Լրահոս
Օրվա լրահոսը

«Կապացուցենք, որ մենք միասնական ենք». Ռուբեն Հակոբյանը՝ Սեյրան Օհանյանի հետ հանդիպման մասին

Օգոստոս 04,2014 17:42
ruben hakobyan

«Սահմանային գոտում վերջին զարգացումների հետ կապված նախարարը մեզ որոշ տեղեկություններ հայտնեց: Կարծում եմ, այդ հանդիպումը շատ կարեւոր էր: Բնական է, որ պառլամենտն իր անելիքներն ունի այս հարցում, եւ մենք պայմանավորվեցինք մեր անելիքների շուրջ»,- Aravot.am-ի հետ զրույցում «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանը պատմեց, թե ինչ են քննարկել ՊՆ նախարար Սեյրան Օհանյանի հետ հանդիպման ընթացքում:

Պարոն Հակոբյանի խոսքերով՝ «Բոլորիս համար էլ հասկանալի է, որ ստեղծված իրավիճակն այնպիսին է, որ միասնականություն է պարտադրում քաղաքական ուժերին այս հարցում: Պահի գիտակցումը բոլորի մոտ էլ կա, եւ բոլորիս մոտեցումներն էլ գրեթե նույնն էր, որ կարողանանաք որոշակի միասնականություն ապահովել: Նաեւ ծրագիր կազմեցինք, թե ինչ պետք է անենք առաջիկայում»:

Մեր հարցին՝ Հեղինե Բիշարյանը տեղեկացրեց, որ որոշել եք այցելել սահմանամերձ շրջաններ, դա ի՞նչ կտա, զինվորներին գոտեպնդելու համա՞ր եք որոշել մեկնել, թե՞ հատուկ ծրագիր պիտի իրականացնեք՝պարոն Հակոբյանը պատասխանեց. «Այո, մեր կողմից առաջարկ եղավ, որ միասին լինենք այդ լարվածության կետերում՝ թե՛ հյուսիսային սահմաններում, թե՛ ԼՂՀ-ի սահմանային այն գծերում, որտեղ կա լարվածություն: Տեղում կծանոթանանք իրավիճակին եւ դա այն հարցն է, որ թե՛մեր ներսում, թե՛ ադրբեջանական կողմին ապացուցենք, որ մենք միասնական ենք՝ անկախ քաղաքական տարբեր հարցերի շուրջ մեր դիրքորոշումներից»:

Պարոն Հակոբյանը տեղեկացրեց, որ առաջիկայում խորհրդարանական բոլոր ուժերով հանդես կգան միասնական հայտարարությամբ:

Մեր հարցին՝ առհասարակ խուճապի առիթ կա՞, թե՞ չկա, ի՞նչ տպավորություն ստացաք նախարարի հետ հանդիպումից՝ Ռուբեն Հակոբյանը պատասխանեց, որ մինչ այդ հանդիպումն էլ հասկանալի էր, որ խուճապի հարց չկա. «Ոչ միայն մեր, այլեւ միջազգային լրատվամիջոցները, ըստ էության, բավականին օբյեկտիվ գնահատական են տալիս: Այդ գնահատականը կարծես մեր օգտին է, որովհետեւ հասկանալի է, որ ստեղծված աշխարհաքաղաքական իրողության պայմաններում մեր շահերից չի բխում իրավիճակի սրումը, առավել եւս՝ ադրբեջանական ուժերի ներթափանցելու եւ դիվերսիոն գործողությունները: Հասկանալի է, որ այս արկածախնդրությունը հենց Ադրբեջանի իշխանությունների նախաձեռնությունն է: Այնպես որ, խուճապի հարց չկա: Այլ հարց է, թե ինչ ծրագիր է իրականացնում Ադրբեջանը՝ իսկապես ուզում է լայնածավալ պատերազմական գործողություննե՞ր նախապատրաստել, թե՞ ուղղակի ինչ-որ պլաններ ունեին, որոնք ձախողվեցին, ինչն ակնհայտ է»:

Մեր հարցին՝ հասարակության մոտ որոշակի կասկածներ կան, որ մեր կողմից վիրավորների, զոհերի հետ կապված ամբողջական տեղեկատվությունը չի հաղորդվում, կա՞ նման խնդիր՝ Ռուբեն Հակոբյանը պատասխանեց. «Ես նման կասկած չունեմ: Կարծում եմ, նախարարը բավականին ամբողջական ինֆորմացիա տվեց, որ որեւէ մեկի մոտ կասկած չմնա, թե ինչ-որ բան թաքցվում է: Նաեւ պետք է նկատի ունենալ, որ իսկապես ստեղծված իրավիճակը, այն, ինչ կատարվում է այսօր տարածաշրջանում, աշխարհաքաղաքական այս զարգացումների պայմաններում հայկական կողմը շահագրգռված չի լարվածություն ստեղծելու եւ դիվերսիաներ կազմակերպելու: Մի բան հստակ է՝ այնպիսի իրավիճակ է ձեւավորվել, որ գոնե այս հարցում մենք պետք է միասնական լինենք, որովհետեւ պետության եւ ազգի անվտանգության հարց կա: Իմ կարծիքով, Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությունը փորձում է օգտվել ստեղծված աշխարհաքաղաքական իրողությունից, եւ միակողմանի իրականացնել ձեւավորված ստատուս քվոյի փոփոխության հարցը, ինչն այս պայմաններում հակասում է Մինսկի խմբի սկզբունքներին»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031