Լրահոս
Օրվա լրահոսը

«Որոշ դեպքերում գրեթե անհնար է դառնում պացիենտների իրավունքների պաշտպանության հարցը»

Հուլիս 18,2014 14:20
bjishk

Ասում է Երեւանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի
Առողջապահական իրավունքի խմբի վարիչ, դասախոս Մելիք Սողոմոնյանը:

– Պարոն Սողոմոնյան, այսօր շատ է խոսվում առողջապահության իրավունքի մասին: Ձեր կողմից ղեկավարվող կառույցի առաքելությունը նույնն է: Կներկայացնե՞ք այն:

– Պետական բժշկական համալսարանում իրավագիտություն առարկան դասավանդվել է դեռեւս 1977 թվականից: 2012 թվականին բժշկական համալսարանի ռեկտոր Միքայել Նարիմանյանի որոշմամբ ստեղծվեց Առողջապահական իրավունքի կրթական խումբը՝ նպատակ ունենալով առավել խորացնել, մասնագիտացնել եւ գիտական հիմքերի վրա դնել առողջապահական իրավունքը։ Պետք է ասեմ, որ առողջապահական իրավունքն ինքնուրույն իրավունքի ճյուղ չէ, այլ մի քանի իրավունքի ճյուղերի որոշակի մասերի խմբակցություն: Այն իր մեջ ամփոփում է սահմանադրական, քաղաքացիական, վարչական, քրեական, կորպորատիվ եւ այլ իրավունքի ճյուղերի առողջապահությանն առնչվող մասերը։ Ներկայումս կրթական ծրագիրը մասնագիտացված է եւ հետագայում առավել կխորացվի առողջապահության ոլորտի իրավահարաբերությունների դասավանդումը։

-Ձեր կարծիքով՝ ուսանողները հետաքրքրվա՞ծ են առարկայով:

-Կարծում եմ՝ այո։ Հետաքրքրությունը մեծանում է հատկապես հետբուհական կրթության ժամանակ։ Օրինակ, կլինիկական օրդինատուրայում եւ ինտերնատուրայում կրթությունն իրականացվում է հիվանդանոցներում ու կլինիկաներում եւ որոշակի առումներով զուգորդվում է պրակտիկ գործունեությամբ։ Ուսանողներն առնչվելով հիվանդների հետ, իրենք են շահագրգռված իմանալու բժշկի եւ պացիենտի իրավունքներն ու պարտականությունները՝ նախ պաշտպանված լինելու համար, հետո հիվանդի իրավունքները չխախտելու համար։ Այս առումով առարկայի ներդրումը չափազանց արդարացված է։ Ասեմ ավելին, ուսանողները շատ անգամ դիմում են եւ քննարկում ենք մասնավոր դեպքեր, կապված բուժծառայությունների հետ։

– Որո՞նք են առողջապահական իրավական խնդիրները մեր հանրապետությունում:

-Խնդիրներ, իհարկե, կան։ Մենք ունենք առողջապահության ոլորտը կարգավորող օրենսդրություն, սակայն ունենք նաեւ օրենքները եւ այլ իրավական ակտերը լրացնելու, փոփոխելու եւ նոր ակտեր ընդունելու անհրաժեշտություն։ Օրինակ, ներկայումս գործում է «Բժշկական օգնության եւ սպասարկման մասին» օրենքը, որը լիարժեք չի կարգավորում ոլորտը։ Մշակվել է «Առողջապահության մասին» նոր օրենքի նախագիծ, որը դեռեւս չի ընդունվել։ Ծայրահեղ անհրաժեշտ է պարտադիր «Բժշկական ապահովագրության մասին» օրենքի ընդունումը։ Գաղտնիք չէ, որ մեր հանրապետությունում շատ մեծ քանակի են հասել հիվանդությունները, հատկապես՝ դժվարամատչելի։ Թերեւս դա պայմանավորված է մարդկանց սոցիալական, ֆինանսական դժվարություններով։ Այս պարագայում մարդիկ չեն կարողանում գումարներ կուտակել եւ հիվանդության դեպքում վճարել բուժծառայությունների համար։ Խնդիրը կարող է լուծվել պարտադիր բժշկական ապահովագրության ներդրմամբ։ Այսինքն, մարդիկ իրենց աշխատավարձի որոշակի տոկոսը (օրինակ՝ 2 տոկոսը) վճարելով՝ կարող են հանգիստ լինել, որ հիվանդության դեպքում չեն ունենալու բուժծառայության համար վճարելու հոգս։ Եվ ոչ միայն հիվանդության դեպքում, մարդիկ հնարավորություն կունենան պարբերաբար հետազոտվելու։ Ինչպես հայտնի է՝ պարբերաբար հետազոտությունները հիվանդությունները կանխարգելելու լավագույն միջոցն են։ Իզուր չէ, որ առողջապահական սարքավորումներ արտադրող առաջատար երկրներն առավել շատ զարգացնում են հետազոտական սարքավորումների ինդուստրիան։
Խնդիր է նաեւ բուժծառայությունների մատուցման չկանոնակարգված իրավիճակը։ Խոսքն այստեղ իրավական կանոնակարգման մասին չէ։ Հայաստանում բժշկական ծառայությունները մատուցվում են հիմնականում առանց բժշկական պրոտոկոլների (չափորոշիչների)։ Բժշկական արձանագրությունները որոշակի գիտական հենքի վրա մշակված գործնական բժշկության չափորոշիչներ են, որոնց նպատակը բժշկական ծառայությունները միասնական մեթոդներով իրականացնելն է: Որպես կանոն, բժշկական պրոտոկոլները մշակվում են բժշկական մասնագիտացված միություններում (ասոցիացիաներում)՝ պետության կողմից սահմանված կանոններով։ Պրոտոկոլների բացակայության պարագայում բավականին դժվար է, իսկ որոշ դեպքերում գրեթե անհնար է դառնում պացիենտների իրավունքների պաշտպանության հարցը, օրինակ՝ բժշկական սխալը որոշելիս։

Հաջորդը, որի մասին ուզում եմ խոսել, դա եւ իրավական, եւ բարոյական խնդիրներ է պարունակում։ «Բնակչության բժշկական օգնության եւ սպասարկման մասին» ՀՀ օրենքի 5-րդ հոդվածով սահմանվում է, որ բժշկական օգնություն եւ սպասարկում ստանալիս յուրաքանչյուր ոք իրավունք ունի իրազեկ լինել իր հիվանդության մասին։ Սա, թերեւս, պացիենտի անվիճարկելի իրավունքներից մեկն է, սակայն երբեմն այս իրավունքն իրացնելիս կարող են խախտվել պացիենտի այլ իրավունքներ՝ կյանքի եւ առողջության պահպանման իրավունքները։ Այսինքն, բժիշկները, հատկապես ծանր հիվանդությունների դեպքում, պացիենտին իր հիվանդության մասին իրազեկելիս պարտավոր են հոգեբանական մոտեցում ցուցաբերել եւ իրազեկել՝ միգուցե որոշակիորեն պատրաստելով կամ այլ մեթոդներով, որոնց հետեւանքով հիվանդն ավելի վատթար վիճակում չի հայտնվի:
Կարծում եմ՝ վերը բարձրացված հարցերը լուծելի են եւ աստիճանաբար կլուծվեն։

Հարցազրույցը՝
ՌՈՒԶԱՆ ՄԻՆԱՍՅԱՆԻ

«Առավոտ» օրաթերթ
17.07.2014

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031