Լրահոս
Օրվա լրահոսը

ԲՀԿ-ական պատգամավորի հերթական արկածները՝ Հրազդանում

Օգոստոս 08,2014 15:00

ՀՀ ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Դավիթ Քոչարյանի շուրջ հերթական սկանդալային պատմությունն է հասունանում: Վերջինս ընտրվել է Հրազդանից՝ մեծամասնական ընտրակարգով: Իր խորհրդարանական գործունեության կարճ ժամանակահատվածում այս պատգամավորն արդեն հասցրեց մամուլի ուշադրության կենտրոնում հայտնվել ոչ խորհրդարանական գործունեության շրջանակներում: Նախ՝ մարտի 21-ին մամուլում լուր հրապարակվեց Կոտայքի մարզի Հրազդան քաղաքի խանութներից մեկում ԲՀԿ խմբակցության պատգամավոր Դավիթ Քոչարյանի մասնակցությամբ տեղի ունեցած խուլիգանական դեպքի առթիվ:

Քրեական գործ հարուցվեց՝ ՔՕ 258-րդ հոդվածի 4-րդ մասի հատկանիշներով (Խուլիգանությունը, որը կատարվել է զենքի կամ որպես զենք օգտագործվող առարկաների գործադրմամբ. պատժվում է ազատազրկմամբ՝ չորսից յոթ տարի ժամկետով): Հետագա զարգացումները հանգեցրին նրան, որ «գործը փակվեց»: Ասում են՝ այդ գործի նման ընթացքի համար իր լուման է ներդրել գեներալ-լեյտենանտ, ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Մանվել Գրիգորյանը: Դավիթի համար գեներալի միջնորդությունն է խնդրել վերջինիս զարմիկը՝ Մխիթար Հարությունյանը, ով ԵԿՄ-ում Մանվել Գրիգորյանի տեղակալներից է:

Վերջինս, ի դեպ, նախորդ գումարման խորհրդարանում ներկայացնում էր ԲՀԿ-ն: ԲՀԿ-ում իր բարեկամին տեղավորելով՝ Մխիթար Հարությունյանը սահուն անցավ ՀՀԿ-ի ճամբար:
Դավիթ Քոչարյանի շուրջ ծավալված հաջորդ սկանդալային պատմությունն արդեն ապրիլի կեսերին էր: Այն, նախորդի համեմատ, բավական առնչություններ ուներ Դավիթ Քոչարյանի բուն պատգամավորական գործունեության հետ: Մոտ երկու շաբաթ տեւած «մանդատակռվից» հետո նա շարունակեց մնալ ԲՀԿ խմբակցությունում:

Սկզբում նա դիմում էր ներկայացրել կուսակցությունից հրաժարվելու, ապա՝ մանդատից: Զարգացումները հանգեցրին նրան, որ Դավիթ Քոչարյանը ետ վերցրեց իր դիմումները՝ շարունակելով մնալ ԲՀԿ խմբակցության պատգամավոր: Այս միջադեպերը, սակայն, էականորեն ազդել են վերջինիս ունեցած դիրքի վրա: Եթե նախկինում ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը վստահում եւ տեղ էր տալիս Դավիթ Քոչարյանին, ապա այդ դեպքերից հետո Քոչարյանը հայտնվել է ԲՀԿ-ի լուսանցքում: Գագիկ Ծառուկյանի «լյուբիմչիկն» ու վստահելի անձն այժմ Հրազդանում Տիգրան Ներսիսյանն է, ով մի քանի ամիս առաջ համալրեց ԲՀԿ-ական պատգամավորների շարքը՝ համամասնական ընտրակարգով: Նրա համար Ծառուկյանի մոտ բարեխոսել էին Մոսկվայից ինչ-ինչ հայ հեղինակություններ: Տիգրան Ներսիսյանն, ասում են, բավական կիրթ եւ զարգացած երիտասարդ է: Հրազդանում Գագիկ Ծառուկյանի քաղաքական հենարանն այժմ նա է:

Զգալով, որ «հողն իր ոտքերի տակ երերում է» եւ ամեն պահի կարող է սահել, Դավիթ Քոչարյանը, մեր աղբյուրների փոխանցմամբ, որոշել է առավելագույն օգուտները քաղել դեռ ինչ-որ կերպ պահպանվող իր դիրքից: Վերջերս «Գազպրոմի» Հրազդանի մարզային մասնաճյուղում վիճաբանություն է եղել մասնաճյուղի ղեկավար Գագիկ Փիլիպոսյանի եւ Դավիթ Քոչարյանի միջեւ: Պատգամավորը մի քանի մեքենաներով «գրոհել» է Փիլիպոսյանի ղեկավարած գրասենյակը: Հրազդանում խոսակցություններ են շրջանառվում, որ Դավիթ Քոչարյանը ցանկանում է իր եղբորը տեղավորել «Գազպրոմի» մարզային գրասենյակի ղեկավարի պաշտոնում: Վիճաբանության պատճառը, ըստ մեր աղբյուրի, հենց դա է եղել: Ընդհանրապես, տեղացիներն ասում են, որ Դավիթ Քոչարյանը ոչ միայն այդ գրասենյակում է փորձում եղբորն աշխատանքի տեղավորել. տարբեր փորձեր են լինում՝ որեւէ ազդեցիկ եւ եկամտաբեր ենթակառուցվածքում եղբորը տեղավորելու:

Մեկ այլ վարկածի համաձայն էլ՝ Դավիթ Քոչարյանի եւ Գագիկ Փիլիպոսյանի վեճի պատճառը պատգամավորի եղբայրն է եղել, բայց այլ հարթությունում: Պատգամավորի եղբայրը Ծաղկաձորում հացի արտադրամաս ունի: Մարդիկ խոսում են, որ վերջինս տեւական ժամանակ չի վճարել հացի փռում ծախսած գազի դիմաց, հսկայական պարտքեր են կուտակվել, ինչն էլ Փիլիպոսյան-Քոչարյան վեճի առիթ է դարձել:

«Առավոտի» հետ զրույցում Դավիթ Քոչարյանը հերքեց վիճաբանության մասին մեր տեղեկությունը: Ասաց, որ իր եղբայրը հացի սեփական արտադրամաս ունի, «պետական գործի» ցանկություն չունի, ու ընդհանրապես՝ ինքն առաջին անգամ է լսում այդ մասին: Նա հերքեց նաեւ, որ իր եղբայրը հրաժարվում է վճարել հացի արտադրամասում օգտագործած գազի համար: «Սուտ ա: Ես ըտենց ցանկություն չունեմ, ես գազի գրասենյակում լիքը ընկերներ ունեմ: Հաստատ ըտենց բան չկա, ինֆորմացիա եք տալիս՝ ճիշտ տվեք: Աշխատողներդ լավ չեն աշխատում»,- եզրակացրեց ու եզրափակեց Դավիթ Քոչարյանը:

«Գազպրոմ Արմենիայի»  լրատվական ծառայությունից՝  ի պատասխան «Առավոտի» հարցի, նույնպես հերքեցին Քոչարյան-Փիլիպոսյան վիճաբանության մասին տեղեկությունը:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ

07.08.2014

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031