Լրահոս
Օրվա լրահոսը

Նելի Դուրյան . «Մարզերում ունենք աղջիկներ, ովքեր ոչ թե մարմնավաճառ են, այլ ունեն շեղված վարք»

Հուլիս 21,2014 13:56

Անչափահասների կողմից կատարված հանցագործությունների թիվն այս տարի նվազել է 20-ով: «Եթե նախորդ տարի մենք ունեինք երկու հարյուր տասներկու հանցագործության դեպք, ապա այս տարի նույն ժամանակահատվածի համեմատ ցուցանիշը նվազել է երեսուներկուսով: Իսկ անչափահասների կողմից կատարված հանցագործությունների թիվը կազմում 160՝ նախորդ տարվա 180-ի փոխարեն»,-ասում է ՀՀ ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության, 3-րդ վարչության պետ, ոստիկանության գնդապետ Նելի Դուրյանը: Նա նաև տեղեկացնում է, որ անչափահասների կողմից կատարված հանցագործություններից նվազել են հատկապես գողության, թմրանյութերի օգտագործման, խուլիգանության, մարմնական վնասվածքներ հասցնելու դեպքերն ուսումնական հաստատություններում: «Ինչպես գիտեք, դպրոցներում ունենք վաթսուներկու ոստիկանական տեսուչի հաստիք: Արձակուրդների ընթացքում նրանք նաև ստուգայցեր են անցկացնում քաղաքի կենտրոնում: Այսօր արդեն հայտնաբերել են թափառաշրջիկ անչափահասների»,-ասում է ոստիկանության գնդապետը: Ըստ նրա՝ շատացել են անչափահասների կողմից անօրինական զենքեր կրելու, կողոպուտներ իրականացնելու դեպքերը: «Վերջերս Արարատի մարզում բացահայտեցինք աշխատանքային թրաֆիքինգի մեկ դեպք, երբ չափահաս անձն անընդհատ շահագործում էր անչափահասին»,- հավելում է Նելի Դուրյանը:

Նելի Դուրյանն անչափահասների կատարած հանցագործությունների պատճառը տեսնում է ոչ թե նրանց ընտանիքների սոցիալական վատ պայմանների , այլ դաստիարակության մեջ: «Շատ քիչ դեպքեր կան, երբ անչափահասները հանցանքներ են գործել՝ ելնելով իրենց ընտանիքի սոցիալական ծայրահեղ վիճակից: Հիմնականում անչափահասներն անգիտակցաբար են հանցանք գործում և հետո նոր հասկանում կատարվածի լրջությունը: Օրինակ, երեխան ուզել է ունենալ ճագար և գողության է դիմել»,-ասում է նա:
Անչափահասների կողմից հանցագործություններ կատարած դեպքերով աչքի են ընկնում հատկապես Շիրակի և Լոռու մարզերը: Հարցին, թե այսօր մարզերում «երիտասարդացե՞լ» են նաև մարմնավաճառության դեպքերը, Նելի Դուրյանը պատասխանեց. «Մարզերում ունենք աղջիկներ, ովքեր ոչ թե մարմնավաճառ են, այլ ունեն շեղված վարք: Նրանք սեռական հարաբերություններ են ունենում տարբեր տղաների հետ, ընդ որում՝ անվճար: Խնդիրն այստեղ ոչ միայն աղջիկներն են, այլև նրանց ծնողները: Նրանք տուն չեն ընդունում փողոցում հայտնված իրենց աղջիկներին, վերջիններս էլ չեն ուզում վերադառնալ: Նրանց համար անհրաժեշտ է ստեղծել վերականգնողական հատուկ ծառայություններ (մեկն արդեն ունենք), որոնք բացատրական աշխատանքներ կտանեն թե՛ աղջիկների և թե՛ նրանց ծնողների հետ»»:

Նազենի Բաղդասարյան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031