Լրահոս
Տատիս բաժակը
Օրվա լրահոսը

Հրայր Թովմասյան. Սահմանադրության գլխավոր հերոսը պետք է լինի ոչ թե պաշտոնյան, այլ` հասարակ մարդը

Հուլիս 17,2014 18:30

Սահմանադրական բարեփոխումների հայեցակարգի հանրային քննարկումների մարզային փուլն այսօր շարունակվել է Գյումրի քաղաքում: Հայեցակարգային դրույթները ներկայացրել են ՀՀ Նախագահին կից սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի նախագահ Գագիկ Հարությունյանն ու հանձնաժողովի անդամ Հրայր Թովմասյանը:

Քննարկմանը ներկա են եղել նաև Շիրակի մարզպետ և Գյումրիի քաղաքապետ Սամվել Բալասանյանը, քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներ:
Գագիկ Հարությունյանը վերստին կարևորել է սահմանադրական բարեփոխումների հրատապությունը` հասարակական-քաղաքական հարաբերությունների ու արժեհամակարգային փոփոխությունների համատեքստում: Նա ներկայացրել է հայեցակարգային դրույթները` շեշտադրելով իրավունքի գերակայության, այդ իրավունքի իրացման երաշխիքների ապահովման, հանրային իրավական պատասխանատվության ինստիտուտի ներդրումը, կառավարման խորհրդարանական ձևին անցում կատարելը և այլն:

«Սահմանադրական դինամիկ զարգացման միջոցով են լուծվում այս խնդիրները»,-նշել է պարոն Հարությունյանը: Որպես օրինակ նա անդրադարձել է Ամերիկայի Միացյալ Նահանգներին, որի խնդիրն էր ստեղծել սահմանադրական կարգ ու նախանշել միասնական զարգացման նպատակի սկիզբը: «Իհարկե, այն ավելի շատ պետական ինստիտուտներին ուղղված Սահմանադրություն էր, ուր մարդը դուրս էր մղվել. դրան հաջորդեցին փոփոխություններ, որով մարդու իրավունքները դրվեցին ամերիկյան Սահմանադրության առանցքում»,- նշել է հանձնաժողովի նախագահը:

Բանախոսի կարծիքով՝ սահմանադրական պետությունը տարբեր ժամանակներում պետք է լուծի տարբեր խնդիրներ: Նրա խոսքով` տարբեր երկրներ գնացին խորհրդարանական կառավարման ձևի և սահմանադրականացրեցին իրավունքի գերակայման սկզբունքը` ի տարբերություն հետխորհրդային երկրների, որոնք ընտրեցին կիսանախագահական կառավարման ձևը, և որի նպատակն էր ուժեղացնել պետական ինստիտուտները` որոշակի խնդիրներ լուծելու համար, սակայն տվյալ մոդելը ժամանակի ընթացքում խնդիրներ առաջացրեց: Որոշ երկրներում նախագահները տասնյակ տարիներ մնացին իշխանության, որոշ երկրներում նախագահի ուժեղ ինստիտուտն առաջացրեց հեղաշրջումների տրամադրություններ և այլն: «Եթե այսօր խնդիրները չկարգավորվեն սահմանադրորեն, ապա հետագայում դրանք գնալով խորանալու են»,-ասել է հանձնաժողովի նախագահը: Նա հիշեցրել է 2005թ-ի Սահմանադրությունը, որով, չհաջողվեց սահմանել մարդակենտրոն սահմանադրություն: Պատասխանելով ներկաների հարցերին՝ Գագիկ Հարությունյանը շեշտել է, որ իշխանության հայեցողության սահմանները հստակեցված չեն և դա դրսևորվում է նաև դատարաններում, երբ խնդիրներ են առաջանում մարդու իրավունքների պաշտպանության առումով: Գ. Հարությունյանն իրավունքի գերակայության համար առանձնացրել է եռաստիճան ինստիտուցիոնալ համակարգ. իրավունքները պետք է գործեն անմիջականորեն, դրանք պետք է ունենան պաշտպանվածություն և պետությունը պետք է սահմանափակված լինի այդ իրավունքներով:

Նրա խոսքով` Իրավունքները պետք է ունենան հստակություն թե գործելու, թե սահմանափակումների տեսանկյունից: «Հայեցողությունը բնորոշվում է իրավաչափ տարբերակների միջև ընտրությամբ, այսինքն`այն պետք է տեղափոխվի իրավական գործողության դաշտ: Պետք է կարողանանք ապահովել հանրային պատասխանատվություն, թե պաշտոնյայի աշխատանքները որքանով են համապատասխանում իր ֆունկցիաներին: Այդպիսով մարդը չի դառնում կամայականության զոհ, և մեծանում է նաև անմիջական ժողովրդավարության իրականացման հնարավորությունը»,- նշել է հանձնաժողովի նախագահը: Անդրադարձ է եղել նաև իշխանությունների տարանջատման ու հակակշռման սկզբունքին: Ըստ նրա` հակակշռման համար անհրաժեշտ են ոչ միայն հստակ ինստիտուցիոնալ տարանջատման մեխանիզմներ, այլ նաև` անմիջական ժողովրդավարության մեխանիզմների առկայություն: «Դատական իշխանությունը ֆունկցիոնալ մարմին է, սակայն մեզանում այն ավելի շատ վերածվում է ինստիտուցիոնալ մարմնի` հետին պլան մղելով ֆունկցիաները: Առաջին հերթին մեր նպատակն է ապահովել դրանց համար ֆունկցիոնալ անկախություն, այնուհետև մտցնել ինստիտուցիոնալ կարգավորումներ»,- եզրափակել է Գագիկ Հարությունյանը:

Հրայր Թովմասյանը շեշտել է Սահմանադրության փոփոխության անհրաժեշտությունը, քանի որ մեր երկրում կան լուրջ խնդիրներ, որոնց լուծման ճանապարհն անցնում է սահմանադրական փոփոխության ճանապարհով: «Սահմանադրության գլխավոր հերոսը պետք է լինի ոչ թե պաշտոնյան, այլ` հասարակ մարդը: Մեր Սահմանադրությունը խնդիրներ ունի, այն չի կարողանում լուծումներ տալ շատ խնդիրների: Պետությունը հասարակական օրգանիզմ է, որի բուժման բանաձևը ճիշտ սահմանադրությունն է»,-նշել է հանձնաժողովի անդամը:

Քննարկման վերջում կազմակերպվել է հարցուպատասխան: Հարցերը վերաբերել են տեղական ինքնակառավարման և տարածքային կառավարման հարաբերակցությանը, մարդու իրավունքների գերակայությանը, իշխանության տարանջատմանն ու հակակշռմանն սկզբունքին, կառավարման ձևի փոփոխությանը, որոնց բանախոսները տվել են սպառիչ պատասխաններ:

Հաջորդ քննարկումը տեղի կունենա հուլիսի 21-ին, ժամը` 11:00-ին, Իջևանում:

ՀՀ ԱՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Ceyran says:

    Հասարակ մարդուն հետաքրքիր չէ,թե ինչպիսինն է սահմանադրությունը,որովհետև վատ սահմանադրություններ չեն գրվում/մանավանդ,որ վենետիկյան հանձնաժողով էլ դրական էր գնահատել գործող սահմանադրությունը/:Հասարակ մարդուն պետք է,որ սահմանադրությունը անխաթար գործի,օրենքները պահպանվեն:Պարզ բանաձև…

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031