես գրված է ոստիկանության ներկայացրած զեկուցագրում; Կրկին սպառիչ պատասխան չստացավ:

Հարցին պատասխանեց Վարդան Հակոբյանի ներկայացուցիչ Տիգրան Եգորյանը: Նա ներկայացրեց, որ իր վստահորդը միացել է բողոքի ձայն բարձրացրած քաղաքացիներին՝ ընդդեմ Ամիրյան 24 հասցեում իրականացվող ապօրինի շինարարության:
Տիգրան Եգորյանը փորձեց ՀՀ ոստիկանության ներկայացուցչից ճշտել՝ ոստիկանությունը ի՞նչ նպատակով էր եկել, հավաք ցրելո՞ւ, թե՞ հավաքի իրականացումն ապահովելու: Սոնա Մելիքյանը վրդովվեց, թե «ոստիկանությունը հավաք չի ցրում, զերծ մնացեք այդպիսի արտահայտություններից»:

Խնդրահարույց էր այն հարցը, արդյոք Վարդան Հակոբյանը խոչընդոտե՞լ է շինհրապարակում իրականացվող աշխատանքներին, թե՝ ոչ, դրա արդյունքում արդյոք շինարարական աշխատանքները դադարե՞լ են, թե՝ ոչ: Ոստիկանության ներկայացուցիչը կրկին կոնկրետ չկարողացավ պատասխանել:

Նախագահող դատավորը հայտարարեց, որ գործը պատրաստ է դատաքննության: Հաջորդ դատական նիստը նշանակվեց հոկտեմբերի 2-ին ժամը՝ 14.30-ին:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031