Լրահոս
Օրվա լրահոսը

Էրդողանը կկարողանա՞ Թուրքիան դարձնել նախագահական կառավարման երկիր

Օգոստոս 11,2014 17:44

Ըստ թուրքագետ Հակոբ Չաքրյանի՝ Թուրքիայի նախագահ դարձած Ռեջեփ Թայիբ Էրդողանը չի բավարարվի ներկայումս Թուրքիայում երկրորդական համարվող նախագահի դերով:

Հիշեցնենք, որ Թուրքիան պառլամենտական երկիր է համարվում, եւ գլխավոր լծակները պառլամենտական մեծամասնության ձեռքում են, ով էլ նշանակում է վարչապետին:

«Նա Գյուլի պես ձեւական դերի չի համաձայնվի, նա կփորձի սահմանադրական փոփոխություններով Թուրքիան դարձնել նախագահական կամ գոնե կիսանախագահական երկիր: Թե որքանո՞վ դա կհաջողվի՝ չեմ կարող ասել»,- ասաց Հ. Չաքրյանը:

«Առավոտի» հարցին՝ արդյոք Էրդողանն արդեն խոսե՞լ է նման հավանականության մասին, թե դրանք պարզապես ենթադրություններ են, պարոն Չաքրյանը պատասխանեց, որ Էրդողանն արդեն ասել է, որ ուզում է սահմանադրական փոփոխություններ անել, սակայն, ըստ թուրքագետի, գլխավոր պրոբլեմն այն է, որ նախագահական կամ կիսանախագահական դառնալու դեպքում Թուրքիայի նահանգներն ավելի մեծ ինքնավարություն կստանան, ինչը, Թուրքիայում առկա քրդական լուրջ խնդրի պարագայում, Թուրքիային սպառնացող խնդիր է, այնպես որ շատերը կընդդիմանան՝ նախագահական երկիր դառնալուն, եթե դա տեղի ունենա նահանգների ինքնուրույնացման եւ նահանգապետերի հզորացման հաշվին:

Հակոբ Չաքրյանը նաեւ կարծում է, որ ընդդիմության հույսերը, թե Էրդողանի՝ նախագահ դառնալով, նրա «Արդարություն եւ զարգացում» կուսակցությունը կկազմալուծվի, ինչպես դա եղավ Թուրգուտ Օզալի «Մայր Հայրենիք» կուսակցության հետ, չեն իրականանա. «Չեմ կարծում, որ Էրդողանի պարագայում դա կարող է լինել: Ուղղակի հիմա գլխավոր խնդիրն այն է, թե ո՞վ կդառնա կուսակցության ղեկավար, որովհետեւ օրենքով Էրդողանը պիտի կուսակցությունից դուրս գա՝ նախագահ դառնալով: Ոմանք Գյուլի անունն են նշում, բայց Գյուլին Էրդողանը չի ուզի, որովհետեւ Գյուլը խարիզմատիկ է, Էրդողանի համար ավելի ընդունելի է Դավութօղլուն: Եթե Դավութօղլուն լինի, էրդողանին կենթարկվի, ու այդպիսով՝ Էրդողանը կզբաղեցնի նախագահի աթոռը, բայց վարչապետինն էլ բռի մեջ կպահի»:

Ինչ վերաբերվում է նրան, թե ինչպես կազդի Էրդողանի՝ նախագահ ընտրվելը տեղի հայերի վրա, ըստ Չաքրյանի՝ ոչինչ էլ չի փոխվի, որովհետեւ նախորդ տարիներին էլ, ըստ էության, երկրի քաղաքականությունը հենց Էրդողանն էր որոշում, Գյուլը «նոմինալ» նախագահ էր:

Որպես Էրդողանի կողմից ձեռնարկված որոշ դրական քայլեր, Հակոբ Չաքրյանը նշեց համայնքային խլված կալվածքների մի մասի վերադարձը համայնքին: Բացի այդ, եթե նախկինում չէր թույլատրվում կտակել սեփականությունը համայնքին, ազգային հիվանդանոցին կամ եկեղեցուն, եւ եթե ժառանգ չունեցող հայը (կամ որեւէ այլ ազգային փոքրամասնության ներկայացուցիչ) մահանում էր, ապա նրա սեփականությունը պետությանն էր անցնում, ապա Էրդողանի օրոք թույլատրվեց, որ մահացողի կամքով այդ սեփականությունը նվիրաբերվի, ժառանգվի համայնքին:

Իսկ ընդհանուր առմամբ, ըստ թուրքագետի, Թուրքիայում խնդիրները բազմաթիվ են՝ սկսած արտաքինից՝ Սիրիայի, Եգիպտոսի, Իրաքի հետ ահավոր լարված հարաբերությունները, Հայաստանի հետ փակ սահմանները, Եվրամիության ճնշումները, վերջացրած ներքինով՝ Թուրքիայում ամենամեծաթիվ քաղբանտարկյալներն են, աշխարհում առաջին երկիրն է այդ առումով:

Բացի այդ, իսլամիստ Էրդողանը սկսել է պետությունը խառնել կրոնի հետ՝ մզկիթներ է կառուցել տալիս անգամ ծովափերին, գնում մտնում է մզկիթ, աղոթում է, թուրքական հեռուստաեթերում գլխաշորերով կանայք են սկսել մեծամասնություն կազմել, իսկ թուրքական հանրային հեռուստատեսությամբ մոլլան այնպիսի բաներ է խոսում, որ խելքի մոտ չէ. «Մի կին հեռուստատեսային հաղորդման ժամանակ մոլլայից հարցրեց, թե ի՞նչ կասի այն մասին, որ հղի կանայք փողոց են դուրս գալիս, մոլլան էլ պատասխանել է՝ ի՞նչ իրավունք ունի հղի կինը փողոց դուրս գա, հայտարարի, որ իր ամուսնու հետ կենակցել է, հիմա էլ երեխա է սպասում, հղի կինը նույնիսկ պատշգամբ դուրս գալու իրավունք չունի: Ահա այսպիսի բաներ են ցույց տալիս թուրքական հանրային հեռուստատեսությամբ»:

Մելանյա ԲԱՐՍԵՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031